Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ

Խիստ գաղտնի համակարգիչը կորել է Թայվանի ռազմածովային ուժերին պատկանող վերջին սերնդի հածանավից: Փաստի առթիվ Թայվանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը հետաքննություն են սկսել: «Սթելս» տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված «Կուան Հուա-6» հածանավը համարվում է երկրի ամենաժամանակակից ռազմանավը: Խիստ գաղտնի տվյալներ պարունակող նոութբուկի կորուստը նավի անձնակազմը նկատել է մայիսի վերջին Ցզոին նավահանգստում, ռազմածովային ուժերի գլխավոր բազայում:

ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալությունը (DGA) մինչև տարեվերջ զորքեր կմատակարարի հետևակի նոր զրահամեքենա, որը հատուկ մշակվել է «ապագայի զինվորի» FELIN հանդերձանք ունեցող զինծառայողի համար: Նոր զրահամեքենաները համալրված են կապի ժամանակակից համակարգերով և այլ սարքավորումներով, հարմարեցված են FELIN հանդերձանքին ներմիացված մարտկոցները լիցքավորելու համար: 25մմ-անոց թնդանոթով զինված ՀՄՄ-ն կարող է տեղավորել տասնմեկ «ապագայի զինվորի»: Նոր զրահամեքենան ցուցադրվել է հունիսի 11-15-ը Փարիզում անցկացվող Eurosatory-2012 ռազմական արտադրանքի ցուցահանդեսում:

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական, բրիգադի գեներալ Ալի Շամշիրին հայտարարել է, որ Իրանը իր հզորությամբ դարձել է աշխարհում հինգերորդ կամ վեցերորդ տերությունը: Գեներալն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը առաջնորդվում է պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական դոկտրինով, և բանակը պաշտպանական բնույթի նորագույն սպառազինությամբ համալրելու հարցում Իրանը գերազանց դիրքերում է:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՐԹԻՌՆԵՐԻՑ

Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու նպատակով: ՀՀՊ համակարգերի գնման մրցույթը Թուրքիան հայտարարել է դեռ 2009թ.: Հաղթողի հիմնական հավակնորդներն են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները` PAC-3 Patriot համակարգերով, եվրոպական SAMP/T-ն Aster 30 հրթիռներով, ռուսական C-300-ը և C-400-ը, ինչպես նաև չինական HQ-9` C-300B-ի փոփոխված տարբերակը:

ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ

Թեև հայ ժողովուրդը շատ մեծ ավանդ ուներ նախկին ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերի ստեղծման ու զարգացման գործում, այնուամենայնիվ, կայսրության փլուզումից հետո այդ զորատեսակի ունեցվածքից գրեթե ոչինչ չստացավ։ Մինչդեռ, հաշվի առնելով ժամանակի հրամայականը, ռազմական ավիացիայի հայ մասնագետները, ապավինելով սեփական ուժերին, ձեռնամուխ եղան խիստ անհրաժեշտ զորատեսակի ստեղծման աշխատանքներին։ Շրջափակման մեջ գտնվող մեր երկիրը դժվարությամբ ձեռք բերեց և տեղ հասցրեց առաջին ուղղաթիռներն ու ինքնաթիռները, ստեղծվեց օդաչուների, մասնագետների պատրաստման սեփական դպրոցը՝ թռիչքատեխնիկական ուսումնարանը։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՏՐՎՈՒՄ

Պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանի տարածքը ամենադաժան կռիվների թատերաբեմ է եղել, որտեղ փայլուն հաղթանակների հետ ունեցել ենք նաև ցավալի կորուստներ. շրջանի մի շարք բնակավայրեր դեռևս հեծում են ադրբեջանական գերության մեջ, իսկ տեղերից տարհանված բնակիչները աշխարհով մեկ սփռված՝ աչքները հետդարձի ճամփին, սպասում են թե կգա՞ բաղձալի օրը, երբ իրենք կվերադառնան ու նորից կկենդանացնեն իրենց երբեմնի շեն բնօրրանը։ 1992թ. Մարտակերտը քանիցս ձեռքից ձեռք է անցել և վերջնականապես ազատագրվել միայն նույն թվականի հուլիսի 23-ին։ Այս տարի լրանում է այդ պատմական իրադարձության 20 տարին։ Մարտակերտը տարեցտարի ծաղկում ու բարգավաճում է, բնակչության թիվն էլ գնալով ավելանում է ոչ միայն ծնելիության, այլև ներգաթողների շնորհիվ։

ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ՎԱՏ ԵՂԱՆԱԿԸ... ԿԱՄ «ՄԵՏԵՈՍՎՈԴԿԱ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բոլորովին վերջերս, ծանոթանալով գործարար Վահագն Սահակյանի հետ, հյուրընկալվեցի նրա քեռու` Սարիբեկ Հովհաննիսյանի համեստ օջախում։ Եվ ինչպես պարզվեց` ոչ ինքնանպատակ: Ժամանակին, երբ նա եռանդուն, ասող-խոսող մարդ էր, իրավունք չուներ ինքն իր մասին` իր անցյալի ու ներկայի մասին որեւէ բան պատմելու (հրամայված էր լռել), եւ երբ երկու տարի առաջ ոչ անհայտ կազմակերպությունից եկան ու իննսունի շեմը ոտք դրած ծերունուն ասացին, թե ինքն այլեւս գաղտնազերծված է եւ կարող է ազատորեն արտահայտվել, Սարիբեկ Հովհաննիսյանն այժմ արդեն Աստծո կամոք կորցրել էր վարժ խոսելու ունակությունը, ուստի նորից շարունակեց լռել…