Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ



Սկիզբը՝  նախորդ համարում

ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են փրկված խոջալվեցիները, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ կերպով եւ գործիմացությամբ էին վերաբերվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր ստանան… Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված է եղել, որպեսզի հետագայում այդ կադրերը ցուցադրվեն ԳԽ նստաշրջանում, ու ամեն ինչ ուղղեն իմ անձի դեմ: Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց, այնուամենայնիվ, միջանցք հայերը թողել էին։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին։ Առավել եւս՝ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային մարդկանց օգնելու համար»:

2014 թվականին Բաքու ժամանած Մութալիբովը լրագրողների հետ հանդիպելիս կրկնել է այս խոսքերը:

♦♦♦

… Շուրջ հարյուր սպանվածների դիակները գտել են գյուղից 11-12 կիլոմետրի վրա՝ Նախիջեւանիկ հայկական գյուղի եւ Աղդամի մերձակայքի ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած դաշտում։ Այդ տարածքն այն ժամանակ լիովին վերահսկում էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի՝ նախագահ Մութալիբովին ընդդիմադիր կառույցի հատուկ նշանակության ջոկատայինները, որտեղ լրագրողների, այդ թվում՝ արտասահմանյան, հայտնվելուց մեկ օր անց դիակները պղծվել են` ողբերգության վայր արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների նոր այցելությունից առաջ։ Այն տարիներին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Տ. Կարաեւը եւս, ուզած թե չուզած, ասել է ճշմարտությունը` հայտարարելով, որ Խոջալուի դեպքերից ընդամենը երկու օր հետո Ժողճակատի առաջնորդ Էլչիբեյի կողմից իշխանությունը զավթելն ու Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելը Մութալիբովի ասածի լավագույն ապացույցն են:

Հավելենք, որ պատերազմական իրավիճակում երկու կողմից կատաղի կրակոցների պայմաններում հայերը պարզապես չէին կարող, վտանգելով իրենց կյանքը, մտնել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ ու այլանդակել դիակները:

Փետրվարի վերջին Խոջալու ավանում եւ հատկապես Աղդամում ազերիները կուտակել էին հսկայական քանակի զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ու կենդանի ուժ: Ռուս գրող-վերլուծաբան Կ. Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլեւ սպառնալ Ստեփանակերտին: Պատասխանելով «Ռեալնի Ազերբայջան» թերթի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ Աղդամում տեղակայված ուժերը ժամանակին օգնություն չցուցաբերեցին Խոջալուին, 1992-ի մարտից 1993-ի փետրվար պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Ռահիմ Ղազիեւն ասում է. «Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կար 12 Տ-72 տանկ, 12 միավոր ՀՄՄ-2, 44 միավոր այլ զրահատեխնիկա, 4 «Գրադ» կայանք, 40 հրանոթ եւ 2500 զինվոր: Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ»: Լրագրողի հաջորդ՝ «ինչո՞ւ» հարցին, Ղազիեւը պատասխանել է՝ «Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Իսկ մենք լավ նշանառու ունեինք` ռուս զինվոր Ինչիպիրենկոն: Նա կարող էր «Գրադից» խոցել ցանկացած թիրախ: Պատկերացնու՞մ եք: Հետո պարզվեց, որ «Գրադն» անհետացել է: Չկարողացան գտնել…» (www.realazer.com, 27.05.2005): Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ եղած ռազմամթերքը նպատակային կիրառելու դեպքում լիովին կբավարարեր մեկ տարվա լարված մարտական գործողությունների համար («Սովերշեննո սեկրետնո» թիվ 8, 1994):

Զավեշտի է նման նաեւ այն, որ հենց ադրբեջանական աղբյուրները մեկը մյուսին հակասող են: Փետրվարի 26-ի առավոտյան ադրբեջանցիների տարածած առաջին հաղորդագրություններում նշվում է ընդամենը երկու զոհի մասին: Մարտի մեկին արդեն սկսեցին խոսել հազարավոր զոհերի մասին, իսկ մարտի երեքին «որոշվեց», որ նրանց թիվը 1324 է: Այնուհետեւ հնչեց 485 թիվը, իսկ Ալիեւը հայտարարել է 235, ի վերջո պաշտոնապես հաստատվել է 613 զոհերի թիվը: Ադրբեջանցիները հակասական թվեր են ներկայացրել նաեւ միջազգային ատյաններին: Մարդասիրական կազմակերպություններին ուղղված դիմումներում խոսվում է 3000-3500 զոհերի մասին: 1993-ի նոյեմբերի 30-ին նախկին վարչապետ, հետո ԱԳ նախարար Հ. Հասանովը ԵԱՀԽ (այժմ` ԵԱՀԿ) արտգործնախարարների նիստում հայտարարել է ավելի քան 800 զոհի մասին: 1992-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի պատգամավորական հանձնաժողովը հայտարարեց, որ «ողբերգության ժամանակ Խոջալուն ունեցել  է շուրջ 4000 բնակիչ: Հանձնաժողովի տվյալներով` այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 450, վիրավորվել 400 հոգի, անհետ կորել է մոտ 80-ը, իսկ 20-ը գերի է ընկել» («Իզվեստիա», 14.11.1992):

Ուշադրության արժանի է նաեւ կարեւոր մի փաստ` Խոջալուի մասին որեւէ տեղեկատվության տիրապետողների մեծ մասն այլեւս ողջ չէ:

 

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Ռազմական


01/03/2017