Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՑԵԼԻ, ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐԸ, ՆՐԱՆՑ ՎՐԱ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԳՈՐԾԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ

Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ խոցելի, ցավոտ մասեր և նուրբ կետեր, որոնց թեթևակի հարվածելու դեպքում անգամ հնարավոր է պատճառել ծանր մարմնական վնասվածք կամ նույնիսկ մահ:

Քանի որ մենք գործ ունենք հիմնականում զինվորական հանդերձանքով հակառակորդի հետ, պետք է ուսումնասիրել առավել խոցելի, մակերեսային մասերը:

Փաստացիորեն, մարդու բոլոր շարժողական հոդերի ծալմանը հակառակ ուժային ազդեցությունը կամ հարվածը կարող է պատճառել հոդախախտում, կոտրվածք կամ ցավոտ, շարքից հանող վնասվածք:

Շատ խոցելի է մարդու ողնաշարը: Քանի որ ողնաշարի ամբողջ երկայնքով գտնվում է ողնուղեղը, իսկ ողնաշարին կպած՝ կենտրոնական նյարդային համակարգը՝ ողնաշարի ցանկացած կետում հասցված վնասվածքը ունենում է ծանր հետևանք, նույնիսկ բերում է մահվան:

Մարդու մարմնի ամենախոցելի մասը գլուխն է, քանի որ գանգուղեղը շատ նուրբ է և կրում է ամբողջ մարմինը կառավարելու ֆունկցիան: Թեև գանգոսկրը ամուր է, բայց ուժեղ հարվածից կարող է վնասվել (ճաքել, փշրվել), և դա կունենա մահացու հետևանք կամ ծանր վնասվածք: Ճշգրիտ քունքին հասցված հարվածը մահացու հետևանք կարող է ունենալ:

Գլուխը խոցելի է նաև այն պատճառով, որ նրա վրա են գտնվում ամենազարգացած զգայարանները (տեսողության, լսողության, հոտառության): Ամենաուժեղ մարդն անգամ կդառնա անօգնական, եթե թեթևակի հարված ստանա աչքերին: Նպատակամղված հարվածի դեպքում հեշտ է ընդհանրապես կուրացնելը: Իսկ սուր գործիքով հարվածելով՝ կարելի է թափանցել մինչև ուղեղը և հետևանքը կլինի ակնթարթային մահ:

Արդյունավետ է նաև լսողության և հոտառության օրգանները վնասելը, քանի որ պատճառում է սուր ցավ, շոկ (գիտակցության կարճատև մթագնում):

Հեշտությամբ կարելի է հոդախախտել կամ փշրել ստորին ծնոտը:

Կոկորդին հասցված հարվածը, թեև ոչ ուժեղ, կարող է պատճառել մահ կամ ծանր վնասվածք ( շնչափողի կռճիկները վնասելու դեպքում առաջանում է շնչահեղձություն):

Կտրուկ հարվածի դեպքում կարելի է վնասել պարանոցի ողերը, որը նույնպես պատճառում է ակնթարթային մահ կամ ծանր վնասվածք: Նույն հետևանքն է ունենում նաև պարանոցը կտրուկ ոլորելը:

Ընդհանուր առմամբ, առավել արդյունավետ են մարմնի կենտրոնով (հասակի առանցքով) հասցված հարվածները դիմացից և թիկունքից: Թիկունքից հասցված հարվածները ողնաշարի ամբողջ երկայնքով (ներառյալ ծոծրակը) և դիմացից (հոնքերի և քթի միջև փոսորակը, քիթը, քթի անմիջապես տակը, ծնոտը, կոկորդը, արևային հանգույցը, ամորձիները) հասցված հարվածները առավել վտանգավոր են:

Արդյունավետ են ծալվող հոդերին, վերջույթների մկաններից զուրկ մասերին հասցված հարվածները: Կտրուկ հարվածով հեշտությամբ են վնասվում անրակոսկրը և կողոսկրը: Երիկամներին հասցված, նույնիսկ ոչ ուժեղ, հարվածը կարող է հակառակորդին գցել շոկի մեջ:

Շատ արդյունավետ են խեղդող հնարքները: Հակառակորդի կողերը սեղմելով գոտիով, պարանով, ոտքերով գրկելով՝ կարելի է նրան շնչահեղձ անել: Հակառակորդի պարանոցը սեղմելով սեփական օձիքով, պարանով, գոտիով, մատներով, դաստակներով, բազուկներով, արմնկահոդերով, ոտքերով՝ միաժամանակ կարելի է և՛ շնչահեղձ անել, և՛ խաթարել ուղեղի արյան սնուցումը:

Շարունակելի

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


05/03/2015