Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՕՏԱՐԸ ԱՊՐՈՒՄ Է ՔՈ ՑԱՎՈՎ…



Ուղիղ 100 տարի առաջ` 1915թ. փետրվարի սկզբին, Համառուսական երկրային միության բժշկա-սննդարարական 7-րդ դաշտային ջոկատի հետ միասին հայկական փոքրիկ Իգդիր քաղաք ժամանեց Ալեքսանդրա Լվովնա Տոլստայան (1884-1979թթ.)` անվանի գրող Լև Տոլստոյի դուստրը:

Նա Առաջին աշխարհամարտի սկզբներին ավարտել էր գթության քույրերի դասընթացները և կամավոր մեկնել ճակատ: Ալեքսանդրան ջանում էր, որքան հնարավոր է, թեթևացնել հայ գաղթականների վիճակը, բժիշկների հետ այցելում էր հյուծված մարդկանց, դեղեր նշանակում, բուժում, ապահովում սննդով: Սահմռկեցուցիչ տպավորություն էին թողնում կեղտոտ, հազիվ ինչ-որ քուրջերով ու լաթերով ծածկված մարդիկ: Գրողի դուստրը թարգմանչի միջոցով զրուցում էր նրանց հետ և ականջալուր լինում մեկը մյուսից դաժան պատմությունների: Այդ մռայլ, մղձավանջային տպավորությունները Ալեքսանդրան տպագրում է 1915թ. «Русские ведомости» ամսագրի փետրվարյան համարներում. «Գրեթե բոլորը կանայք և երեխաներ էին, տղամարդ համարյա չկար, բացառությամբ մի քանի զառամյալ ծերերի: Մեր բժիշկները բուժում էին նրանց, կերակրում, իսկ նրանք վշտահար պատմում էին իրենց բաժին հասած դառը ճակատագրից, պատմում էին թուրքերի ու քրդերի դաժանությունից: Մի հիվանդ կին նկարագրում էր, թե ինչպես էին իր աչքի առաջ սպանել ամուսնուն և երեխաներին, մորթել ազգականուհու ամուսնուն, հորը, եղբայրներին: Ես երբեք չէի տեսել և չէի էլ անգամ լսել նման տանջանքների մասին: Այս մարդիկ զրկվել էին ոչ միայն իրենց ընտանիքներից, հարազատներից, զրկվել էին տնից, ունեցվածքից, ամեն ինչից…»:

Ալեքսանդրա Տոլստայան իր նվիրված ծառայության համար հետագայում պարգևատրվում է Գեորգիևյան խաչով:

Ա.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային


30/04/2015