Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑԸ՝ ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ՅԱՂՈԻԲ ՏՅՈՒՐՅԱ ԶՈՐԱՊԵՏԸ



Այն, ինչ հայ ժողովուրդը տեսավ ու ապրեց 1915 թվականին, ոչ մի ժողովուրդ, ոչ մի ժամանակ չի տեսել ու ապրել։

1914-ի դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ռազմական նախարար, բանակի գեներալ Էնվեր փաշան 90 հազարանոց բանակով, քրդական հեծյալ կորպուսով Կովկասյան ճակատ շարժվեց, որպեսզի, ինչպես ինքն էր հոխորտում «ռուս ճերմակաոռներին Սեւ ծովից դենը» շպրտի։ Սարիղամիշի ճակատամարտում ցարական զորամիավորումները, որոնց շարքերում Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քեռու հրամանատարությամբ հայկական չորս կամավորական ջոկատ էր մարտնչում, 70 հազար ասկյար ոչնչացրին, մնացածները սառնամանիքին չդիմացան, փախան։ Էնվերի կյանքը վերջին պահին թուրքական բանակի մի հայ հիսնապետ՝ Հովհաննեսը փրկեց։ Ռազմական նախարարը համբուրեց նրա ճակատը, տեղնուտեղը հարյուրապետի կոչում շնորհեց։ Անփառունակ նահանջի ճանապարհին՝ Կարինում, Վանում, որի նահանգապետը՝ Ջեւդեթը, Էնվերի աներորդին էր, Սեբաստիայում, Կեմերեկում, հրապարակային ելույթներում նա դրվատում էր հայ զինվորների խիզախությունն ու նվիրվածությունը, իսկ կառավարիչներին առանձին թելադրում էր գաղտնի հրահանգի սպասել, անհապաղ իրագործել։ Հրահանգը չուշացավ։

1915-ի ապրիլի 15-ին Պոլիս վերադառնալուն պես նա Թալեաթի ու Նազըմի հետ ստորագրեց Արեւմտահայաստանի ու Կիլիկիայի հայերի տեղահանության, բնաջնջման հրամանը. «…Օգտվելով պատերազմի պատեհ առիթից` վերջնական հաշվեհարդար տեսնել, Արաբիայի անապատները քշելով՝ վերացնել այդ անհարազատ տարրը…»։

Մեծ եղեռնի բոթը խորշակի պես Կովկաս հասավ, հայությունը սարսռաց, բայց ոչ թե հուսահատությամբ, այլ վրեժխնդրությամբ համակվեց։ Իսկույն եւեթ կամավորական երեք նոր ջոկատ կազմավորվեց, Գրիգոր Ավշարյանի, Հայկ Բժշկյանցի, իշխան Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ սահման փութացին։ Նույնիսկ եղավ մի պահ, երբ Անդրանիկը, Համազասպը, Դրոն, Գայը ցարական բանակն էլ հետեւում թողեցին, թուրքական կանոնավոր զորամիավորումները ջախջախելով` հասան Բերկրի, Վան, Կաղզվան, Ալաշկերտ, Մանազկերտ, Բաղեշ, Կարին, Երզնկա, ընդհուպ Մուշ մտան։

-Ախ, Լենինը, Լենինը,-մինչեւ մահ մորմոքում էր մեր հարեւանը՝ Անդրանիկի զինվոր Աբգար Մարտիրոսյանը,-հեղափոխություն չէ, ինչ ղալաթ ուզում էր աներ, բայց մի քիչ ուշ աներ։ Մենք ախր ուր որ է ազատագրելու՝ ի՜նչ եմ ասում, արդեն ազատագրել էինք Արեւմտահայաստանը□

Իհարկե, աշխարհում ոչ մի հայ չէր կարող համակերպվել բնօրրանը վերջնականապես կորցնելու իրողության հետ։ Առավել եւս` Ալեքսանդր Մյասնիկյանը։ Այդ ժամանակ նա Արեւմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, ու մինչ Կովկասում ռուս սպաներն ու շարքայինները ուսադիրները պոկում, զենքերը շպրտում, տուն էին վերադառնում, անսպասելի, աներեւակայելի միտք հղացավ։ Վճռեց իր զորամիավորումում կռվող հայ մարտիկներից զորախումբ կազմավորել, Հայաստան ուղարկել։ Վերեւներում համոզելը դժվար չեղավ՝ «Հայերը թուրքի դեմ վրեժ ունեն, լավ կկռվեն»։

Հետախուզական էսկադրոնի հրամանատար Հակոբ Մելքումյանցը՝ Մելքումովը, ինչպես դիմում էին ռուսները, եռանդով սրի շեղբն էր փայլեցնում, երբ նրան մոտեցավ դիվիզիայի հրամանատար Ժուկովը.

-Քեզ էդքան մի կոտորի, տուն ես գնում□

-Ե՞ս…

Մելքումյանցը ոտքի կանգնեց, նայեց Ժուկովին, երերաց։ Ու թեեւ չհավատաց, միտքն իրեն չենթարկվեց, սլացավ Շուշի, Թարթառի ափերով Խերխան հասավ։ Կտեսնի՞, այդքան տարի անց իրո՞ք կտեսնի իրենց գյուղը, Ծծաքար անձավը, Ծովատեղի աղբյուրը, որի նմանը չկար աշխարհում…

-Շատ մի ուրախացի, թթի օղի խմելու չես գնում, պատերազմը Կովկասյան ճակատում պիտի շարունակես, Մյասնիկյանի հրամանն է։

-Վա՜յ, Ալեքսանդր Ֆեոդորովիչ ջան, քո ցավը տանեմ։

Մելքումյանցը չզգաց, թե ինչպես այդքան տարի հետո շուրթերը հայերեն բառեր արտաբերեցին. երբեմն նրան թվում էր` մայրենի լեզուն մոռացել է։

-Հրամանատարը դո՛ւ ես լինելու, հայերի ցուցակը կազմի՛ր, ներկայացրո՛ւ։

Մտավ զորավան, դասակից դասակ անցավ, ու մինչ մարտախումբը կկազմավորեր, շտաբ հասավ Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի հեռագիրը. «Շո՛ւտ արեք, երկիր ենք կորցնում»։

…Հետեւում մնացին Ռիգան, Սմոլենսկը, Վորոնեժը։ Գնացքը փոխանակ դեպի Կովկաս՝ Թիֆլիս սլանալու, երկար կանգնում, տեղում պտտվում, ի վերջո ընտրում էր սպիտակգվարդիականներից ազատագրված տարածքներն ու դանդաղ, ասես վախվխելով, առաջ էր սողում։

Սամարայի կայարանում անսպասելի մի համհարզ բարձրացավ գնացք, ուղիղ Մելքումյանցին մոտեցավ.

-Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատարը ձեզ իր մոտ է հրավիրում։

Մելքումյանցը չկարողացավ սքողել տարակուսանքը՝ Ֆրունզեն ի՞նչ գործ ունի իր հետ։

Բարեբախտաբար, շտաբը հենց կայարանում էր` փակուղի մտած մի վագոնում։

Միխայիլ Վասիլեւիչը տեղից վեր կացավ երկար, ջերմորեն սեղմեց ձեռքը, աթոռ առաջարկեց:

-Մենք ձեզ վաղուց էինք սպասում, Յակով Արկադեւիչ, դուք որտե՞ղ եք մեծացել։

-Աշխաբադում, դե՛, որբ եմ եղել, բայց ազգությամբ հայ եմ□

-Գիտեմ, գիտեմ, տեղական ի՞նչ լեզուների եք տիրապետում։

-Տաջիկերենին, ուզբեկերենին…

Ռազմաճակատի հրամանատարը բացեց թղթապանակը:

-Թուրքմեներենը մոռացաք…

Մելքումյանցը ապշեց՝ Կարմիր բանակը նոր-նոր էր կազմավորվել, գաղտնի բաժինը ե՞րբ էր հասցրել իր մասին այդքան տեղեկություն հավաքել։

-Մի խոսքով,-Ֆրունզեն ոտքի կանգնեց,-մենք ձեզ պահում, բասմաչների դեմ կռվի ենք ուղարկում…

-Ոնց թե, ախր…

Ռազմաճակատի հրամանատարը ձգվեց, ուղղեց համազգեստը:

-Ընկեր սպա, մոռացեք ցարական կարգերը, Կարմիր բանակում հրամանը չեն քննարկում, կատարում են…

♦♦♦

Էնվեր փաշան թերեւս միակն էր իթթիհատական պարագլուխներից, որ չհաշտվեց, չհամակերպվեց իր կուսակցության ամոթալի պարտության հետ։ Դրա պատճառն այն էր, որ ներքուստ իրեն բարձր էր դասում Թալեաթից, Ջեմալից, բոլորից։ Ինքը Բեռլինում գերմանական ռազմական ակադեմիա էր ավարտել, խալիֆի, այսինքն` մահմեդական տիրույթներում Մուհամմեդի փոխանորդի փեսան էր, վերջապես համոզված էր, որ իր ժամանակների Թուրքիայի ամենահմայիչ տղամարդն է։

Նա երկար դեգերեց Եվրոպայում, փորձեց սիրաշահել գերմանացիներին, ծառայեց անգլիական հետախուզությանը, Մոսկվայում մինչեւ անգամ կոմունիստ ձեւացավ, եւ քանի որ ոչ մի տեղ նրա մեծամոլությունը հագուրդ չստացավ, ինչպես նրան թվաց` ուժերը, կարողություններն ըստ արժանվույն չգնահատեցին, որոշեց անցնել Միջին Ասիա։ Էնվերն իր նպատակները չէր թաքցնում՝ գլխավորել բասմաչների՝ մահմեդական ծայրահեղականների խռովությունը, միացնել Պամիրից Ղրիմ ձգվող տարածքները՝ Իրանը, Աֆղանստանը, Բուխարան ու իրեն հռչակել խալիֆ։ Իհարկե, նա չէր ասում, որ քաղաքակիրթ աշխարհը ինքնակամ թողնելու, Թուրքեստանում ապաստանելու բուն պատճառը հայ վրիժառուներից խույս տալը, հետքերը կորցնելն է։ Վերջին երկու տարում նրանց գնդակները Բեռլին, Հռոմ, Թիֆլիս, Պոլիս, ուր ասես, հասնում, թիրախները դիպուկ խոցում էին։ Դե թող գային ու իրեն գտնեին Զերավշանի լեռնաշղթայի քարակարկառներում, Դեյնաուի անդնդախոր՝ մահվան կիրճում։

Շարունակելի

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

2005, թիվ 11

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Պատմության էջերից


17/10/2013