Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ



«Ռազմական պատմություն» թեմայով ամառային դպրոցի մեկնարկի կապակցությամբª հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց դպրոցի ունկնդիրներին և դասախոսական կազմին:

Կարևորելով նման դասընթացների դերակատարությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդման տեսանկյունից` Սեյրան Օհանյանը նշեց, որ սկսվում է մի գործընթաց, որի շրջանակում պետք է ուսումնասիրվի հայ ժողովրդի 4000-ամյա պատմությունն ու վերստին արժևորվի հայկական բանակի դերակատարությունը: «Պետք է ուսումնասիրել եւ ապացուցել մի հասարակ բան` եթե ուզում ենք ևս 4000 տարի այս երկրագնդի վրա ապրել, ապա պետք է հասկանանք, որ ամեն օր մեզ պետք է հայկական բանակ, և ամեն օր հայկական բանակն իր ռազմական պատմության ուսումնասիրմամբ պետք է կատարելագործվի և հասնի կատարելության այնպիսի աստիճանի, որ համապատասխանի մեր ժամանակի պահանջներին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի անցկացումը կդառնա ավանդական:

Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրեց` եթե հայ ժողովուրդը չունենար ռազմագիտության վերաբերյալ շարունակական հստակ գիտելիքներ ու չկարողանար դրանք հմտորեն կիրառել, ապա Արցախյան հերոսամարտի ժամանակ չէինք ունենա հաղթանակներ: «Շատ բան ունենք սովորելու նաև Արցախյան ազատամարտից: Կարծում եմ, որ այդ ամենի մեջ պետք է գաղափար ու հոգի դնենք: Այսօր փորձում ենք ռազմական գիտության ուսումնասիրության արդյունքում մեր առօրյա ռազմական պատրաստությունն այնպիսի ուղիով տանել, որ դրա մեջ գաղափար լինի: Գաղափարի ներքո ունեցած պատրաստությունը հիմնական է, և յուրաքանչյուր զինծառայող կարող է իր գիտելիքներն օգտագործել հետագայում՝ զորահավաքային միջոցառման ժամանակ, իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նախարարը:

Հանդիպման ժամանակ ունկնդիրներին ողջունեցին և դասընթացի անցկացումը կարևորեցին նաև ամառային դպրոցի դասախոսական կազմի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ  «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ և ծավալել քննարկումներ: Դպրոցի նպատակն է ծանոթացնելու երիտասարդներին հայ ռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին: Ամառային դպրոցին մասնակցում են ՀՀ բուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ, մագիստրանտներ ու շրջանավարտներ:

Խորագիր՝ Նորություններ


04/07/2016