Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՕրերս ուսումնական կենտրոնում ավարտվեցին ժամկետային զորակազմի եզրափակիչ քննությունները։

Վազքը ֆիզիկական պատրաստության առաջին չափորոշիչն էր, որ հանձնեցին հակաօդային պաշտպանների նոր հերթափոխի զինծառայողները։ Վազքուղում ակնհայտ դարձավ, որ տղաները նախանձախնդրորեն են պատրաստվել քննական կարևոր փուլին և ֆիզիկական գերազանց մարզավիճակում են։

Ուսումնական հրաձգարանում մեկ այլ ստորաբաժանում սպասում էր իր կրակելու հերթին: Երբ ազդարարվեց հրաձգության սկիզբը, տեսնել էր պետք, թե ինչ արագությամբ և անվրեպ կրակոցով են մեկը մյուսի հետևից խոցվում հայտնվող թիրախները։

Վեց ամսից էլ քիչ ժամանակ է տևել մասնագիտական պատրաստությունը։ Այս ընթացքում ուսումնական զորամասի անձնակազմը ջանասիրաբար օրուգիշեր սովորել, մարզվել է որպես  օդային սահմանի ապագա պահապան։

Եվ ահա եկել է ժամանակը սովորածը կյանքի կոչելու գործնականում՝ քննությունների ժամանակ: Եվ կուրսանտները առաջին հերթին հուսախաբ չեն անում իրենց հրամանատարներին՝ բարձր միավորներով հանձնելով քննությունը, քանզի հասկանում են, թե որքան պատասխանատու զորատեսակ են ներկայացնելու զինված ուժերում։ Մինչև գլխավոր ու վերջին փուլին անցնելը, ժամկետայինները ցուցադրեցին նաև շարային կարողությունները՝ շարային քայլք, զինվորական կեցվածքի ընդունում, հրամանատարին ողջունելուց մինչև շարային երթով անցնելու ունակություններ։

Աջ դարձ, ձախ դարձ, հետ դարձ. խրոխտ ու հատու հրամաններ են լսվում շարահրապարակի այս ու այն կողմերից:

ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԵկավ հրաձգության պահը, ինչն ամենապատասխանատու և, միգուցե, դժվարին փուլն է, սակայն ամենասպասվածն ու ամենակարևորը կուրսանտների համար։

Անբարենպաստ եղանակային պայմաններում էին ընթանում քննությունները, սակայն կուրսանտները վարպետորեն կատարեցին առաջադրանքը՝ ժամանակին ու դիպուկ խոցելով թիրախները:

Բոլորն էլ հաղթահարեցին դժվարությունները, մի մասը՝ գերազանց, մյուսները՝ լավ գնահատականներով։ Հանձնաժողովը, որի կազմում ԶՈւ վարչությունների սպաներն են, գոհ է անձնակազմի կարողությունից, պատրաստության վիճակից։

-Քննություններն ավարտվեցին եւ զինծառայողներին տրվեց տասնօրյա արձակուրդ։ Տասն օր անց կվերադառնան, կներկայանան հրամանատարին ու կուղևորվեն այն զորամաս, որը վիճակահանությամբ հայտնի է դարձել դեռ զորակոչի ժամանակ։ Կծառայեն, մարտական հերթապահություն կիրականացնեն՝ հսկելով մեր հայրենիքի օդային սահմանները:

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ազգային բանակ


03/07/2023