Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԿՈՒՆԻՍ



ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ է, ԵՎ ՎԵ՛ՐՋ…
Լեոնիդ Ազգալդյան

Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Հակարի գետի ամբողջ ավազանը: Հայոց երբեմնի բնօրրանի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր հայորդիներ մարտիրոսվեցին, ու վերստին հայացան Քաշաթաղն ու Վայկունիքը, Հաբանդն ու Աղահեճքը և այլ տարածքներ:

22 տարի առաջ՝ մարտի 31-ին, Սիսիանի ազատամարտիկների մի ջոկատ պետք է ամրանար Վակունիս (Բիչանիս) գյուղում: Վակունիսը գտնվում է բարձրադիր սարահարթի վերջում: Չհասած գյուղի առաջին տներին՝ հանկարծ լսվում են կրակոցներ, ու թշնամին հրետակոծում է մեքենան: Սկսվում է անհավասար մարտ: Սիսիանի ջոկատի տղաները՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ, դիմակայում են՝ պատսպարվելով մեքենայի մոտ: Բայց թշնամին սկսում է հրթիռակոծությունը: Մեքենան պայթում է և այրվում: Զոհվում և վիրավորվում են տղաներից մի քանիսը: Մարտը տևում է մինչև մութն ընկնելը: Մարտի մասնակից և պատահաբար ողջ մնացած Մկրտիչ Ջավադյանը պատմում է, որ ինքն էլ էր ծանր վիրավորվել ու սողալով հասել մոտակա ձորակը: Տղաներից շատերի համար այդ ձորակը դառնում է ապաստարան: Օգնության հասած մեր տղաները դուրս են քշում թշնամուն: Անհավասար մարտում նահատակվում են մայոր Վուրգ Ոսկանյանը, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանը, շարքայիններ Գևորդ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Ալբերտ Ազարյանը, Վարդան Բաբայանը, Զոհրակ Գևորգյանը, Մելսիկ Աթանեսյանը, Վալերիկ Ավետիսյանը, Հրայր Եղիազարյանը և Վահան Սիմոնյանը: Տղաների նահատակության տեղում որպես հուշարձան այսօր էլ կանգնած է զինվորական խփված մեքենան: Կողքին խաչքար-հուշակոթող` տղաների անուններով:

Վակունիս և Խաչինտափ գյուղերը կազմում են մեկ համայնք, որտեղ 1996 թվականից գործում է դպրոցը, որը կոչվում է Վուրգ Ոսկանյանի անունով: Յուրաքանչյուր տարի՝ մարտի 31-ին Վակունիսում կայանում է ոգեկոչման արարողություն՝ նվիրված 11 ազատամարտիկների հիշատակին: Ինչպես միշտ, այս անգամ էլ դպրոցում կայացավ Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառում: Բացի համայնքի բնակիչներից, ներկա էին հերոսների մարտական ընկերները, նահատակ ազատամարտիկ Վոլոդյա Կարապետյանի Գոռ և Մկրտիչ զինվորական որդիները, շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, կրթության բաժնի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառումն սկսվեց հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

Աշակերտները՝ ուսուցչուհի Դիաննա Ավետիսյանի ղեկավարությամբ, ներկայացրին մեր ժողովրդի անցած ուղին: Այնուհետև հատվածներ հնչեցին Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսից՝ մարմնավորելով Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Սևակին: Կոմիտասի դերում հանդես եկավ գյուղի բնակիչներից Սևակ Գրիգորյանը: Անդրադարձ եղավ «Նեմեսիս» գործողությանը, աշակերտները երգեցին «Գինի լից..» երգը: Իրենց ավագ ընկերների հետ հանդես եկան նաև նախադպրոցական երեխաները:

Նահատակ տղաների մարտական ընկեր Մ. Ջավադյանը շնորհակալություն հայտնեց, որ յոթ սարի հետևում գտնվող ու ընդամենը քսան տարվա պատմություն ունեցող այս գյուղի անշուք դպրոցում նման երեխաներ են դաստիարակվում ու կրթվում: Շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին, ուսուցիչներին, մանուկներին, որ շենացնում են իր մարտական ընկերների արյամբ ազատագրված ու սրբացած բնակավայրը: Մաղթեց՝ յուրաքանչյուր տարի ավելի շատ երեխաներ մասնակցեն նման միջոցառումների, բարի ծառայություն ցանկացավ դպրոցի շրջանավարտ Կարեն Հարությունյանին, որն այս պահին հայրենի սահմանն է պահում: Նշեց՝ արդեն 5-րդ անգամն է այստեղ և յուրաքանչյուր այցի նոր ձեռքբերումներ է տեսնում: Շնորհակալություն հայտնեց վակունիսցիներին, որ այստեղ են բնակվում:

Զինվորական եղբայրներ, Սիսիանի մարտական ջոկատի ազատամարտիկներ Ժորա և Մկրտիչ Դիլանյանները, որոնք ամեն տարի կազմակերպում են այց դեպի Վակունիս, ասացին՝ մեզ լավ ենք զգում՝ տեսնելով առաջընթացը։ Հպարտ ենք տեղի այն բնակիչներով, ովքեր շարունակում են տղաների գործը:

-Զոհվելը հեշտ է,- ասաց Ժորան, -ազատագրած երկիրը պահել ու շենացնելն է դժվար:

Դպրոցի տնօրեն Հեղինե Բախշյանը նույնպես շնորհակալ եղավ իր սաներից ու դուստր ուսուցչուհուց՝ կարևորելով Վուրգի ու նրա ընկերների սխրանքը, ողջ մնացած տղաների նվիրվածությունը հայրենի տարածքին:

Վակունիսի համայնքապետ Էդուարդ Զաքարյանը մեկ անգամ էլ նշեց, որ դպրոցն է համայնքի հիմքը, և մարտական ընկերների այցը տարածք ոգեշնչում ու ոգևորում է մատաղ սերնդին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն


14/05/2015