Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՈՒՆԿԻ ԵԿ, ԾՈՒՆԿԻ…



Ծննդավայրս… Ծունկի եկ, ծունկի
Եվ գնա դանդաղ, և գնա բոբիկ,
Երեկոն, նման կապույտ արցունքի,
Թառել է ձորի քարեղեն կոպին:
Ծննդավայրս… Բարդիներն ի վեր՝
Սրբատաշ ու պարզ մի զանգակատուն,
Հողե տանիքներ ու հողե քիվեր,
Որոնցից դեռ տաք արև է կաթում:
Ծննդավայրս… Իմն է ամեն ինչ…
Ծննդավայրս… Քարափ է ու կալ…
Հեկեկո՞ւմ էր միշտ այս աղբյուրը ջինջ,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ:
Եվ ղողանջում են հեռավոր ձայներ,
Երազում լսած ձայների հանգույն,
Եվ ոլորվում են քարոտ կածաններ
Ու թախծություններ մանուշակագույն:
Ես որոնում եմ մեր տնակը հին,
Պիտի որ լինի նա ահա այստեղ,
Իրիկնամուտի լո՞ւյսն է կտուրին,
Թե՞ թթի դեղին չորացող պաստեղ:
Օ՛, տեր իմ, օ~, տեր… Այստեղ ամեն ինչ
Հեռու մանկության բույրով է խնկում,
Խնկում են օդը, խոտեր ու եղինջ
Ու ճանապարհի աղուրը քնքուշ:
Ուր որ է հիմա տատս շվարած
Պիտի ինձ բակից ընդառաջ վազի
Եվ մանկան նման իմ կրծքին փարած
Օրհնություն տեղա ու աղոթք ասի:
Ու հետո հոգնած կմտնեմ ես տուն,
Հոտը կշնչեմ նոր շփխած կավի,
Եվ իմ մանկության սպիտակ կատուն,
Ոտքիս փաթաթված, պիտի մլավի:
Հետո կսպասեմ ես մերոնց գալուն,
Որ տուն կբերեն այգեստան ու կալ…
…Հեկեկում էր միշտ մեր դռան առուն,
Թե՞ նոր սկսեց այսպես հեկեկալ…

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Հոգևոր-մշակութային


08/10/2015