Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԵԼԵՆԱ ԿՈԶԼՈՎԱՆ` ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ելենա Կոզլովան, որ վերջին մեկ տարում ղեկավարում էր պաշտպանության նախարարության ֆինանսական վերահսկիչ տեսչությունը, իսկ մինչ այդ ՌԴ հարկային դաշնային ծառայության պետի տեղակալն էր, նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Կոզլովան ծնվել է 1965 թվականին, ավարտել Լենինգրադի Էնգելսի անվան խորհրդային առևտրի ինստիտուտը, 1993 թվականից աշխատել հարկային մարմիններում:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ԱՎՐՈՐԱՅԻՆ» ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԹԻՎ 1 ՆԱՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են «Միասնական Ռուսաստան» շարժումը, դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Ավրորա» հածանավին վերադարձնել երկրի ռազմածովային նավատորմի թիվ մեկ նավի կարգավիճակը:
«Ավրորան», որը 1956 թվականից համարվում է Կենտրոնական ռազմածովային թանգարանի յոթ մասնաճյուղերից մեկը, կարող է զրկվել պատմական հուշարձանի կարգավիճակից և վերածվել զվարճանքի վայրի:

ԲՈՒՐԴԵՆԿՈՅԻ ԱՆՎԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ՍԵՐԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԻՂԾ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Զինվորական բժիշկ, մայոր Տոպոլսկին, որը կասկածվում է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բազմաթիվ գործողություններ կատարելու համար, ձերբակալվել է ծառայության վայրում:

ՂԱԶԱԽ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ

Աֆղանական պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպությունների «Ղազախստանի վետերաններ» ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մտահգությունն է հայտնում երկրի սահմանապահ զորքերում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի ու կարգապահական ցածր մակարդակի համար, որը, նախկին զինծառայողների կարծիքով, արդեն վտանգել է Ղազախստանի Հանրապետության սահմանների պաշտպանվածությունն ու երկրի անվտանգությունը, ինչպես նաև սպառնում է երկրի ներքին կայունությանը:

2 ՏԱՐՈՒՄ 114 ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ԷԻՆ ԳՈՂԱՑԵԼ

Չեչնիայում տեղակայված զորամասերից մեկի ֆինանսական ծառայության պետը, զորամասի հաշվապահը և հարկային դաշնային ծառայության միջշրջանային տեսչության արտագնա ստուգումների բաժնի ավագ պետական տեսուչը դատապարտվել են համապատասխանաբար 5, 8 և 9 տարի ազատազրկման` 2008-2009 թվականներին զորամասի գանձարկղից շուրջ 114 միլիոն ռուբլի գումար հափշտակելու համար:

ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ

Բելգրադի դատարանը երեկ Հարավսլավիայի ժողովրդական բանակի և սերբական ռազմականացված կազմավորումների 14 նախկին մարտիկի 1991-1995 թվականների ընթացքում խորվաթների դեմ գործած ռազմական հանցագործությունների համար դատապարտել է ընդհանուր առմամբ 128 տարվա ազատազրկման: Դատարանն ապացուցված է համարել նրանց մեղսակցությունը 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առնվազն 70 խորվաթ քաղաքացիական անձանց սպանություններին:

ՆԱՏՕ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստում կազմակերպության անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ դատապարտել են սիրիական ՀՕՊ ուժերի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը` միջադեպը որակելով որպես «անընդունելի» և Դամասկոսից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար: