Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ



ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն (այժմ՝ Իվանյան): Արդեն քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել։ Ադրբեջանում եւ Թուրքիայում նույնիսկ անմեղ զոհերի հիշատակման հատուկ օր են սահմանել՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու ավանում։

Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի եւ ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքն ու մոտակա հայկական գյուղերը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։ Մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին մինչեւ ատամները զինված օմոնականների կենտրոնատեղիի։ Այդ օրերի մասին ռուս լրագրողուհի Անժելիկա Չեչինան գրում է. «Հունվարի 21-ից 25-ը ես Ստեփանակերտում էի: Քաղաքում ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ էր ձեռք բերվում, որ ամաչում էիր թեյ խմել: Սննդի կտրոններն իրացնել անհնար էր, խանութները դատարկ էին: Քաղաքում արդեն սովից ուռչելու, մահանալու դեպքեր էին արձանագրվել… Ստեփանակերտը հիշեցնում էր բլոկադային Լենինգրադի կինոկադրերը…»:

Խոջալուի կրակակետերի ոչնչացումը Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչեւ գրոհն սկսելը, հայերը, գործելով Ժնեւի պայմանադրույթներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել էին բնակիչներին հեռանալ քաղաքից եւ շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Իրենց` խոջալվեցիների խոսքով՝ նրանք օգտվել են այդ միջանցքից, եւ, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել:

Այդ օրերի մասին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը գրում է. «…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումները անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված եւ արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջապատումից: Սակայն Կարկառ գետից այն կողմ փախստականների շարանը բաժանվեց, եւ, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց կամ ավելի ստույգ` ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջեւանիկի ուղղությամբ: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե խոջալվեցիների ազատագրմանն էին ձգտում, այլ՝ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: …Տարօրինակն ու զայրացնողը այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները հապշտապ տեղափոխում էին անասուններին եւ ոչ թե մի կերպ փրկված ու այստեղ հասած բնակիչներին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

Հոդվածի հեղինակին ձերբակալել եւ դատապարտել են «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, եւ 2007թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլլաեւին դատապարտել են ութ ու կես տարվա ազատազրկման: Հետագայում այդ ցուցմունքները պաշտոնապես համարվեցին «ստահոդ» եւ «դավաճան»:

Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ` ժողճակատը, (Էլչիբեյի գլխավորությամբ), հետագայում էլ՝ հայր եւ որդի Ալիեւները, երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար վարկաբեկեցին եւ իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, ապա Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե, իբր, նրանք էլ Խոջալու ավանում են սպանդ սարքել:

Իրականում, տեղի է ունեցել հետեւյալը: Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Աղդամում տեղակայված ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին եւ նահանջող զինվորական խմբավորումներին` նրանց Աղդամի փոխարեն ուղղորդելով իբրեւ թե ադրբեջանցիների կողմից ազատագրված հայկական Նախիջեւանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ եւ տալով մի քանի տասնյակ զոհ` խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների ձեռքով։ Այս տարածքը Աղդամից 3,5, իսկ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա է, մինչեւ 1993 թվականի հուլիսի վերջը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների առկայությունն այդ տարածքում անհնար էր։ Ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող յուրային զինվորներին ու Խոջալուի բնակիչներին շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել կրակի տակ: Հետո արդեն ժողճակատայինները դիակները ազատորեն «հարմարեցրել» են իրենց նպատակներին:

«Մոնիտոր» ամսագրի հիմնադիր խմբագիր, վերլուծաբան, 2005 թվականի մարտի 2-ին Բաքվում իր տան մոտ մինչ օրս չբացահայտված չարագործի ձեռքով գնդակահարված Էլմար Հուսեյնովը իր հոդվածներից մեկում գրում է.

«Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիեւի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են` մեռյալների հետեւից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիեւի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, թեպետ լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք նրա «երկակի» ծնունդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողացրեց ճողոպրել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում էին ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կազմակերպած Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին: Ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտացիորեն լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաեւը, որը մի քանի ամիս անց մահացել է խորհրդավոր հանգամանքներում, իսկ ճշմարտությունն ասող մյուս լրագրողը՝ Էյնուլլա Ֆաթուլլաեւը, քանի տարի ճաղերի ետեւում է շինծու մեղադրանքով»:

Վերջերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը նոր լույս է սփռում Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում ադրբեջանական կեղծիքը: Տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել։ Հեղինակը նշում է, որ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի մեղադրանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն:

Չինգիզ Մուսթաֆաեւ – «Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը հասնի ժողովրդին, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին: Հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ ոմանց պնդումներին, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ եւ կվնասի ադրբեջանցի զինվորականներին»:

Մուսթաֆաեւը հիշատակում է իր կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քարշ տալիս դիակները, եւ երբ տեսել են, որ իրենց նկարահանում են, փախել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ: Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էին հայկական կողմից կրակոցներ լինել: Երկրորդ նկարահանման ժամանակ էլ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ «ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին…»:

Ֆիլմի հեղինակը նշում է՝ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին, այսպես կոչված, հայերի վայրագությունները ցույց տալն էր: Այդ ամենից հետո ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը զոհվում է 1992-ի հունիսի 15-ին անհայտ հանգամանքներում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ հայկական կողմի արձակած արկի բեկորից:

 

Շարունակելի

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ռազմական


22/02/2017