Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՇԱԹԱՂ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ



«ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՇԱԹԱՂ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ2020 թվականի պատերազմից անցել է ավելի քան 2 տարի, բայց, թվում է` երեկ էր, որ Քաշաթաղում էինք։ Տարիներ շարունակ ապրելով տարբեր բնակավայրերում, քաշաթաղցիները ինտեգրվեցին Հայրենիքի ազատագրված հատվածի թեև դժվարին, բայց երանելի կյանքին։ Իհարկե, հեշտ չէր ավերակների միջից հառնելու ուղին, սակայն ո՞վ է ասել, թե դժվարությունները երբևէ վախեցրել են հայրենասերներին, աշխատասերներին, խենթերին։ Գրեթե 30 տարի քաշաթաղցիները արարեցին, կերտեցին իրենց միջավայրը, իրենց նոր կյանքը, ինչքան գանձեր բացահայտեցին։ Ամեն անկյուն պատմական մի հուշ ու վկայություն է տեղանքի հայկական լինելու մասին։ Եվ այսպես սկսվեցին բացահայտումների տարիները։ Հնաբնակ քաշաթաղցիներն իրենց գործունեության ընթացքում հանդիպեցին պատմական շատ հուշարձանների, որոնց մի չնչին մասն էր մինչ ազատագրումն ուսումնասիրվել հայ հնագետների կողմից: Շատ հուշարձաններ դարձան քաշաթաղցիների սիրելի վայրերը, ուր հաճախ էինք այցելում արշավական մեծ ու փոքր խմբերով՝ Ծիծեռնավանք, Մկնատամի Խաչ, Կատոսավանք, Հոչանցի անապատ… Այս հուշարձանները մեզ համար գանձեր էին, որոնք պատկանում էին մեզ, որոնց մասին պատմում էինք  և հպարտանում, երբեմն տխրում, որ միայն մեզ են հայտնի։ Մեծերը պատմում էին այս կամ այն խաչքարի, տապանաքարի, եկեղեցու, վանքի, վանական համալիրի մասին, և մենք՝ երեխաներս, լսում էինք կլանված ու կախարդված, փորձում մտապահել ամեն մանրուք։ 2020 թվականի սկզբին ես և քույրս, չնայած ուսմանը և աշխատանքին, որոշեցինք գնալ հայրենի Բերձոր։ Միգուցե ճակատագրի նախախնամությամբ, համավարակի արգելքները գնալով խստացան և երկարեցին Երևանում, և մենք մնացինք Բերձորում մոտ 5 ամիս։ Այդ  ամիսներին արշավների էինք գնում քաշաթաղյան հուշարձաններ… Ավարտվեց քովիդը, սկսվեց պատերազմը… Այժմ քաշաթաղցին զրկված է հայրենի բնաշխարհում ազատ շրջելու հնարավորությունից, մենք մեր հայրենիքում զբոսնում ենք հուշերում, հայրիկիս լուսանկարներում, որոնց հերթական ցուցահանդեսը կայացավ դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում։ Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից-ազատամարտիկ, լուսանկարիչ,  լրագրող հայրս՝ Զոհրաբ Ըռքոյանը, Քաշաթաղի շրջանում բնակվելու և ավելի քան 25 տարի ապրելու ընթացքում հասցրել է վավերագրել տարածքում գոյություն ունեցող բազում պատմական հուշարձաններ՝ վանք ու եկեղեցի, մատուռ ու խաչքար, տապանաքար, կամուրջ ու ջրաղաց, ամրոց ու բնակատեղի, դամբարան ու դամբարանադաշտ, նաև՝ բնության գեղեցիկ տեսարաններ։ Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ 2021 թ. «Յոթը սարի ետևում» հայրենաճանաչ մրցույթի շրջանակներում, կայացավ այս հուշարձանների մի մասի լուսանկարների ցուցադրությունը, որը «Հայկական Քաշաթաղ» խորագրով էր և տևեց 10 օր։ Յուրաքանչյուր օր նույն հուշարձաններին վերաբերող դասախոսություններով հանդես եկան գիտնականներ։ Նշեմ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթին 2020 թ. Արցախից միայն քույրս՝ Գայանե Ըռքոյանը մասնակցեց՝ ներկայացնելով Քաշաթաղի շրջանի Աղավնո գետի ափին գտնվող Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին և արժանացավ մրցանակի։ Ներկա ցուցադրությունը կայացավ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի և Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանի աջակցությամբ։ Ներկաներին ողջունեց ու ցուցահանդեսի բացումը հայտարարեց թիվ 40 դպրոցի տնօրեն Լ. Մուրադյանը։ Տեղեկացրեց՝ ցուցահանդեսը նվիրված է Քաշաթաղի շրջանի կազմավորման 29-ամյակին։ Կարևորեց նման միջոցառումների դերը կորուսյալ հայրենիքը չմոռանալու համար։ Հույս հայտնեց՝ կգա օրը, և կրկին մերը կլինեն մեր հայրենիքը, պապերի թողած ժառանգությունը։ Զ. Ըռքոյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակը նոր սերունդներին Հայկական Քաշաթաղի մասին պատմելն է, ինչպես նաև քաշաթաղցիներին մեկ հարկի տակ հավաքելը։ Նա ցավով նշեց, որ իր ազատագրած Քաշաթաղի պատմամշակութային բոլոր կոթողներն այս պահին ադրբեջանցիների տիրապետության տակ են։ «Թոնդրակ» արշավական ակումբի ղեկավար, պատմաբան Գոռ Ղազարյանը ցուցահանդես այցելելուց հետո ասաց. «Ըռքոյանն Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից է՝ սկսած 1989 թվականից մինչև մեր օրեր։ Նրա լուսանկարներում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, որը մի հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ է։ Այսօր մենք հուսավառ հավատով լցված, համոզված ենք, որ ամբողջ հայությամբ Մերան ենք լինելու և Վահան ենք լինելու՝ միշտ հզոր և միասնական»։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2023 թ. փետրվարի 22-ը։ Տեղեկացնեմ նաև՝ շուտով Մայր Աթոռի կողմից կհրատարակվի Զ. Ըռքոյանի հեղինակած «Հայկական Քաշաթաղը» գիրք-ալբոմը։

 

ՎԱՐՍԵՆԻԿ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Հոգևոր-մշակութային


15/12/2022