Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ

Արաբական պետությունների լիգան երեք օր ժամանակ է տվել Սիրիայի ղեկավարությանը բնակչության դեմ բռնությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում պետության դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:
Կազմակերպության` Մարոկկոյում անցկացված նիստից հետո այդ մասին հայտարարել է Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ Թանին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է արյունալի բռնաճնշումներ` ընդգծելով, որ երկրի զեկավարությունը չափն անցել է:

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԿՐՃԱՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նամակ է ուղարկել հանրապետական երկու սենատորների` Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին, որով խնդրել է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` Պենտագոնի բյուջեի ոչ պլանային կրճատումներ թույլ չտալու համար:
Պանետտան նշել է, որ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը մշակում է դաշնային բյուջեն առաջիկա տասը տարիներին 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագիր, և եթե մինչև նոյեմբերի 23-ը այդ հանձնաժողովը որոշում չընդունի, կրճատումների մի մասը ինքնաբերաբար բաժին կհասնի պաշտպանության նախարարությանը:

ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել նոր զինատեսակի փորձարկումների ժամանակ: Այդ զենքով Իրանը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել Իսրայելին:
Ֆիրուզաբադին նոր զենքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ փորձարկումների արդյունքները Իսրայելի համար շատ տխուր հետևանքների կարող են հանգեցնել: Միևնույն ժամանակ նա կրկին բացառել է ԱՄՆ կամ Իսրայելի դիվերսիոն ուժերի կողմից պայթյունն իրականացնելու վարկածը:

ՀԵՐԹՆ ԱԼԺԻՐԻ՞ՆՆ Է

Բազմաթիվ փորձագետներ միանգամայն իրական են համարում լիբիական հեղափոխությունն Ալժիր արտահանելու վերաբերյալ սպառնալիքները, որ հնչեցնում են Լիբիայում փաստացի տեր ու տնօրինություն անող իսլամական զինված խմբավորումները: Վերջիններս պնդում են, որ Ալժիրի զինված ուժերի հրամանատարությունը կամովին չի հանձնի իշխանությունը, իսկ երկրի նախագահ Բուտեֆլիկան լոկ խաղալիք է նրանց ձեռքում: Լիբիական որոշ զինված կազմավորումների ղեկավարներ համոզված են, որ հարևան երկրում ընթանում են հեղափոխական խմորումներ, և դրանց աջակցելու նպատակով հրապարակայնորեն անգամ խոսում են արդեն նոյեմբերին հարձակում սկսելու մասին:

«ՀԶԲՈԼԼԱՀՆ» ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԼՐԻՎ ԶՈՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍԵԼ

Արձակուրդում գտնվող բոլոր մարտիկները վերադառնում են, իսկ կազմակերպությունը հայտարարել է հազարավոր աշխարհազորայինների իր շարքերն ընդունելու մասին: Բոլորի համար հայտարարվել է պատրաստականության երկրորդ աստիճան, որի դեպքում բոլոր գրոհայինները հրամանը ստանալուց 12 ժամ անց կարող են սկսել մարտական գործողություններ:

ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԳԵՐԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը Նիգերիայի իշխանություններից պահանջել է վերանայել թշնամական որոշումը և Լիբիային հանձնել Քադաֆիի որդուն` Սաադիին, ում Նիգերիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել: Խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդելհաֆիզ Խոջան հայտարարել է, որ Նիգերիան չպետք է ապաստան դառնա հանցագործների համար:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ Սիրիայում արյունահեղությունը չդադարեցնելու դեպքում Անկարան ստիպված կլինի դիմել այդ քայլին, իսկ մինչ այդ սառեցնում է Սիրիայում նավթահանքերի յուրացման խոշոր ծրագիրը:
Փորձագետների պնդմամբ, Անկարայի նման որոշումը իրագործվելու դեպքում լուրջ ազդեցություն չի ունենա Սիրիայի էներգաապահովման վրա, քանի որ բացի սեփական էլեկտրակայանների արտադրանքից, Սիրիան էլեկտրաէներգիա է ստանում նաև Հորդանանից ու Լիբանանից: