Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

1960թ. Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում կայացած հանդիպման ավարտից հետո երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ և վազեցին դեպի մրցավարը: Վերջինս վախեցած հազիվհազ իրեն գցեց հանդերձարան: Սակայն երկրպագուները կոտրեցին դուռն ու մոտեցան անկյունում վախից կծկված ու դաժան դատաստանի սպասող մրցավարին: Պարզվեց, որ երկրպագուները պարզապես ցանկացել են… շնորհակալություն հայտնել նրան` գերազանց մրցավարության համար:

«ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏԸ» ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ

Վերջին երեք տարիներին Ռուսաստանը հաստատել է սպառազինության գնման նպատակով շուրջ 7 միլիարդ դոլարի արտահանման վարկավորում: Այդ մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Նա նշել է, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ. արտահանման վարկերի տրամադրման մեխանիզմները համեմատաբար նոր են ձևավորվել, և այդ հարցում իրենք շատ են զիջում Չինաստանին: Իսայկինի գնահատմամբ՝ արտահանման տարեկան կտրվածքով վարկավորմամբ զենք գնողների մասնաբաժինը մեծ չէ, քանի որ վարկերը երկարաժամկետ են, իսկ մատակարարումները ձգվում են մի քանի տարի:

ՀՐԴԵՀ ՍՈՒԶԱՆԱՎՈՒՄ

Ռազմական նավաշինարանում նորոգման կանգնած ամերիկյան «Մայամի» ատոմային սուզանավում բռնկված հրդեհի պատճառը շինարարական փոշեծծիչն է: Դա են փաստել մայիսի 23-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սկսված հետաքննության նախնական արդյունքները: Փոշեծծիչով ամեն օր աշխատանքից հետո պարզապես մաքրել են սրահները: Հրդեհը շարունակվել է մի քանի ժամ, անձնակազմի և հրշեջ ծառայության անդամներից մի քանիսը տուժել են: Մի քանի բաժանմունքներ ամբողջովին ոչնչացվել են կրակից: Հայտարարվել է, որ սուզանավի ատոմային ռեակտորը և հրթիռային սպառազինությունը չեն տուժել:

ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ

Խիստ գաղտնի համակարգիչը կորել է Թայվանի ռազմածովային ուժերին պատկանող վերջին սերնդի հածանավից: Փաստի առթիվ Թայվանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը հետաքննություն են սկսել: «Սթելս» տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված «Կուան Հուա-6» հածանավը համարվում է երկրի ամենաժամանակակից ռազմանավը: Խիստ գաղտնի տվյալներ պարունակող նոութբուկի կորուստը նավի անձնակազմը նկատել է մայիսի վերջին Ցզոին նավահանգստում, ռազմածովային ուժերի գլխավոր բազայում:

ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալությունը (DGA) մինչև տարեվերջ զորքեր կմատակարարի հետևակի նոր զրահամեքենա, որը հատուկ մշակվել է «ապագայի զինվորի» FELIN հանդերձանք ունեցող զինծառայողի համար: Նոր զրահամեքենաները համալրված են կապի ժամանակակից համակարգերով և այլ սարքավորումներով, հարմարեցված են FELIN հանդերձանքին ներմիացված մարտկոցները լիցքավորելու համար: 25մմ-անոց թնդանոթով զինված ՀՄՄ-ն կարող է տեղավորել տասնմեկ «ապագայի զինվորի»: Նոր զրահամեքենան ցուցադրվել է հունիսի 11-15-ը Փարիզում անցկացվող Eurosatory-2012 ռազմական արտադրանքի ցուցահանդեսում:

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական, բրիգադի գեներալ Ալի Շամշիրին հայտարարել է, որ Իրանը իր հզորությամբ դարձել է աշխարհում հինգերորդ կամ վեցերորդ տերությունը: Գեներալն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը առաջնորդվում է պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական դոկտրինով, և բանակը պաշտպանական բնույթի նորագույն սպառազինությամբ համալրելու հարցում Իրանը գերազանց դիրքերում է:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՐԹԻՌՆԵՐԻՑ

Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու նպատակով: ՀՀՊ համակարգերի գնման մրցույթը Թուրքիան հայտարարել է դեռ 2009թ.: Հաղթողի հիմնական հավակնորդներն են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները` PAC-3 Patriot համակարգերով, եվրոպական SAMP/T-ն Aster 30 հրթիռներով, ռուսական C-300-ը և C-400-ը, ինչպես նաև չինական HQ-9` C-300B-ի փոփոխված տարբերակը: