Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի մասնագետների կանխատեսմամբ ռուսական ճակատային հեռանկարային կործանիչի (Т-50) մշակման ծրագրի շրջանակներում մինչև 2050թ. կարտադրվի առնվազն 1000 մարտական մեքենա:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերից բացի, շուրջ 250 ինքնաթիռ կպատվիրի Հնդկաստանը: Հավանական գնորդների թվում նշվում են նաև Բրազիլիան, Արգենտինան, Ալժիրը, Վենեսուելան, Վիետնամը, Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ղազախստանը, Չինաստանը, Սիրիան (ընդհանուր առմամբ մինչև 388 ինքնաթիռ): Կենտրոնի մասնագետները չեն բացառում նաև այն տարբերակը, որ պատվիրատուների թվում կհայտնվեն արևմտաեվրոպական երկրներ:

Սակայն ռազմական որոշ մասնագետներ վերլուծական կենտրոնի կանխատեսումները չափազանց լավատեսական են համարում: Նրանց կարծիքով Լատինական Ամերիկայի երկրները այսօր ռուսական սպառազինություն են գնում բարենպաստ քաղաքական իրադրության շնորհիվ, և այդ երկրներում ղեկավարության փոփոխվելու դեպքում հնարավոր է նրանք կտրուկ հրաժարվեն ռուսական զենքից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջերս այդ ուղղությամբ ռուսական արտահանողները խոշոր ձախողում ունեցան` Բրազիլիան հրաժարվեց ՍՈՒ-35 կործանիչներից:

Իսկ Չինաստանը գրեթե դադարեցրել է պատրաստի արտադրանքի գնումները Ռուսաստանից` նախապատվությունը տալով առաջավոր տեխնոլոգիաների ձեռքբերմանը: Բացի այդ, Չինաստանը հինգերորդ սերնդի նորագույն կործանիչի սեփական մշակում է իրականացնում, և կասկածելի է, որ ռուսական ինքնաթիռ գնի:

Առայժմ հայտնի չէ նաև նորագույն կործանիչի վերջնական գինը, իսկ եթե հաշվի առնենք, որ ինքնաթիռում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, այն հաստատ բարձր կլինի: Ցանկում նշված պետությունների մի մասը ֆինանսական առումով այնքան հզոր չէ, որ կարողանա մեծ ծախսեր կատարել:
Այնպես որ, շատերը պարզապես լուրջ չեն ընդունում կենտրոնի բերած տվյալները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


02/09/2011