Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑԸ՝ ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ՅԱՂՈԻԲ ՏՅՈՒՐՅԱ ԶՈՐԱՊԵՏԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Էնվերը պատմություն լավ գիտեր, հեռագրեց, որ իրեն անպայման Թերմեզում դիմավորեն։ Կուրբաշիներին, ջադիդներին, սրերը մերկացրած, պատվո տողանի կանգնած ավարառու ավազակախմբերի մյուս հրոսակապետներին արեւելյան ծիսակարգով ողջունելուց հետո մատնացույց արեց հին ռազմական ճանապարհը, ասաց.

-Այս նույն ոլորաններով Ալեքսանդր Մակեդոնացին է անցել` պարտվել, գնացել է, Չինգիզ, Թեմուր խաներն են անցել` պարտվել, գնացել են։ Ես եկել եմ, որ հաղթեմ ու մնամ։ Թշնամի բանակի հրամանատարն ո՞վ է։

-Յաղուբ Տյուրյան։ Ժողովուրդը նրան սիրում, այդպես է կոչում։

Էնվերը արհամարհանքով ծամածռեց դեմքը:

-Ի՜նչ է նշանակում որ…

-Հակոբ զորապետ։

Փաշայի բեղերը միանգամից ցցվեցին:

-Հայերն այս կորած-մոլորած լեռնաշխա՞րհն էլ են հասել։

-Նո՞ր են հասել՝ նրա հետախուզության պետը Սուրեն Դոլունցն է, ռազմահեղափոխական գլխավոր բյուրոյի լիազորը` Սահակյանը, «Սամարղանդ» նավի կոմիսարը՝ Աբրահամյանը, հեծյալ միավորման հատուկ բաժնի պետը՝ Սարուխանյանը, Տոնյանի, Թելյանցի, Մկրտչյանի, Նարինյանի, Բարսեղովի մասին էլ չենք ասում։

-Ախր, գիտեի, որ դրանք ազգ չեն, ապրելու իրավունք չունեն,-կերկերաց Էնվերի ձայնը,-սնկի նման ինչքան գլուխները կտրում ես, էնքան բազմանում են։ Ես քո հախից կգամ Յաղուբ Տյուրյա,-ցասումով ոռնաց նա,-քեզ իմ ձեռքերով ցցի կնստեցնեմ։

♦♦♦

Հակոբ Մելքումյանցին 1-ին հեծյալ բրիգադի հրամանատար էին նշանակել, հատուկ իրավասություններ շնորհել, բայց էլի Սողոմոն Թեհլերյանին, Արամ Երկանյանին, Արշավիր Շիրակյանին նախանձում էր։ Տղամարդու պես կանգնել էին ոսոխի դիմաց, զենքը ճակատներին պարպել։ Ինքն ու Էնվերը բանակներով էին իրար դեմ կռվում, ու ինչ մարտավարության էլ որ դիմում էր, վերջին պահին ճիվաղը բասմաչներին թողնում, ճողոպրում էր։

Ու դեռ գլուխ էր գովում.

-Էդ Յաղուբ կոչված հայը բռանս մեջ է։ Ոնց որ կատուն է մկանը որսում, հետը խաղալով, նույնն անում եմ ես։ Երբ ուզենամ` հում-հում կուտեմ։

Տարօրինակն այն էր, որ նրան հավատում էին, քանի որ խալիֆի փեսա էր, մարգարե էին համարում, ոտնատակի հողը խլխլում, լուծում էին ջրի մեջ, խմում։ Հիսարի Օլվիա-Կուլի բեկը նրան նվեր բերեց իր 12 տարեկան դստերը, Բուխարայի էմիրը բարձրագույն շքանշանով պարգեւատրեց, բրիտանական բանակը, որպես ընծա, գեներալի համազգեստ ուղարկեց։ Չէ, Էնվերը յուրայինների վստահությունը չէր արդարացնում, ոչ միայն Յաղուբ Տյուրյայի հետ հաշվեհարդար չէր տեսնում, այլեւ առճակատումներից էր անգամ խուսափում։ Վերջը մի քանի վստահելի բասմաչ գտավ, հայ զորավարի գլուխը բերելու համար ոսկով 10 հազար ռուբլի խոստացավ։ Բան դուրս չեկավ։

Թուրքը ի՞նչ է անում, երբ չի կարողանում հաղթել թշնամուն։ Դիմում է խարդավանքի, նենգադավության։ Նույնը Էնվերն արեց։ Նստեց, իր ձեռքով գրեց.

«Հեծյալ բրիգադի հրամանատար Մելքումովին.

Անչափ գոհ եմ քո մատուցած ծառայություններից, շարունակիր բթացնել ռուս հրամանատարների զգոնությունը։ Քո հետագա առաջադրանքները գրաբերս բանավոր կհայտնի։

Իսլամական զորքերի գլխավոր հրամանատար՝ Էնվեր»։

Նա երկտողը քառատակ ծալեց, կանչեց մի դեհկանի, հանձնարարեց.

-Այս նամակը Յաղուբ Տյուրյային կտանես, բայց այնպես կանես, որ քեզ բռնեն, խուզարկեն, գտնեն։ Մի՛ վախենա, բան չեն անի։

Զորամիավորման հատուկ բաժնի աշխատակիցները, երբ շտաբում օտար դեհկանի տեսան ու իմացան, որ ուզում է անձամբ բրիգադի հրամանատարի հետ հանդիպել, կասկածեցին։ Մեկուսացրին, հայտնաբերեցին նամակը, գլխավոր հրամանատարին՝ Կակուրինին հանձնեցին։ Նա կարդաց, գլուխն օրորեց՝ Մելքումովից դավաճանություն չէր սպասում, Տաշքենդ՝ ռազմաճակատի հեղափոխական խորհրդին ուղարկեց։ Մի քանի օր անց զորամասերի հրամանատարների խորհրդակցություն հրավիրվեց.

-Բավական է սիրաշահենք Էնվերին,-հոնքերի տակից խիստ Մելքումյանցին նայելով` ասաց նա,-պետք է հուլիսի 18-ից լեռնանցքներում հենակետեր ստեղծել, աննկատ շրջափակել զորաբանակն ու ոչնչացնել։

-Այսօր հուլիսի 14-ն է, ինչո՞ւ չորս օր սպասենք,-տեղից ձայնեց Մելքումյանցը,-բացի դրանից Էնվերի ոհմակը պետք է վերացնել ոչ թե շրջափակումով ու դարանակալումով, այլ շեշտակի հարձակումով։

-Ես մերժում եմ ձեր առաջարկը, ընկեր Մելքումով,-ցուցափայտը քարտեզակալին շրխկացրեց գլխավոր հրամանատարը։

Մելքումյանցն անակնկալի եկավ:

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ ձեզ չեմ վստահում։

Տաշքենդից հատուկ եկել, խորհրդակցությանը մասնակցում էր ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը։ Կակուրինի վերջին խոսքերը լսելով` նա աննկատ դուրս եկավ սենյակից, իսկ քիչ անց կապավորը ներս մտավ, զեկուցեց.

-Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ Սերգեյ Սերգեեւիչ Կամենեւը հեռակապի մոտ է հրավիրում ընկեր Մելքումովին։

-Ո՞ւմ,-տեղից ցատկեց Կակուրինը։

-Յակով Արկադեւիչին,-հանգիստ պատասխանեց կապավորը։

Յաղուբ Տյուրյան գաղտնի բաժին մտավ։ Հեռակապը նույն ակնթարթին չխկչխկաց. «Հրամայում եմ Ձեզ վաղը եւեթ՝ հուլիսի 15-ին, Ձեր բրիգադի գնդերով, Ձեր ընդհանուր հրամանատարությամբ վճռական հարձակման անցնել, ոչնչացնել Էնվեր փաշայի ոճրախմբերը»։

Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը Մելքումյանցի թիկունքից կարդում էր հաղորդագրությունը։ Երբ հեռակապը լռեց, ձեռքը ուսին դրեց, ժպտաց.

-Դե՛, քեզ տեսնեմ, Արարատի արծիվ, ինձ ամոթով չթողնես։

♦♦♦

Էնվեր փաշան, թեեւ Մելքումյանցի բրիգադին դիմադարձել չէր կարողանում, անընդհատ լեռից լեռ էր փախչում եւ իրեն անձեռնմխելի, անհասանելի էր համարում։ Ինքն իրեն հռչակել էր մահմեդական զորքերի գլխավոր հրամանատար, Աֆղանստանից մարտական համալրում, Անգլիայից մեծ քանակությամբ ռազմամթերք էր ստացել։ Դրա համար, երբ առավոտ վաղ համհարզը, առանց դուռը թակելու, նրա ննջասենյակ մտավ ու տեղեկացրեց, որ Մելքումյանցի հեծյալ գնդերը սրընթաց ռազմարշավով զորակայանին են մոտենում, նույնիսկ տեղից չշարժվեց։ Նա ամբողջ գիշեր հարբել էր, գլուխը ցավում էր։

-Հայն ո՞վ է, որ հանդգնի իմ հանգիստը խանգարել,-ասաց,-բացի դրանից, մեր հետախույզները տեղեկացրել են, որ հարձակումը հուլիսի 18-ին է նախատեսվում…

Փաշայի խոսքը խզեց Մելքումյանցի հատու ձայնը.

-Գնդացրային հեծելավաշտ, սրարշավով գրոհի, առա՜ջ…

Էնվերը ցատկեց անկողնուց, փորձեց համհարզի օգնությամբ հագնվել, չկարողացավ՝ ձեռքերը դողում էին, մարտասրերն արդեն պատուհանի տակ էին շաչում։ Նա այդպես փոխանով էլ ձի հեծավ, փախավ։

Զորակայան մտնելուն պես` Մելքումյանցը, նախ, Էնվերի ննջասենյակը խուժեց, դռների մեջ հիասթափված կանգ առավ։ Մահճակալը դատարկ էր։ Հատակին ցիրուցան ընկած էին անգլիացիների նվիրած գեներալական համազգեստը, ղուրանը, Օսմանյան կայսրության մարտական դրոշը, որից նա չէր բաժանվում։

Մելքումյանցի սիրելի հեծյալներից մեկը՝ Վանյա Սավկոն, նկատեց, թե ինչպես է մթնել, մռայլվել հրամանատարը։

-Դե, ժպտացեք, ուրախացեք, էլի, Յակով Արկադիչ,-թախանձեց նա,-Դուք այսօր 18 հազարանոց բանակ եք ջախջախել, ինչ վերաբերում է այդ արկածախնդրին, թույլ տվեք իմ դասակով հետապնդումը շարունակել։

Հետապնդումը ուղիղ տասնյոթ օր տեւեց։ Էնվերը 200 հավատարիմ բասմաչներով, ձյունածածկ լեռնանցքները, հորդացած գետերը ճեղքում, խուսանավումներով Աֆղանստանին էր մոտենում։ Սահմանամերձ Չագան գյուղում միայն թեթեւացած շունչ քաշեց, որոշեց մզկիթում իր գոհունակությունը հայտնել Ալլահին, որ փրկել էր կյանքը։ Հենց այդտեղ էլ նրան հասան Մելքումյանցի մարտիկները։

Ավելորդ զոհեր չտալու համար նրանք դիրքավորվեցին որոշակի հեռավորության վրա, սպասեցին։ Բայց Էնվերին նախազգուշացրել էին կարմիրբանակայինների հայտնվելու մասին, ուստի, նամազը չավարտած, անակնկալ դուրս թռավ մզկիթից, ցատկեց նժույգի գավակին ու սուրաց դեպի Աֆղանստան։

-Կրա՛կ,-կրկնեց Սավկոն,-հիմա սահմանը կանցնի։

Ճարճատեց գնդացիրը՝ «Էս մի կրակահերթը Մելքումովի կողմից, էս մեկը՝ կազակ Գրիշկայի, էս մեկը` խախոլ Վանյայի…»։

Ուշ երեկոյան Իվան Սավկոն բրիգադի հրամանատարին ներկայացրեց ռազմավարը՝ Էնվերի գրպանից հանված հետախուզական խիստ կարեւոր նշանակություն ունեցող նամակներ, որոնցից մի քանիսը հրապարակվեցին «Պրավդայում», ինչպես նաեւ անձնական կնիքը՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Իսլամական զորքերի գլխավոր հրամանատար, խալիֆի՝ Մուհամմեդի փոխանորդի փեսա»։

♦♦♦

Ջեմալ փաշային վերացրած խոտորջուրցիներին գնդակահարելուց հետո Ստալինը, ասես իմիջիայլոց, հարցրեց.

-Էնվերին Թուրքեստանում ո՞վ ջախջախեց…

-Հակոբ Մելքումովի հեծյալ բրիգադը։

-Մելքումովը կա՞։

-Իհարկե, նոր է ավարտել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

-Մերկացնել։

Պարզ էր, թե դա ինչ է նշանակում՝ թղթատարները քրքրեցին, գտան Էնվերի զեղծագրությունը։

Հակոբ Մելքումյանցն այդ ժամանակ Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր, ամառային արձակուրդին էր սպասում, որ կնոջը՝ Ֆրանուլին, զավակներին՝ Էդիկին ու Էլյային Ղարաբաղ տանի…

Քննիչը դանդաղ թերթում էր անձնական գործը:

-Պատմեք, տեսնենք։

-Ի՞նչ պատմեմ։

-Ինչպե՞ս էիք դավաճանում հայրենիքը, համագործակցում Էնվերի հետ։

Քաղաքացիական պատերազմի հերոսը քիչ մնաց խելագարվեր։

-Խնդրում եմ,-ասաց,-ինչ պատիժ ուզում եք, տվեք, բայց այդ մեղադրանքից ազատեք։ Հասկացեք, ես հայ եմ, այդ հրեշի նկատմամբ ազգային ոխ, ատելություն ունեմ։

-Հա՜, ուրեմն դաշնակցական էլ եք,-գրիչը ձեռքն առավ քննիչը,-լավ, դա էլ կարձանագրենք։

Վերջում, այնուամենայնիվ, հաշվի առան, որ Կարմիր դրոշի չորս շքանշան ունի, գնդակահարության փոխարեն 20 տարվա բանտարկության դատապարտեցին։ Հակոբ Մելքումյանցը ազատ արձակվեց 19 տարի անց, երբ արդեն 71 տարեկան էր։

Հազիվ հասցրեց հուշերը գրել…

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

2005, թիվ 11

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Պատմության էջերից


24/10/2013