ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՇԱՁՈՂ
Փոխգնդապետ Կարեն Գասպարյանը երկու տասնամյակից ավելի զինված ուժերում է։ 15 տարեկան էր, երբ ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այնուհետև վճռեց ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգի մասնագիտությամբ։
Փոխգնդապետն ունի ծառայողական հարուստ կենսագրություն՝ առաջնագծից մինչև թիկունքային զորամաս։
-Կարևոր չէ, թե որ ստորաբաժանման կազմում ես կատարում զինվորական պարտքդ, կարևորն այն է, որ անմնացորդ նվիրվես հայրենիքիդ,- ասում է փոխգնդապետ Գասպարյանը:
Փոխգնդապետը մշտապես ձգտում է կատարելագործել մասնագիտական որակներն ու հմտությունները։ Հենց այդ նպատակով էլ վերջերս մասնակցել է զինված ուժերի բարեփոխումների շրջանակում իրականացվող ատեստավորման գործընթացին:
-Քանի որ ատեստավորումը մասնագիտական գիտելիքներն ու ֆիզիկական պատրաստվածությունը ևս մեկ անգամ ստուգելու հնարավորություն է, ուստի որոշեցի ուժերս փորձել: Ու ստացվեց,- ասաց փորձառու սպան:
Կարեն Գասպարյանը կրակային, ֆիզիկական, շարային ու մասնագիտական պատրաստությունից ատեստավորման քննությունները հանձնել է «գերազանց»:
Ըստ փոխգնդապետ Գասպարյանի՝ ատեստավորումը մեծ ոգևորություն է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ այն նպաստում է զինծառայողի բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Պարետային ծառայության ավագ սերժանտ Արման Թովմասյանը նույնպես ատեստավորման բացարձակ գերազանցիկ է։ Արմանը ժամկետային ծառայությունից հետո է համալրել ռազմական ոստիկանների շարքերը և մեծ պատասխանատվությամբ է շարունակում ծառայությունը։
-Ծառայությունն ինձ համար սեր է դեպի Հայրենիքը: Համազգեստ կրողը պետք է նվիրումով ծառայի և իր բարեխիղճ ծառայությամբ նպաստի հայրենիքի սահմանների ամրապնդմանը,- անկեղծանում է ավագ սերժանտը:
Արմանը պատասխանատու է զինծառայության կարգի պահպանման, զինվորականների խախտումները կանխարգելելու համար։ Ամենօրյա ռեժիմով ավագ սերժանտը շրջում է մարզի տարածքում, խնդիրներ հայտնաբերելու դեպքում զեկուցում վերադասին…
Արմանը նպատակասլաց երիտասարդ է, մտադիր է ամբողջ կյանքը նվիրել զինված ուժերին, նպաստել բանակում իրավապահ համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և այդ նպատակով այժմ շարունակում է ուսումը։ Սովորում է իրավաբանի մասնագիտությամբ:
Արմանի հաջողությունները ծառայության մեջ արդեն իսկ քիչ չեն։ Ունի ֆիզիկական գերազանց մարզավիճակ, մասնագիտական հարուստ գիտելիքներ, ինչն էլ հիմք է դարձել, որ ատեստավորման բոլոր քննությունները հաղթահարի անխոչընդոտ։
Արմանը ուրախ է, որ այժմ արդեն ստանում է բարձր աշխատավարձ ու նաև բարելավել է մասնագիտական որակները:
Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով են կատարում իրենց գործը ռազմական ոստիկանության երկու զինծառայողները։ Երկուսն էլ համոզված են՝ ատեստավորումը ոչ միայն ֆինանսական խրախուսման միջոց է, այլև ճանապարհ է հարթում առավել մարտունակ ու բանիմաց, առավել արհեստավարժ զինվորական դառնալու համար։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ազգային բանակ