Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵՐԿՄՏԵԼ՝ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ



ՉԵՐԿՄՏԵԼ՝ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ– Հավսար, զգաստ: Շարքային Չովիշյան, դուրս գալ շարքից երկու քայլ,- լսվում է հրամանատարի ձայնը:

Եվ ջոկի կազմում ուսումնական խնդիր կատարող ու ֆիզիկական հմտությունները բարելավող շարքային Չովիշյանը անմիջապես, վարժ ու սահուն կատարում է հրամանը:

Նվերը, որ մեկ ամիս է, ինչ ծառայում է խաղաղապահ բրիգադում, ընտրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ձևաչափը՝ ժամկետայինից անցնելով պայմանագրային զինվորական ծառայության 5 տարի ժամկետով։

– Երբ 2022 թվականին զորակոչվեցի բանակ, այս ծրագիրը նոր էր, գալիս էին մեզ մոտ, մանրակրկիտ ներկայացնում այն: Ծանր ու թեթև անելուց հետո, հայրիկիս խորհրդով ու հորդորով որոշեցի շարունակել ծառայությունս հենց այս ծրագրով։ Շատ լավ հնարավորություն է: Այն իր առավելություններով ու սոցիալական բազմաթիվ արտոնություններով բացառիկ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր զինվորականի՝ ծառայելով հայրենիքին, միևնույն ժամանակ լինել և ընտանիքին մոտ և ունենալ բարձր աշխատավարձով աշխատանք,- ասում է նա:

Վեց ամսվա զինվոր էր Նվերը, երբ տեղափոխվեց ուսումնական կենտրոն: Կոփեց մարմինը, շարային, մարտավարական ու կրակային պատրաստության հմտություններ ձեռք բերեց ու կատարելագործեց, հասավ գերազանց մարզավիճակի: Արդյունքում՝ ջանասեր երիտասարդը, դրսևորելով բացարձակ առաջադիմություն, ծրագրի ամփոփիչ քննությունները հանձնեց գերազանց:

– Ուսումնական փուլը թեև դժվար էր, բայց մեզ շատ բան տվեց։ Շատ էինք գնում հրաձգարան, կրակում: Ամեն օր ժամերով սովորում, պարապում ու մարզվում էինք, դրա համար էլ քննությունները կարողացա լավ հանձնել,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Նվերը:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի ուսումնական փուլի քննությունները փայլուն հանձնելով՝ նա ծառայության վայր ընտրեց խաղաղապահ բրիգադը։

Երիտասարդ զինվորականի ռազմական ոլորտի լավ մասնագետ դառնալու և բանակի մարտունակության ամրապնդման գործում ներդրում ունենալու ձգտումն ակնառու է.

– Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև ինձ դուր է գալիս։ Կդառնամ լավ մասանգետ ու կպաշտպանեմ մեր հայրենիքը,- վստահեցնում է Նվերը, որի հայրը նույնպես ծառայում է Խաղաղապահ բրիգադում:

Ավագ Չովիշյանը, լինելով արցախյան ազատագրական պայքարի ու 44-օրյա պատերազմի մասնակից, շատ է հուզվել, երբ իմացել է, որ որդին հաղթահարել է քննական շեմը:

– Ծառայության մեջ էի, երբ զանգեցին և ասացին, որ տղաս անցել է բացարձակ գերազանց արդյունքներով։ Երբ ասացի՝ տղես, կգամ, մի լավ քեֆ կանենք, նա կես կատակ-կես լուրջ պատասխանեց. <պապ, ես կանեմ, ես արդեն քեզնից բարձր աշխատավարձ եմ ստանում>,- այդ երջանիկ պահն է հիշում Արամայիս Չովիշյանը:

Թե ավագ, թե կրտսեր Չովիշյանների համար ծառայությունը սուրբ առաքելություն է։ Երկուսն էլ միաբերան շեշտում են՝ մեկը մյուսին փոխլրացնելով ու թև ու թիկունք լինելով անձնվիրաբար ու պատվով կկատարեն իրենց խաղաղապահ առաքելությունը:

Մերօրյա հայրենյաց պաշտպանի հավատամքն այսպիսին է՝ ցանկացած պահի լինել առաջնագծում, եթե կա դրա անհրաժեշտությունը: Նվերի երկարամյա ծառայության փորձ ունեցող հայրիկի հորդորն է բոլոր զինվորներին՝ պահել ու պաշտպանել հայրենի սահմաններն աչքի լույսի պես ու չերկմտել՝ դառնալ հայրենյաց պաշտպան՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ


17/07/2023