Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԳԻՐՔ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՐՈՆԻ ՄԱՍԻՆ



Եզդիների պատմական հայրենիքը հյուսիսային Իրաքն է, սակայն ներկայումս եզդիական համայնքներ կան նաև Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում (հիմնականում Գերմանիայում) և Ռուսաստանում:

Այսրկովկասի համայնքները առաջացել են 19-20-րդ դդ. սկզբին` Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի կողմից եզդիների հետապնդման և հալածանքների հետևանքով:

Թեև եզդիականության ուսումնասիրությամբ շատերն են զբաղվել, սակայն եզդիների պատմության, կրոնի և հոգևոր մշակույթի հետ կապված բազում հարցեր մինչ օրս մնում են չպարզաբանված: Եվ սա, հատկապես, վերաբերում է եզդիական կրոնին` աշխարհում, թերևս, եզակի սինկրետիկ ուսմունքներից մեկին, որը մեծապես պայմանավորում է ոչ միայն եզդի ժողովրդի աշխարհընկալման համակարգը, այլև նրա հոգևոր մշակույթի և հասարակական նորմերի բազմաթիվ կողմեր: Ընդհանուր առմամբ, եզդիների կրոնն ուսումնասիրված է շատ ընդհանրական, հիմնականում սիրողական դիտարկումների մակարդակով, ինչը, որոշ դեպքերում, պարզապես անհիմն եզրակացությունների պատճառ է հանդիսացել:

Գիրքը նվիրվում է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիկտորիա Առաքելովայի աշխատանքում տրվում է եզդիական կրոնի ընդհանուր բնութագիրը` որպես միաստվածության յուրահատուկ ձև, որտեղ գերագույն աստծու` Խուադեի հետ մեկտեղ գոյություն ունի եռյակ` Մալաք Թավուս, Շիխադի և Սուլթան Եզիդ աստվածությունը: Ուսումնասիրվում է եռյակի ծագումնաբանությունը, տրվում են նրանց հիմնական բնութագրերը, գործառույթներն ու բնութագրիչները: Բոլոր երեք կերպարները թեև գտնվում են պայմանական հիերարխիայում Մալաք Թավուսի անվիճելի գերազանցության տակ, ամեն դեպքում, բաժանվում են հիմնական գործառույթները, ընդհուպ մինչև դեմիուրգ-արարչի ֆունկցիան, գլխավոր բնութագրերն ու հատկանիշները: Եռյակի կարևորությունը եզդիականության մեջ անգնահատելի է, քանի որ այն իրականում հետին պլան է մղել եզակի աստծո կերպարը, որի մասին պատկերացումները ծայրահեղ աղոտ ու փոփոխական են:

Եռյակի գլխավորը` Մալաք Թավուսը, հակասական կերպար է, որն իր մեջ միավորում է և՛ ընկած հրեշտակի, և՛ գլխավոր աստվածության գծերը:

Ա. Պուշկին

«ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԶՐՈՒՄ»

«Մեր զորքի մեջ կային նաեւ մեր անդրկովկասյան շրջանների ժողովուրդներ եւ նոր գրավված տարածքների բնակիչներ: Նրանց մեջ ես հետաքրքրությամբ դիտում էի յազիդներին, որոնք Արեւելքում սատանայապաշտներ են համարվում: Մոտ 300 ընտանիք ապրում է Արարատ լեռան ստորոտում: Նրանք ընդունել են ռուս միապետի իշխանությունը: Նրանց ղեկավարը` մի բարձրահասակ, տգեղ տղամարդ, կարմիր թիկնոցով ու սեւ գլխարկով, երբեմն իբրեւ հպատակության նշան գալիս էր գեներալ Ռաեւսկու` ամբողջ հեծելազորի ղեկավարի մոտ: Ես փորձում էի յազիդից իմանալ ճշմարտությունը նրանց կրոնի մասին: Իմ հարցերին նա պատասխանում էր, որ լուրերը, թե յազիդները սատանային են երկրպագում, դատարկ խոսակցություններ են, նրանք հավատում են մեկ աստծու, եւ նրանց օրենքի համաձայն` սատանային անիծելը, իրոք, համարվում է անպարկեշտ եւ անշնորհակալ, քանի որ նա այժմ դժբախտ է, սակայն ժամանակի ընթացքում կարող է ներվել, քանի որ պետք չէ սահմանափակել ալլահի բարեգթությունը: Այս բացատրությունն ինձ հանգստացրեց: Ես շատ ուրախ էի յազիդների համար, որ նրանք սատանային չեն երկրպագում, եւ նրանց մոլորությունն ինձ ավելի ներելի թվաց»:
1829 թ.

Գիրքը նվիրվում է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային


23/07/2015