Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՎԵՑ ՈՒ ԼՈՒՅՍ ԲԵՐԵՑ



ԾՆՎԵՑ ՈՒ ԼՈՒՅՍ ԲԵՐԵՑԽուրշուդյանների ընտանիքում ծնվեց 44-օրյա պատերազմում անմահացած Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը: Փոքրիկն իր ծնունդով Խուրշուդյանների ընտանիքում լույս բերեց, նրանց ապրելու հույս տվեց: Հովհաննեսի ծնունդը շատ սպասված էր։

– Սենիկիս զոհվելուց հետո ես և կինս որոշեցինք երեխա ունենալ, որ ապրելը գոնե իմաստ ունենա: Հենց այդ նպատակով ուխտի գնացինք Սուրբ Հովհաննես։ Աստված լսեց մեր խնդրանքը և ծնվեց մեր բալիկը, որին ի պատիվ սրբի, անվանակոչեցինք Հովհաննես,- ասաց մերօրյա հերոսի հայրը՝ Հակոբ Խուրշուդյանը:

Թեև մայրը ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն պայքարեց ու լույս աշխարհ բերեց փոքրիկին:

-Հղիության ինն ամիսներին Սուրբ Հովհաննեսը մեզ օգնեց, ուժ տվեց։ Հիմա մեր ընտանիքում տխրության ու ցավի հետ նշմարվում է նաև երջանկություն և ապրելու ցանկություն,- ասաց նորածնի մայրը՝ տիկին Հրանուշը:

ԾՆՎԵՑ ՈՒ ԼՈՒՅՍ ԲԵՐԵՑՀովհաննեսը նման չէ ոչ Սենիկին, ոչ էլ  իր երկու քույրերին, ասում է հայրը և հավելում՝ թեև Սենիկի բացակայության պատճառով են որոշել նորից որդի ունենալ, բայց նրա մեջ իրենց անմահացած տղային չեն փնտրում:

Ցավն անչափելի է, բայց հայրը վստահ է՝ որդու կիսատ գործը պետք է շարունակեն նոր սերունդները, նաև փոքրիկ Հովհաննեսը, որին արդեն պատմում են եղբոր սխրանքների մասին:

– Ինչպես Սենիկին, Հովհաննեսին էլ  դաստիարակելու ու մեծացնելու ենք նույն հայրենասիրական ոգով, հայրենիքն անսահման սիրելու գաղափարով,- վստահեցնում են ամուսինները:

Խուրշուդյանների ընտանիքը վստահ է՝ միայն ծնունդներով, ապրելով ու արարելով  կարող ենք ոտքի կանգնել ու առաջ շարժվել:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Ճակատագրեր


06/04/2023