Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան…

Ավ. Իսահակյան

Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 ավագ դպրոցի 11-ի Բ դասարանի աշակերտները իրենց դասղեկ, պատմության ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի հետ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, ուսմասվար Ասյա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Միջոցառման սկզբում աշակերտները կարճ ու ամփոփ տեղեկատվություն տվեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած մեծ և փառավոր հաղթանակի մասին: Այնուհետև բեմադրեցին պատերազմական տեսարաններ. ազդարարվեց պատերազմի սկիզբը, աղջիկները հրաժեշտ տվեցին պատերազմ մեկնող տղաներին, թե ինչպես է զինվորը խրամատում ընթերցում տանից ստացած նամակը, մյուս զինվորը քնած է, կապավորը խոսում է հրամանատարի հետ, բուժքույրը վիրակապում է վիրավոր զինվորին…

…Աշակերտները պատմեցին նաև համակենտրոնացման ճամբարների մասին, երգեցին պատերազմական երգեր՝ «Священная война», «Марш славянки», «Темная ночь», «Бухенвальд», «Մարտիկի երգը», «День Победы» և այլն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի ուսմասվար Ասյա Խաչատրյանը: Նա բոլորին շնորհավորելով Մեծ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, միաժամանակ անդրադարձավ նաև հայ ժողովրդի համար իրադարձային նշանակություն ունեցող Շուշիի հաղթանակին. «Մենք շարունակեցինք մեր ծնողների գործը` Շուշին ազատագրելով: Ես նույն հպարտությունն եմ ապրում, ինչ իմ ծնողներն են ապրել, ինչ խորհրդային բոլոր ժողովուրդներն են ապրել: Շնորհակալություն, երեխանե՛ր, շնորհակալություն տիկին Հովհաննիսյան կատարած հրաշալի, գեղեցիկ և անչափ ուսանելի աշխատանքի համար»:

Միջոցառման վերջում իր շնորհավորանքի և երախտիքի խոսքն ասաց միջոցառման հեղինակը` պատմության ուսուցչուհի, դասղեկ Անահիտ Հովհաննիսյանը.

-Մայիսի 9-ը և երկու մեծ Հաղթանակ: Մեր ժողովրդի ուժի և կորովի, ազատատենչ ոգու երկու փայլուն վկայություն: Եկե՛ք այսօր կրկին խոնարհվենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր սպանեցին ֆաշիզմը, ովքեր կերտեցին 70-ամյա խաղաղությունը, ովքեր ազատագրեցին մեր Շուշին… Փա՛ռք բոլոր հերոսներին:

Մեծ հաղթանակին նվիրված միջոցառումն ավարտվեց փոքրիկ բեմականացմամբ՝ հայտարարվեց պատերազմի հաղթական ավարտի մասին, զինվորը վերադարձավ պատերազմից, նրան դիմավորեց սիրած աղջիկը, ապա հնչեց «День победы» երգը:

Նանե ՍԻՄՈՆՅԱՆ