Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՑՈՂ ԵՎ ԱՆԽՈՑԵԼԻ



ԽՈՑՈՂ ԵՎ ԱՆԽՈՑԵԼԻԶրույց զորամասի հրամանատար, գնդապետ ՎԱՀԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, ի՞նչ իրավիճակ է այժմ երկրի հյուսիսարեւելյան սահմաններին:

-Որտեղ հակառակորդի հետ սահման ունենք, այնտեղ ամեն պահի հնարավոր է ամենաանկանխատեսելի սադրանքը: Մենք սրա ականատեսն ենք արդեն երկու տասնամյակից ավելի, ու եթե այս պահին հարաբերական անդորր է, դա մեզ իրավունք չի տալիս գոնե փոքր-ինչ նվազեցնելու զգոնությունը:

-Ես հիշում եմ, որ հատկապես 2015 թ. վերջին ամիսներին այստեղ կրակոցները չէին դադարում, նույնիսկ կրակեցին խաղաղ բնակչության վրա: Իսկ 2016 թ., եթե չհաշվենք ապրիլյան դեպքերի հետ կապված լարվածությունը և հունվարի 28-ի դիվերսիան, ավելի հանդարտ անցավ:

-Ես կարծում եմ՝ քառօրյա պատերազմից առաջ երկրի տարբեր հատվածներում հակառակորդի ակտիվությունը նպատակ ուներ մեր ուշադրությունը շեղելու ապրիլյան գործողությունների ամենաթեժ տարածքից: Այո՛, կարող էինք ասել, որ 2016 թ. համեմատաբար հանդարտ էր երկրի հյուսիսարևելյան սահմանին, եթե չլիներ հունվարի 28-ին` բանակի տարեդարձի օրը, հակառակորդի դիվերսիոն հարձակումը: Թշնամու մոտ 10 հոգանոց դիվերսիոն խումբը կարողացավ ներթափանցել մեր տարածք: Հպարտությամբ պիտի նշեմ, որ իմ երկու զինվորները մեկ սպայի հետ զինվորական արհեստավարժության, խիզախության ու նվիրումի փայլուն օրինակ ցույց տվեցին՝ առանց զոհերի հետ մղելով հակառակորդի հարձակումը եւ 10 հոգանոց խմբին ստիպելով փախչել եկած ճանապարհով:

-Նման հաղորդագրությունները եզակի չեն, բայց այս մեկը մնաց հիշողությանս մեջ: Ձեր տարածքում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը մեկ օրվա ընթացքում խախտել էր 400 անգամ: Այսինքն` 400 անգամ կրակել էր մեր ուղղությամբ: Հաղորդագրությունն ավարտվում էր հետեւյալ տողերով` հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Պատկերացրեք, այս հաղորդագրությունը հնչում է հեռուստատեսությամբ, տարբեր հեռուստաալիքների լուրերով, եւ հայ հասարակ քաղաքացին իր տանը նստած լսում է այն: Ու նրա ուղեղում բնական հարց է ծագում` ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանել հակառակորդին:

-Մեր լռությունը կարող է տարակարծությունների տեղիք տալ, քանի դեռ չգիտես իրականությունը: Ադրբեջանական բանակում ինքնագործունեությամբ կարող են զբաղվել ե՛ւ հարբած սպան, ե՛ւ սեփական շվաքից վախեցած զինվորը: Ու նման անհասցե ու աննպատակ կրակոցներին պատասխանելը ոչ մի իմաստ չունի:

-Իսկ ինձ թվացել է, թե ադրբեջանցիները կրակում են սեփական ժողովրդին ու զինծառայողներին ոգեւորելու նպատակով՝ ստեղծելով տպավորություն, թե իրենք են դրության տերը սահմանին:

-Չեմ կարծում: Ու վստահ եմ` մեր ժողովուրդը հասկանում է, որ կրակոցների առատությամբ չի որոշվում, թե ով է դրության տերը սահմանին, այլ մարտական խնդիրը կատարելու կարողությամբ: Մեր գերխնդիրը հաղթած պատերազմից ու հրադադարից հետո գծված սահմանները անփոփոխ պահելն է: Ու մենք կատարել ենք այն: Կատարել ենք` դիմակայելով բոլոր սադրանքներին, բոլոր մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ այս տարածքում հակառակորդը կրակում էր ընդհուպ հրետանային միջոցներով, բայց մենք դիմակայեցինք ու պատրաստ էինք համապատասխան հակահարված տալու ադրբեջանցիների բոլոր հնարավոր ոտնձգություններին:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորները սեփական արյամբ բազմաթիվ ասքեր գրեցին` ապշեցնելով բոլորիս հայրենիքի ու ժողովրդի հանդեպ իրենց անսահման սիրով ու խիզախությամբ: Բայց ինձ ամենից շատ հուզել էին այն դրվագները, երբ զինվորները չէին ենթարկվել «նահանջ» հրամանին, մնացել էին իրենց հրամանատարի կողքին ու զոհվել էին նրա հետ:

-Գուցե ասածս առաջին հայացքից զարմանալի ու վիճարկելի թվա, բայց հայրենիքի համար կյանքը տված մյուս զինվորների սխրանքի առանցքում նույնպես հրամանատար-զինվոր սիրո, հավատարմության, նվիրումի գործոնն էր: Սպան իր վարքով ու կերպարով դառնում է բանակի ու հայրենիքի խորհրդանիշը զինվորի համար: Եվ պատահական չէ, որ սպա-զինվոր միջանձնային հարաբերությունները եղել ու մնում են բանակի մարտունակությանը միտված ծրագրերի ամենակարեւոր բաղադրիչը: Անձամբ ես սահմանների ամուր պաշտպանության առաջին պայման եմ դիտում իմ զինվորի բարոյահոգեբանական պաշտպանվածությունը զորամասում եւ առաջնագծում:

-Ավելի առաջնային, քան մասնագիտական որակների կատարելագործո՞ւմը:

-Ես 23 տարվա ծառայողական կենսագրություն ունեմ: Սկսել եմ վաշտի հրամանատարից, բարձրացել եմ հրամանատարական բոլոր օղակներով, անցել եմ բանակի կայացման բոլոր փուլերը: Այսօր գնդի հրամանատար եմ: Ադրբեջանական բանակը միշտ էլ նյութական ռեսուրսներով առավելություն է ունեցել մեզնից, բայց չի կարողացել իր մարտունակությամբ չափվել մեր բանակի հետ, որովհետեւ մենք ունեցել ենք մի գերակայություն` մեր սպայի ու զինվորի բարոյական նկարագիրը` սերը հայրենիքի հանդեպ, խիզախությունը, ոգին: Ու այս մի գերակայությունն էլ միշտ վճռորոշ է եղել:

Զորակոչը նոր է ավարտվել, ու զորամասը համալրվել է նորակոչիկներով: Առաջին բանը, որ արել եմ, ծանոթացել եմ իմ նորընծա զինվորների ընտանիքների սոցիալական պայմաններին, նրանց առողջական վիճակին ու հոգեբանական բնութագրերին, որպեսզի յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատելու ծրագիր մշակենք: Պարզվել է՝ 30-ից ավելի միակողմանի ծնողազուրկ նորակոչիկներ կան, որոնց մի մասը մոր միակ զավակն է:

-Տարբերակված մոտեցում կա՞ միակողմանի ծնողազուրկների և մոր միակ զավակների հանդեպ: Ես գիտեմ, որ օրենքը այդ սոցիալական խմբի համար ոչ մի զանազանում չի սահմանել մինչ օրս: Մնում է կարծել, որ տարբերակումը մարդկային փոխհարաբերությունների ոլորտում է:

-Կարծում եմ՝ վաղուց անցյալում են մնացել սպայի կողմից զինվորի հանդեպ կոպտության, վիրավորանքի, բռնությունների մասին խոսակցությունները: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ կողմնակի բացասական գործոնները հնարավորինս քիչ ազդեն զինվորի ծառայության վրա:

-Իմ ձեռքին նորակոչիկների ցուցակն է: Որոշ անունների տակ մեկ կարմիր գիծ է դրված, որոշ անունների տակ` երկու…

-Սրանք առանձնահատուկ վերաբերմունք պահանջող զինվորներն են: Ես չեմ բացի փակագծերը ու չեմ նշի, թե նրանք ինչու են առանձնահատուկ վերաբերմունք պահանջում, միայն, կասեմ՝ ես օր ու գիշեր մտածում եմ առկա խնդիրների լավագույն լուծումները գտնելու համար:

-Ենթադրում եմ՝ խնդիրները վերաբերում են նրանց ընտանիքների սոցիալական կացությանը, հոգեբանական խնդիրներին և զինվորների խառնվածքով պայմանավորված դժվարություններին:

– Այո՛: Ու ես շուտով փաթեթ եմ ներկայացնելու վերադաս հրամանատարությանը՝ ինչպես իրավիճակային-անհատական, այնպես էլ ընդհանրական լուծումների առաջարկությամբ:

-Ես հասկանում եմ՝ խնդիրը լայն քննարկան թեմա չէ, բայց, կուզենայի, որ ընդհանուր գծերով ներկայացնեք Ձեր առաջարկությունների բնույթը:

-Մեկ օրինակ բերեմ: Տեսե՛ք, զորամասում տեխնիկական աշխատողների թափուր տեղեր կան, մտածում եմ` ինչո՞ւ դրանք չհամալրենք մեր այն զինվորների մայրերով, որոնք որդուն բանակ ճանապարհելուց հետո տանը մենակ են մնացել, աշխատանք չունեն ու սիրով կհամաձայնեն աշխատել զորամասում:

-Դուք գիտե՞ք, թե ո՞ր զինվորի մայրը խնամող ունի, և ո՞ր զինվորի մայրն է մենակ…

– Եթե ես չիմանամ դա ու այդ բնույթի մյուս խնդիրները, ու չփորձեմ լուծել ինչ-ինչ ճանապարհներով, չեմ կարող ապահովել զորքի մարտունակությունը, որքան էլ զինվորին օր ու գիշեր մարզեմ ու զենքին տիրապետել սովորեցնեմ…Ես բազում առաջարկություններից մեկի մասին խոսեցի… Մեր առօրյա ծառայության 90 տոկոսը անմիջական աշխատանք է զինվորի հետ: Բարձրացել է մի պրագմատիկ սերունդ, որին լոզունգներով ու կոչերով չես ուժեղացնի: Նա պատրաստ է պատասխանելու քո հոգատարությանը, սիրուն, հարգանքին, նվիրումին: Պատրաստ է լսելու քեզ, եթե դու ինքդ ապացուցել ես, որ հավատարիմ ես քո քարոզած արժեքներին:

Ես շատ եմ շփվում ժողովրդի հետ ու այն կարծիքին եմ, որ երկրի պաշտպանության գաղափարը հետզհետե դառնում է ավելի առարկայական, ամուր ու գիտակցված ոչ միայն բանակում, այլեւ հասարակության մեջ:

-Բանակի ու հասարակության տրամադրությունները, արժեհամակարգը, բարոյախոսությունը չեն կարող էապես տարբերվել:

-Իմ այսօրվա զինվորի ծնողը տարբերվում է տասը տարի առաջ իր որդուն բանակ ուղարկած ծնողից: Այսօրվա ծնողը չի ասում` գնա, ամեն ինչ արա, որ անփորձանք գլորես երկու տարիները ու տուն վերադարձիր: Այլ ասում է` գնա, պաշտպանիր հայրենիքդ: Այսօրվա զինվորը ուզում է բանակից տուն վերադառնալ մեդալով:

-Որովհետև մենք կարողացանք արժեք դարձնել լավ զինվորի, նվիրված ծառայության գաղափարը: Կարողացանք «լավ տղայի» գաղափարը նույնացնել լավ զինվորի կերպարի հետ…

-Այսօր սպան հասկանում է, որ իր պարտքը հայրենիքի հանդեպ մարմնավորվում է զինվորի հանդեպ պարտքով, վերաբերմունքով ու պատասխանատվությամբ: Ու սա մեր հաղթաթուղթն է:

-Մենք նոր ենք իջել դիրքերից եւ տեսանք, որ այնտեղ ինժեներական բարեփոխումներ են արվել: Դրանք ապրիլյան պատերազմի «դասերի» ենթատեքստո՞ւմ են:

-Ավելի շատ ընթացիկ բարեփոխումներ են, որոնք պարբերական են: Ժամանակը պահանջում է անվերջ կատարելագործվել:

-Հակառակորդին մոլորեցնելու միջոցներն ու թաքստոցները նո՞ր ժամանակների պահանջ են:

-Դրանց ժամանակակից ձեւերի ներդրումն է նոր ժամանակների պահանջ: Այսօր մեր թիվ 1 խնդիրն է, որ մեր զինվորը դառնա խոցող եւ անխոցելի: Դիրքերում հավանաբար տեսաք, որ մեծապես բարեփոխվել են նաեւ կենցաղային պայմանները: Կարծում եմ՝ մի քանի տարի առաջ արդիական չափանիշներով նորոգված գետնատնակներ չեք տեսել դիրքերում: Մենք գտել ենք երկրի սահմանները անառիկ պահելու ամենաճիշտ ուղին. ամեն ինչ արա զինվորիդ համար, ու հայրենիքդ աննվաճ կլինի:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/08/2017