Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՑԱՆԿԱՆԱՆ, ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆԱՆ, ԱՅՆ ՊԱՀԻՆ, ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ



Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային սպառազինություն:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետեւողական սրմանը նպատակաուղղված սադրիչ եւ անհեռատես քայլերին, ինչպես նաեւ հայկական կողմի համարժեք գործողություններին:
Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին եւ ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ

Ցրվեցին հակառակորդի կորուստների մասին կասկածները

-Ցուցադրված կադրերը տպավորիչ էին եւ ցրում են ՊԲ եւ ՊՆ ադրբեջանական զոհերի վերաբերյալ հայտարարությունների հետ կապված բոլոր կասկածները: Բացի այդ, երեւում է ականանետորդների պրոֆեսիոնալիզմը:

ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Մեդիափորձագետ

Համոզվեցի՝ հայկական զինված ուժերն ի վիճակի են թշնամուն հարվածելու այնտեղ, որտեղ ցանկանան, այնքան, ինչքան ցանկանան, այն պահին, երբ պետք լինի

-Տպավորություններս հանդիպումից դրական են, քանի որ թե՛ տեսանյութի դիտումը, թե՛ ծավալված քննարկումը պատասխանեց շրջանառվող մի շարք հարցերի: Կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությունը թշնամու ունեցած կորուստների մասին վստահելի է, ներկաներս համոզվեցինք դրանում՝ դիտելով համապատասխան տեսանյութը: Հայկական զինված ուժերը ի վիճակի են թշնամուն հարվածելու այնտեղ, որտեղ ցանկանան, այնքան, ինչքան ցանկանան, այն պահին, երբ պետք լինի: Մեր զինվորականներին մաղթում եմ զգոնություն, իսկ մեր թշնամուն` մի քիչ խելք, որ իր քաղաքացիների գլուխը անիմաստ քարի տակ չգցի Ալիևի թերարժեքության բարդույթները բավարարելու համար:

Razm.Info կայք

Կասկած չմնաց՝ հակառակորդի ցանկացած գործողություն ստացել է, ստանում է եւ կստանա շատ կոշտ պատասխան

Ըստ պայմանավորվածության՝ մանրամասները չենք հրապարակում, բայց մի բան կարող ենք արձանագրել. հանդիպումից հետո ներկաների մոտ որևէ կասկած չմնաց, որ հակառակորդի ցանկացած գործողություն ստացել է, ստանում է և կստանա շատ կոշտ պատասխաններ: Ըստ այդմ` «Բա ինչի՞ մերոնք չեն պատասխանում», «Ինչի՞ ավելին չեն անում» և նմանատիպ այլ խոսակցություններն ուղղակի անիմաստ են:

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


08/10/2015