Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ ԶՈՒ ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական  պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողությունների միջոցով և ներառում է համալիր պաշտպանություն զանգվածային խոցման  զենքերից (ԶԽԶ): Այն օպերատիվ-մարտավարական և հատուկ միջոցառումների համախումբ է, որ իրականացվում են ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի (ուժերի) կորուստները բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու և գործողությունների ժամանակ նրանց առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու, գերճշգրիտ և այլ տիպի զենքերից զորքերի (ուժերի) պաշտպանության մակարդակը բարձրացնելու,  ինչպես նաև հրամանատարության կողմից առաջադրված մարտական խնդիրների կատարումն ապահովելու և հակառակորդի անսպասելի հարձակմանը արդյունավետ կերպով դիմակայելու ու հրանետային միջոցներով խոցելու նպատակով:

ՌՔԿՊ ստորաբաժանումների գործողությունների բնույթը կախված է իրադրության պայմաններից և լուծման ենթակա խնդիրներից:

ՌՔԿՊ զորքերի հիմնական խնդիրներն են՝

1) հակառակորդի կատարած միջուկային պայթյունի գրանցում,

2) ռադիացիոն, քիմիական և ոչ սպեցիֆիկ կենսաբանական (մանրէաբանական) հետախուզում,

3) զորքերի (ուժերի) պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից (ԶԽԶ), ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտների վթարի կամ ավերման՝ խոցման գործոններից,

4) թիկունքի օբյեկտների և զորքերի քիմիական և դոզաչափական հսկողություն,

5) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատում և բացահայտում,

6) զորամասերի (ստորաբաժանումների) հատուկ քիմիական մշակում,

7) ճանապարհների, տեղանքի հատվածների, համազգեստի, սպառազինության, մարտական և այլ տեխնիկայի, մարտապաշարի և դրանց նյութական միջոցների ապաակտիվացում, գազազերծում, ախտահանում,

8) ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում,

9) ՌՔԿՊ զորքերի պաշարների, սպառազինության և պաշտպանական միջոցների սարքին վիճակում պահպանման, ինչպես նաև անսարք միջոցների նորոգում,

10)  զորքերի ապահովում ՌՔԿՊ սպառազինության և պաշտպանական միջոցներով,

11)  ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովում,

12) մասնագետների պատրաստում (վերապատրաստում):

Վերը ներկայացված խնդիրների համարժեք և արդյունավետ լուծման համար ՌՔԿՊ զորքերում աշխատանքներ են տարվում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կազմման  ուղղությամբ. հստակ արտացոլվում են ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործման, ՌՔԿՊ զորքերի և այլ զորատեսակների համատեղ աշխատանքների համադասման ու կառավարման արդյունավետության մեծացման, ինչպես նաև ՌՔԿՊ զորքերի ռեզերվի, սպառազինության և միջոցների պահեստային պաշարների ստեղծման հստակ առաջարկություններ՝ ներկայիս իրողության հաշվառմամբ:

Կարևորելով ՌՔԿՊ մասնագետների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը՝ յուրաքանչյուր տարի «Բաղրամյան» զորավարժարանում   ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության կողմից պլանավորվում  և անցկացվում են ՌՔԿՊ զորամասերի (ստորաբաժանումների) ճամբարային հավաքներ: Հավաքի շրջանակում անձնակազմը հասու է դառնում արդի ժամանակակից սարքերի գործածման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում զորքերի գործողությունների բնույթին, ինչպես նաև տարերային աղետների ժամանակ անհետաձգելի աշխատանքների իրականացմանը միտված գործողություններին: Ճամբարային հավաքի վերջում անցկացվում են մարտավարամասնագիտական զորավարժություններ՝ խաղարկելով ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակներին բնորոշ  առանձին դրվագներ:

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զարգացման հիմնական ուղղություններն են. նախ՝ ՌՔԿՊ տեխնիկայի, սպառազինության և սարքերի արդիականացումը, տեղական արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավումը վարակազերծման լուծույթների արտադրության և ռեցեպտուրաների կազմակերպման գործընթացում:

Երկրորդ՝ ՀՀ տարածքում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հետախուզման ցանցի ստեղծումը, որը հնարավորության կտա ՀՀ-ում ՌՔԿՊ վտանգավոր օբյեկտներում վթարի կամ ԶԽԶ կիրառման դեպքում արագ ազդարարելու շահագրգիռ կազմակերպություններին, զորամասերին և իրականացնելու հետևանքների վերացման աշխատանքներ: Եվ երրորդ՝ համագործակցությունը ԱՊՀ և արտասահմանյան այլ երկրների, միջազգային կառույցների հետ՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով:

Այսպիսով՝ ՌՔԿՊ զարգացման գործընթացը նպատակաուղղված է միջազգային փորձի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը:

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության

բաժանմունքի պետ