Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ



ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸՍկիզբը՝ նախորդ համարում

Զրույց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

Պարոն Գրիգորյան, ինքնասպանությունների քանակը 2016թ. բանակում ոչ մեծ չափով, բայց ավելացել է: Որո՞նք են այս իրողության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

– Նախ՝ նշեմ, որ վերջին 50 տարիներին ամբողջ աշխարհում ինքնասպանությունների թիվը աճել է 60%-ով։ Ինքնասպանությունների հիմնախնդիրներով զբաղվում է ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը, որի տվյալներով` յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ երկրագնդի վրա ինչ-որ մեկը ինքնասպանություն է գործում, և դրանց տարեկան թիվը կազմում է ավելի քան 900.000 մարդ։ Հաշվարկվել է ինքնասպանությունների 800 դրդապատճառ և դրանց կատարման 80 եղանակ, որ միմյանցից էապես տարբերվում են: Տղամարդկանց շրջանում կատարվող ինքնասպանությունների թիվը չորս անգամ ավելի է կանանց համեմատությամբ։ Վերջին տասնամյակում ինքնասպանությունների թիվը աճել է երեք անգամ:

Այս մանրամասն տեղեկությամբ ուզում եք ասել, որ ինքնասպանությունների աճը օբյեկտի՞վ երևույթ է: Բայց չէ՞ որ բանակում ինքնասպանությունների դրդապատճառները պայմանավորված են ներքին խնդիրներով, և դրանք վերացնելով՝ կարելի կանխել այդ ողբերգությունը:

-Քրեական գործերի վերլուծությունները ցույց են տվել, որ զորքերում ինքնասպանության պատճառ կարող են դառնալ զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային փոխհարաբերությունները և անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, ադապտացիոն շրջանում նորակոչիկի հոգեբանական կայունության ցածր մակարդակով պայմանավորված խնդիրները, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությամբ պայմանավորված վախը, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումը և այլն։ Իսկ ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից կատարված գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առհասարակ ինքնասպանությունների շարժառիթ են դառնում հոգեկան հիվանդությունները կամ խանգարումները, սոցիալական պայմանները, անբուժելի երկարատև ծանր հիվանդությունները, ընտանեկան անախորժությունները, մերժված սերը, ծնողի անբարո վարքը, ամուսնական անհավատարմությունը, նարկոլոգիական հիվանդությունները և այլն:

Այս շարժառիթները կարո՞ղ են լինել բանակում:

– Այո՛, ես հենց դա էի ուզում ասել՝ այս շարժառիթների մի մասը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ նաև բանակում, օրինակ՝ մերժված սերը, ծնողի վարքը, ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան անախորժությունը հարազատների միջև, ընտանիքի սոցիալական պայմանները….Այսինքն՝ բանակում կատարվող ինքնասպանությունների դրդապատճառները պայմանավորված չեն միայն ներքին խնդիրներով, ինչպես Դուք եք ասում, և համաշխարհային միտումները չենք կարող անտեսել:

Նման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը բավական երկար է տևում` մինչև մեկ տարի, երբեմն ավելի: Ինչը անվստահության, կասկածների պատճառ է դառնում: Ի՞նչն է պատճառը:

-Նախաքննության ժամկետի ձգձգվելու հիմնական պատճառն այն է, որ քրեական գործերով հետմահու դատահոգեբանական, իսկ երբեմն էլ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունները նշանակվում են քրեական գործով նախաքննության ավարտական փուլում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ պարզելուց հետո: Իսկ նշված փորձաքննություններն էլ, իրենց բնույթից ելնելով, կատարման որոշակի ժամկետներ են պահանջում:

Գրեթե բոլոր քրեական գործերով քննության ընթացքում տուժողի իրավահաջորդները չեն համաձայնում կատարված քննչական գործողությունների արդյունքներով ձեռք բերված ապացույցների և գործի փաստական հանգամանքների հետ և, հակառակ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, նշում են, որ իրենց որդուն սպանել են, որ նա ինքնասպան լինելու որևէ պատճառ չի ունեցել:

Դա կարելի է հասկանալ. մարդիկ ինքնասպանությունը համարում են մերժելի արարք և չեն ուզում, որ ստվեր ընկնի իրենց հարազատի հիշատակի վրա:

-Եվ քննիչներին հանիրավի մեղադրում են ոչ լիարժեք աշխատանքի կամ միտումնավոր կատարած անօրինականության համար: Նրանք մշտապես իրենց ենթադրությունները փորձում են ներկայացնել իբրև իրականություն և պնդում են այդ դիրքորոշումը քրեական դատավարության բոլոր փուլերում: Դրա հետևանքով թյուր կարծիք է ձևավորվում` թե քննիչն օբյեկտիվ քննություն ապահովելու համար բավարար միջոցներ չի ձեռնարկում, փորձելով թաքցնել մեկ այլ զինծառայողի մեղքը: Սկսվում է դիմում-բողոքների հեղեղը, ելույթները տարբեր լրատվամիջոցներով…. Ինչը անդրադառնում է նաև բանակի հեղինակության վրա:

Մինչդեռ, կան դեպքեր, երբ տուժողի իրավահաջորդները, կատարելով, այսպես ասած, իրենց քննությունը, պնդում են, որ, ճիշտ է, մահացու վնասվածքը զինծառայողը ստացել է իր գործողությունների հետևանքով, բայց ոչ թե ինքնասպանության նպատակով, այլ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով:

Մահվան ելքով դեպքերը պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` մարտական կորուստներ, այսինքն` զինծառայողներ, որոնք զոհվել են հակառակորդի ոտնձգության հետևանքով, և ոչ մարտական կորուստներ՝ որոնք մահացել, զոհվել են, Ձեր բառերով ասած, «խաղաղ պայմաններում»: Այս խումբն իր հերթին պայմանականորեն բաժանվում է ենթախմբերի` սպանություն, ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը, մարտական ծառայություն կրելու, զենքի հետ վարվելու կանոնների խախտման, անդամախեղման հետևանքով առաջացած մահեր, ծառայության հետ կապված ավտովթարի, ականի պայթյունի, դժբախտ պատահարի, հիվանդությունների հետևանքով առաջացած մահեր:

2016թ. ընթացքում արձանագրված ոչ մարտական կորուստները 2015թ. համեմատությամբ աճել են շուրջ 30 %-ով, ընդ որում, այդ դեպքերի 35 %-ը տեղի է ունեցել ապրիլին, ինչը վկայում է, որ աճը պայմանավորված է կրկին ապրիլյան դեպքերով:

Պարոն Գրիգորյան, բանակում կատարված հանցագործությունների համար պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն հանցանքը հեղինակած զինծառայողները, այլև նրանք, ովքեր պարտավոր էին հսկել անձնակազմին, կատարել համապատասխան կանխարգելիչ աշխատանք ու փակել վերահաս հանցանքի ճանապարհըՀամաձա՞յն եք:

– Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները բլանկետային բնույթ ունեն, այսինքն` քրեական պատասխանատվությունը վրա է հասնում, եթե խախտվել են զինված ուժերի կանոնադրություններով սահմանված նորմերը, որոնք բերել են հանցավոր հետևանքների, իսկ եթե խախտման բնույթն այնպիսին է, որ անձը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել, ապա, հետագայում դրանք կանխելու համար վարույթն իրականացնող քննիչը համապատասխան միջնորդագիր է ներկայացնում իրավասու պաշտոնատար անձանց և մասնակցում դրա հրապարակային քննարկմանը:

Պետք է նշեմ, որ ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում՝ դրանց կանխման նպատակով առաջարկություններ են ներկայացվել պաշտպանության նախարարություն և ԶՈՒ գլխավոր շտաբ: Ներկայումս Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում են նախորդ տարիների նույնաբնույթ դեպքերի ուսումնասիրությունները, որոնց արդյունքները և համապատասխան առաջարկությունները ևս կներկայացվեն ՊՆ, ԶՈւ և այլ շահագրգիռ ատյաններ:

 

Շարունակելի

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Բանակ և հասարակություն


16/08/2017