Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՅԾԵՑԻ ՎԵՐՋԻՆ ՎԵՏԵՐԱՆԸ` 301-ՐԴԸ



94-ամյա Խաչատուր պապը Սյունիքի մարզի Ույծ գյուղից է: Իրենց գյուղից պատերազմին մասնակցել է 301 մարդ, նրանցից 157-ը տուն չի վերադարձել:

-1943 թ. հունվարի 3-ից սկսեցին հարձակումը. ազատագրեցինք Ռոստովը, Օդեսան, Կալինինգրադը, հասանք Ռումինիայի սահմանին: Չեխոսլովակիա, Բուլղարիա, Վիեննա, աշխարհի ո՞ր ծայրում չեմ եղել,- հուշերի կծիկը բացել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Խաչատուր Զախարյանը ու պատմու՜մ է…

Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում, անցնող ամեն օրը մեզ ավելի ու ավելի է հեռացնում Մեծ հայրենականի դժնդակ օրերից: Սակայն պատերազմի բովով անցած մարդկանց հիշողությունների դեմ ամենակարող ժամանակն անգամ անզոր է, ոչ մի դրվագ չի ջնջվել նրանց մտապատկերից:

-Էս պատերազմը քանի՞ օջախ քանդեց, ինչքան ջահել զոհվեց,- դառնությամբ հիշում է վետերանը: -Նեմեցը պուլիմիոտը կապեր էր, մեզի կոտորում էր… գիշեր էր, որ լույս պացվավ, չորս կողմս սալդատներ մահացած էին, մենակ ես էի մնացել…

Խոստովանում է, որ դժվար, օրհասական շատ պահեր է ապրել կռվի դաշտում, բայց հրաշքով ողջ է մնացել: Ու ողջ մնացած համագյուղացի վետերանների հետ միշտ մայիսի 9-ին ամեն տարի միասին գնացել են Հուշարձանի մոտ` խոնարհվելու զոհված համագյուղացիների հիշատակի առջև:

…Այս տարի էլ Խաչատուր պապը Մայիսի 9-ին հագավ իր մեդալներով ծանրաբեռ պիջակը ու գնաց կանգնեց գյուղի Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև: Առաջին անգամ Խաչատուր պապը մենակ էր… Նա հիմա Ույծի Մեծ Հայրենականի միակ վետերանն է` 301-րդը…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Պատմության էջերից


14/05/2015