Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԼԵԳԵՆԴԸ



Եթե այսօր աշխարհի տարբեր երկրներում հարցում անցկացվի, թե ռուսական ո՞ր ավիացիոն մակնիշն է առավել հայտնի, ապա համոզված կարող ենք ասել` կհաղթի «ՄիԳ»-ը: ԱՄՆ ռազմաօդային ուժերի էլիտար ստորաբաժանումներում տարածված է «Սպանի՜ր ՄիԳ-ը» մակագրությամբ համազգեստի շերտագիծ: Իրենց ողջ գործունեության ընթացքում այս ինքնաթիռներն ապացուցել են, որ կարող են սպանել ցանկացածին, ով կկանգնի իրենց ճանապարհին:

Այս հայտնի ինքնաթիռի ստեղծման պատմությունը նույնքան հետաքրքիր է, որքան եւ այն ստեղծողի՝ խորհրդային ավիակոնստրուկտոր Արտյոմ Միկոյանի կյանքը:

Արտյոմ Իվանի (Անուշավան Հովհաննեսի) Միկոյանը ծնվել է 1895թ. օգոստոսի 5-ին Թիֆլիսի նահանգի Բորչալինսկի շրջանի լեռնային Սանահին գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում: Արտյոմի ավագ եղբայրը՝ Անաստասը, հայտնի հեղափոխական էր, հետագայում դառնում է անվանի պետական-քաղաքական գործիչ: Հենց նրա մասին է հետևյալ հայտնի թևավոր խոսքը. «Իլյիչից մինչև Իլյիչ՝ առանց ինֆարկտի ու պարալիչի»:

Արտյոմ Միկոյանը սովորում է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում: 1935թ. իր համակուրսեցիներ Սամարինի և Պավլովի հետ նախագծում է «Օկտյաբրյոնոկ» թեթև ինքնաթիռը: Շուտով երիտասարդ մասնագետը N1 պետական ավիագործարանում նշանակվում է որպես ռազմական ներկայացուցիչ: 1939թ. փետրվարին այստեղ է տեղափոխվում այդ ժամանակվա առաջատար մասնագետներից մեկի՝ Նիկոլայ Պոլիկարպովի նախագծային բյուրոն: Նրան անվանում էին «կործանիչների թագավոր», քանի որ հենց նրա մեքենաներն էին կազմում ԽՍՀՄ նախապատերազմյան կործանիչային ավիացիայի հիմքը:

Պոլիկարպովն ուշադրություն է դարձնում Միկոյանի վրա, որը տարբերվում էր իր աշխատունակությամբ, ամենաբարդ նրբերանգների մեջ մտնելու և սեփական առաջարկներն առաջ քաշելու ցանկությամբ: Պոլիկարպովը Միկոյանին հանձնարարում է աշխատել «Չայկա» Լ-153 կործանիչի վրա: Երիտասարդ ինժեներն ավելի շատ սկսում է զբաղվել ինքնաթիռների կատարելագործմամբ: Աշխատանքի ընթացքում սերտանում են հարաբերությունները նույն Նախագծային բյուրոյի բաժնի վարիչ Միխայիլ Գուրևիչի հետ: Այսպես է ձևավորվում նախագծողների տանդեմը, որը հետագայում հայտնի է դառնում ողջ աշխարհում:

Մոտենում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, երկրին պահանջվում էր նորացնել ավիապարկը: Միկոյան-Գուրևիչ տանդեմը կարողանում է համոզել ղեկավարությանը, որ իրենք պատրաստ են շատ կարճ ժամկետում ստեղծելու բարձր բնութագրերով ժամանակակից ինքնաթիռ: Եվ 1939թ. դեկտեմբերին նոր ՆԲ-ն իրականություն է դառնում:

1940թ. ապրիլի 5-ին խորհրդային նոր, արագընթաց ՄիԳ-1 կործանիչը կատարում է իր առաջին թռիչքը: Ինքնաթիռը հաջողությամբ անցնում է փորձարկումները և դրվում սերիական արտադրության: Ընդհանուր առմամբ արտադրվում է 100 մեքենա: Քանի որ մեքենան ստեղծվել էր շատ կարճ ժամանակում, հետևաբար զերծ չէր թերություններից: Արդեն ՄիԳ-3-ի ժամանակ հաջողվում է վերացնել թերությունների մեծ մասը: Ավելի քան 700մ բարձրության վրա ՄիԳ-3-ը 640կմ/ժ արագություն էր զարգացնում: 1940-1941թթ. արտադրվում է ավելի քան 3000 մեքենա: Սակայն սա էլ կատարյալ չէր իր տեսակի մեջ, քանի որ խուսավարման հնարավորությունները բավարար չէին, ուստի այն փոխանցվում է հակաօդային պաշտպանության ուժերին, որտեղ իդեալական մեքենա է դառնում մեծ բարձրությունների վրա հետախույզ և ռմբակոծիչ ինքնաթիռներ որսալու համար:

Պատերազմի վերջին Միկոյանի ՆԲ-ն ձեռնամուխ է լինում ռեակտիվ ավիացիայի ստեղծման աշխատանքներին: 1946թ. ապրիլի 24-ին օդ է բարձրանում ՄիԳ-9 խորհրդային առաջին տուրբոռեակտիվ կործանիչը: Միգ-9-ից և Յակ-15-ից է սկսվում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի անցումը ռեակտիվ տեխնոլոգիայի:

Միկոյանն աշխատում էր գիշեր-ցերեկ, առանց իրեն խնայելու: Միգ-9-ի վրա աշխատելու ժամանակ սրտի կաթված է ստանում, սակայն աշխատանքի է վերադառնում ընդամենը երկու ամիս անց: 1947թ. դեկտեմբերի 30-ին ՄիԳ-15 կործանիչը կատարում է իր առաջին թռիչքը: Ի տարբերություն Միգ-9-ի, որի մշակման ժամանակ օգտագործվում էին որպես ռազմավար ձեռք բերված գերմանական շարժիչները, այս մեքենան լրիվ նոր և շատ հաջող նախագիծ էր: Կորեական պատերազմի ժամանակ նրա դեմ է հանվում ամերիկյան նորագույն մշակումը՝ «Սեյբր» F-86-ը, որի հետ դիմակայությունում հաղթում է Միգ-15-ը և դառնում ամերիկյան օդուժի մղձավանջը:

Ինքնաթիռաշինության պատմության մեջ Միգ-15-ը դառնում է ամենազանգվածային ռեակտիվ ինքնաթիռը. արտադրվել է 15 հազար մեքենա: Այն եղել է աշխարհի 40 երկրների ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ և վերջնականապես դուրս է եկել շահագործումից միայն 2006թ.:

Միգ-15-ից հետո եղավ ձայնի արագությանը հասած ՄիԳ-17-ը, հետո՝ ՄիԳ-19 գերձայնային կործանիչը, աշխարհի ամենազանգվածային և ամենահաջող կործանիչ ՄիԳ-21-ը: Արտյոմ Միկոյանի վերջին գործերն էին Միգ-23 կործանիչը և ՄիԳ-25-ը:

Նախագծողի աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել խորհրդային պետության կողմից. ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտյոմ Միկոյանը երկու անգամ արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի վեց շքանշաններով, ստացել է վեց Ստալինյան և մեկ Լենինյան մրցանակ:

1970թ. օգոստոսին՝ Միկոյանի 65-ամյակին արդեն իրենց զգացնել էին տալիս երկար տարիներ հսկայական ծանրաբեռնվածությամբ աշխատանքը և խաթարված առողջությունը: Դեկտեմբերի 9-ին, սրտի վիրահատությունից հետո Արտյոմ Միկոյանը վախճանվում է: Նրա մարմինը հանգչում է Մոսկվայի Նովոդևիչիի գերեզմանատանը:

Թարգմանեց
Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1100) 13.08.2015 – 19.08.2015, Պատմության էջերից


13/08/2015