Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԵԼ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԵԼ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻԱրեւմտյան Հայաստան, Դերջան գավառ, սբ. Ապրանից վանք: Գնում ենք այնտեղ: 

Հեռվում՝ սարի գագաթին, արդեն երեւում են աշխարհի ամենաբարձր խաչքարերը: Յուրաքանչյուրը 6,5 մետր է, նրանցից հետո սբ. Դադիվանքի ժանեկանման հրաշքներն են: Ասես ժամապահներ են` հավերժ կարգված Ապրանից վանքի ու այդ ամբողջ տարածքի վրա:

Իջնելով մեքենայից` ճանապարհը շարունակում ենք ոտքով: Բարկ արեւ է, ու ծարավն սկսում է զգացնել: Ահա եւ վանքը` կաթնագույն քարից կառուցված, շքեղ ու հոյակապ: Միայն որոշ տեղերում պարիսպներն են կործանված, իսկ վանքը… վանքը կանգուն է… թեեւ ժամ ու պատարագ չկա, ոչ էլ խաչ կա  վանքի վրա: Մուտքի աջ ու ահյակ կողմերում մեծ-մեծ տառերով արձանագրություններ են, անվնաս արձանագրություններ, այն էլ` մարդաբոյ բարձրության վրա… զարմանալի է: Մուտքի կամարի մի քարը չկա… Երեւի` խաչ է եղել փորագրված:

Այս վանքը մոմաբույր ու խնկաբույր պիտի լիներ, մինչդեռ ներսում գարշահոտ է:

Կանգուն վանքի ներսը հոշոտված է. խանդակներ ու խրամատներ են փորված. պարզ է` ոսկի են փնտրել…

Մոռացանք ծարավը… անարցունք լացն էր տանջում մեզ… Ուզում ես գոռալ աշխարհի երեսին` կաթնագույն քարով կառուցած հոյակերտ տաճարը փարա՞խ պիտի ծառայի, բարբարոս ցեղի հետնորդների համար մակաղատեղի՞ դառնա… Իսկ վանքի դեմ դիմաց հորդաբուխ աղբյուր է… Տե՛ր Աստված, ինչո՞ւ, ի՞նչ խղճով ես ջրում անօրենի հոտը… Թե՞ քեզ համար միեւնույն է:

Անօգնական, անելանելի վիճակից դուրս գալ չէր լինում…

Մեզ մոտ մոմեր կային, մեծ քանակությամբ մոմեր` գնված Հայաստանում: Առանց պայմանավորվելու, մենք էլ չիմացանք ինչպես, սկսեցինք վառել մոմերը ու դնել ուր պատահի: Վառվում էին մոմերը, կայծկլտում ու փորձում իրենց լույսով փարատել դարավոր խավարը, իսկ խնկաբույր ծուխը մի պահ պարուրեց ողջ վանքը: Ասես խեղդվող վանքը մի պահ խոր շնչեց ու կենդանացավ, ուրախացավ, որ չի մոռացվել… դեռ կարող է ապրել:

Ծարավը հագեցնելուց հետո բարձրանում ենք դեպի խաչքարերը… Ո՜վ սարսափ, նրանք երեքն են եղել, մեկն ընկած է, ջարդված, իսկ մյուս երկուսը` կանգուն… Կարծես` զարկված ֆիդայի է, անթաղ, բայց երբեք չմեռնող, իսկ այն երկուսը քարացած ժամապահներ են, որ թույլ չտան ավելին անել: Արձանագրություններն անվնաս են խաչքարերի վրա: Հավանաբար, փրկվել են, քանի որ բարբարոսը կարդալ չի իմացել, չի հասկացել իմաստը: Կամ էլ որեւէ մեկը հասկացել է, որ ոսկու առվակ կարող է հոսել իրենց գրպանը չոչնչացնելու դեպքում:

Նայում ենք խաչքարերից դեպի հեռաստան, ասես Մինասն է եղել այստեղ, նայել Մեղրագետին, նրա ծաղկած ավազանին,  հորիզոնին ձուլվող ոսկե արտերին ու… վրձնել է, վրձնել Հայաստանը:

Ակամա սարսուռ զգացի այդ տապին,  երբ հանկարծ մտածեցի, թե ինչո՞ւ է վանքն այդպես անտեր, խաչքարերը` ժամապահ դարձած… Չկան տերերը, այն արարող ձեռքերը, այն կառուցող ձեռքերը, որ շեն էին պահում երկիրը…

Չի հնչում պատարագը, որ հոգիդ փառավորվի, ձուլվի Աստծու հետ, որ հոգիդ ճախրի հրեշտակների հետ…

Դաշտերում չի հնչում հորովելը, որ մեղմիկ ելեւէջները թռչեն-միանան հովին ու պարուրեն սարերը:

Սարսռացի ակամա. չգիտեմ ինչո՞ւ, համեմատեցի Տաթեւի հետ, Հաղպատի ու Գեղարդի հետ, Նորավանքի ու Խոր Վիրապի հետ… Էջմիածնի հետ…

Չէ՛, հա՛յ մարդ, ոչ մի պայմանով չլքես հայրենիքդ, անտեր չթողնես նրան, չթողնես, որ ագռավները թագավորեն, ինչպես Ողական ամրոցի ավերակների վրա…

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ուսուցչուհի

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Հոգևոր-մշակութային


07/12/2017