Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ



ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՏՈՒՄԻ

 

Տումին Արցախի հնագույն բնակավայրերից է։ Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշարձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։ Անտառախիտ լեռներով, հանքային ջրերով, սառնորակ աղբյուրներով ու բազմաթիվ պատմական հուշարձաններով հարուստ գեղատեսիլ Տումին գտնվում է Իշխանագետի վտակ Շնաքար գետի ափին, Դիզափայտ լեռան ստորոտին։

Գյուղը հիմնադրվել է 15-րդ դարում, երբ Լենկ Թեմուրի ավերիչ արշավանքներից հետո շրջակա յոթ գյուղերի ողջ մնացած բնակիչները միավորվել են ու նոր շեն են կառուցել նախկին արքայանիստ բնակավայրի ավերակների վրա։ Պատահական չէ, որ Տումիի բնակիչները իրենց բազմաթիվ սրբատեղիների անունները կապել են թագավորի անվան հետ՝ Թագավորի աղբյուր, Թագավորի գերեզման, Թագավորի պալատ և այլն։

Իշխանանիստ Տումիի թիկունքում Դիզակի իշխանների գերեզմանոցն է, որից վերև՝ մի առանձնացած սարահարթի վրա, պահպանվում են շինության բեկորները։ Տեղացիները ավանդաբար դրան անվանում են Թագավորի պալատ։ Հիշյալ շինությունից քիչ վերև՝ բլրի վրա, գտնվում է մի ավերված մատուռ և տապանաքար՝ Թագավորի գերեզմանը։ Մակար արքեպիսկոպոս Բարխուդարյանի կարծիքով՝ դա Գագիկ իշխանի գերեզմանն է։ Թագավորի պալատից հյուսիս՝ ձորում, պահպանվում է սրբատաշ քարով կառուցված Թագավորի աղբյուրը։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾԳյուղի հարավային կողմում Կարմիր եկեղեցին է (կամ՝ Կարմիր Խաչը)։ Մինչև պատերազմը եկեղեցին կիսաքանդ էր։ Եկեղեցու լուսամուտի կամարին կար մի արձանագրություն, որը վկայում էր, որ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում (1000 թվականին)։ «Ի ՆԽԹ (1000) թվին Հայոց ի թագավորութեանս տեառն Գագիկա՝ որդու Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի տուն Աստծու»։ Արձանագրություն ունեցող քարն այժմ պահպանվում է Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Փաստորեն, Գագիկի քույր Սոփին նույնպես վկայում է Արցախի հարավային հատվածում գոյություն ունեցած թագավորության մասին։ Մոխրագույն կրաշաղախով և կրաքարերով կառուցված եկեղեցուց պահպանվել էր միայն մեկ պատը, որի ներսում կար մի խաչքար և Ք.Ա. 2-1 հազարամյակներին թվագրվող դամբարանաբլուրներ։

…Տումիի գյուղամիջում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում։ 19-րդ դարում եկեղեցին հիմնովին վերանորոգվել է՝ արտաքին պատերը բարձրացրել են, տանիքը՝ թիթեղապատվել, բարեկարգվել է շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի մեջ փորագրվել է նորոգման (ոչ կառուցման) թվականը՝ 1868 թ.։ 19-րդ դարի վերջերին եկեղեցին գործել է և ունեցել է երկու քահանա։ Ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ եկեղեցին նույնպես կառուցվել է տեղական կապտատաշ գորշ ավազաքարով, որձաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են մուտքի ճակատամասի, լուսամուտների, որմնասյուների, կամարների և արտաքին պատերի անկյունների քարերը։ Խորհրդային տարիներին Տումիի Սուրբ Հովհաննես եկեղեցին անխղճաբար գործածվել է իբրև հացահատիկի պահեստ, և նույնիսկ ձևափոխություններ են կատարվել…

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՏումի գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք, հյուսիսից հարավ թեքված բարձր, անմատչելի ժայռի վրա նկատելի են բերդի պարիսպների մնացորդներ, բազմաթիվ հղկված քարերի կույտեր, բնակատեղիների և պաշտպանական օժանդակ այլ շինությունների հետքեր. Ղլենքար բերդն է, որը կավե խողովակներով ջուր է ստացել 800 մ ցած գտնվող աղբյուրից։ Ենթադրվում է, որ ամրոցն ունեցել է գաղտնի մուտք, որի տեղն անհայտ է։ Ղլենքար բերդից հյուսիս գտնվում է Թաղալ աղբյուրը։ Տեղացիների վկայությամբ՝ այս աղբյուրը, որի ջուրն ունի չորս տարբեր աստիճաններ՝ կապված տարվա եղանակների հետ, շատ հին ժամանակ թշնամիներից քողարկված, թաքցրած և հատուկ կավե խողովակներով գետնի տակից հասցվել է մինչև Գորոզ կոչվող բերդի մուտքը։ Աղբյուրի անունը՝ Թաղալ, կապված է թաղված, քողարկված, գաղտնի աղբյուր լինելու հետ։

Տումին ժամանակին նաև արքունական բաղնիք է ունեցել։ Այն Տումիից դեպի Ճոխտ Պըռվածառի (Զույգ Պառավածառ) վանքը տանող ճանապարհի վրա էր, անտառաշատ բացատի հանքային աղբյուրի մոտ։ Այստեղ ժամանակին Դիզակի իշխանության առողջարանն էր, բաղնիք-բուժարանը։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾԳյուղի հայտնի հուշարձանների թվում կարևոր տեղ ունի նաև Խուտը Դռե վանքը, որը ուխտատեղի էր թե՛ արցախցիների և թե՛ Արցախ այցելած ուխտավորների համար, ովքեր հավատում էին վանքի զորությանը եւ ուխտի էին գալիս սրբավայր։

Տումին հայտնի է իր հնագույն կամուրջներով, որոնք լավ են պահպանվել և հասել են մինչև մեր օրերը։ Միակամար Հայկազնի կամուրջը (Երի Իգյակուց) կառուցվել է Իգյակ գետի վրա։ Պահպանված վիմագիր արձանագրության համաձայն՝ այն 18-րդ դարի պատմական հուշարձան է։ Կամուրջը կապում էր Վարանդայի գավառը Գտչավանքին և Կատարոյի վանքին։ Այսօր այս երեքն էլ՝ Կատարոյի վանքը, Գտչավանքը և այս հնագույն կամուրջը անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հնագույն կամուրջներից հայտնի է նաև  Ջրվանեսը (Ջարվանես) որը կառուցվել է Տումի գետի վրա։ Հորինվածքային և կառուցողական առանձնահատկություններով բնորոշ է 12-13-րդ դարերին։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾՏումի գյուղից 4 կմ հյուսիս, բլրի գագաթին կան հին գյուղատեղիի ավերակներ, գերեզմանաքարեր, ցիր ու ցան եղած խաչքարեր։ Տումի գյուղի բնակիչները ավերակ եկեղեցին և բլուրը կոչում են Ստեփնոցենց (Ստեփանոսենց) խութ անունով։ Իսկ գյուղից 3 կմ արևմուտք գտնվում է մեկ այլ հնավայր՝ Խտրոխութը։ Այստեղ նույնպես հին եկեղեցու ավերակներ են, բնակելի տների փլատակներ և ընդարձակ գերեզմանատան հողմնահարված տապանաքարեր։ Հնավայրից արևելք Վարդապետի աղբյուր կոչվող հուշարձանն է։

Հադրութի շրջանի Տումի գյուղում են ծնվել անվանի լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը, որի անունով էր անվանակոչվել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, և բանաստեղծ Բոգդան Ջանյանը։

Տումին 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո է…

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1453) 12.10.2022 - 18.10.2022, Հոգևոր-մշակութային


14/10/2022