Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ2017թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հունվարի 16-ից 20-ը անցկացվեց գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:

Հավաքի տեսական պարապմունքներն ընթացան անհրաժեշտ մեթոդական բազայով համալրված լսարաններում, ցուցադրական պարապմունքներն էլ՝ շարահրապարակում, մարզահրապարակում, մարտավարական դաշտում, հրաձգարանում, բացազատված այլ տեղամասերում:

Հավաքի նպատակն էր խորացնել մասնակից սպաների գիտելիքները և ունակությունները, ստուգել նրանց պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև կատարելագործել նրանց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

Հընթացս վեր հանվեցին նաև անցած ուսումնական փուլում տեղ գտած թերությունները, քննարկվեցին դրանց վերացման միջոցառումներն ու անելիքները:

Միջոցառումն սկսելուց առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես, որը փաստեց՝ բոլոր սպաները պատրաստ են հավաքին, որի ուսումնական ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական պարապմունքներով: Թեմաներն այնպես էին ընտրվել, որ հաշվի առնվեն զինված ուժերի ամենօրյա գործունեության առաջնահերթությունները՝ շեշտը դնելով բոլոր օղակներում ծառայության բարելավման վրա: Առանձնակի ուշադրություն դարձվեց մարտավարական պատրաստությանը:

Առաջավոր փորձի ուսումնասիրման և սպաների մասնագիտական աճին նպաստող արդյունավետ մեթոդների, վարժանքների ու եղանակների ընտրության և կիրառման թեմայով առաջին պարապմունքն անցկացրեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ցականյանը: Պարապմունքներ անցկացրին նաև զորամիավորման հրամանատարի մյուս տեղակալները, տարբեր ծառայությունների պետերը: Նրանք խոսեցին սպառազինության, տեխնիկայի նորոգման և շահագործման, հրետանու պատրաստության, ինժեներական  նախապատրաստման, զինված ուժերում դաստիարակչական աշխատանքի, հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի,  մարտական և զորահավաքային պատրաստականության ու այլ թեմաների մասին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՄասնակիցներին ցուցադրվեց, թե ինչպես է կազմակերպվում տեխնիկայի հսկիչ զննումը հավաքակայանից դուրս գալուց առաջ և ճանապարհին, ինչպես նաև տեխնիկական ապահովումը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ: Հատուկ ուշադրություն դարձվեց անվտանգության կանոնների խստիվ պահպանման, տեխնիկայի անվտանգ շահագործման հարցերին:

Անցկացված ստուգարքների միջոցով խմբերի ղեկավարներն ստուգեցին հավաքի մասնակից սպաների ֆիզիկական և շարային պատրաստության աստիճանը, քանի որ հրամանատարը զորամասում պետք է կարողանա ոչ միայն ճիշտ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլ նաև իր ձիգ կեցվածքով, ֆիզիկական գերազանց տվյալներով օրինակ հանդիսանալ ենթակաների համար: Վազքից և ֆիզպատրաստությունից հետո անցկացվեցին ձեռնամարտի պարապմունքներ:

Հավաքի վերջին օրը տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, ապա՝ ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին հրամանատարական պատրաստության գործընթացի որակական բարելավմանը վերաբերող խնդիրներ: Պատասխանատուները փաստեցին, որ հավաքն անցկացվեց կազմակերպված, և որ հրամանատարներն ունեն անհրաժեշտ մարտավարամասնագիտական հմտություններ ու կարողություններ:

 

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/01/2017