Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱՔ



Սիրանուշ մայրն էլի որդիներ ուներ, որոնք ամուսնացել, տունուտեղ էին դրել եւ ապրում էին ծննդավայրից հեռու: Ծնողների հետ մնացել էր կրտսեր որդին՝ Տիգրանը, որի «ականջը արդեն պիտի կտրեին»: Երբ սկսվեց պատերազմը, տղան դարձավ ազատամարտիկ: Տուն էր գալիս կարճ ժամանակով. մայրը հազիվ հասցնում էր վառարանին ջուրը տաքացնել, շորերը լվանալ, լողացնել, ու մեկ էլ. «Մամ ջան, վաղը գնալու եմ»: Ուզում էր համոզել, խոսել ամուսնությունից, սակայն չէր «ղմիշում» արթնացնել հոգնած քուն մտած իր որդուն: Ու այսպես նորից ճանապարհում էր որդուն ռազմի դաշտ ու զօրուգիշեր աղոթում նրա վերադարձի համար:
…Արդեն մեկ տարուց ավելի էր, ինչ զոհվել էր Սիրանուշ մայրիկի որդին: Որդիները, հարսները, թոռները հաճախ էին այցելում ծեր ծնողներին, փորձում համոզել, որ տեղափոխվեն իրենց մոտ, սակայն երբ այդ մասին խոսք էր լինում, Սիրանուշ մայրը տխրությամբ ասում էր.
-Չէ՛, չեմ կարող, ես ոնց փակեմ իմ տան դուռը, ոնց մենակ թողնեմ իմ բալին…
Գյուղում հարսանիք էր: Պետք է անցնեին Սիրանուշ մայրիկի տան առջեւով: Սիրանուշ մայրիկի զոհված որդու հիշատակը հարգելով՝ հարսանքավորները որոշեցին առանց նվագի, լռությամբ անցնել փողոցով: Երբ հասել էին Սիրանուշ մայրիկի դարպասներին, դուռը բացվեց, ու փողոց դուրս եկավ Սիրանուշ մայրիկը: Օրհնեց նորապսակներին.
-Բախտավոր լինեք, բալեք ջան, մի բարձի ծերանաք,- ու դիմելով նվագողներին՝ ասաց. -Էս ինչի՞ չեք նվագում, նվագեք բալեք ջան, էսօր ուրախության օր է…,- ասաց ու իր մեջ ուժ գտավ՝ բարձրացրեց թեւերն ու սկսեց պարել: Որդու զոհվելուց հետո դա առաջին անգամ էր, երբ մայրը տարածեց թեւերը: Եվ դա ասես պար չէր, պարտադրանք էր, հրաման, որը գալիս էր որդու կողմից:
Պարով, աղմուկ-աղաղակով շարունակվեց հարսանիքը: Շատերը թաշկինակները ծածուկ տարան դեպի աչքերը: Երբ հարսանքավորներն արդեն թեքվել էին կողքի փողոց, Սիրանուշ մայրիկը դանդաղ ներս մտավ դարպասից ու հետեւից ծածկեց դուռը: Հեռվից լսելի էր դհոլ-զուռնայի ձայնը…
Հաջորդ տարի նորապսակները երեխան գրկին ներս մտան Սիրանուշ մայրիկի օջախ.
-Սիրանուշ մայրիկ, տուր քո օրհնությունը, անունը Տիգրան է, որդուդ անունով ենք կոչել…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Հոգևոր-մշակութային


28/04/2011