Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԽՈՏՈՐՋՈՒՐՑԻՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարում

Կառլոս Չախալյանի պատմությունից հետո Թիֆլիսի խոտորջուրցի փռապանները ուրվականների պես էին շրջում, իրենց անգամ իրենց կանանց արժանի չէին համարում։ Նրանք մեռել, բայց կարողացել էին պատվով մեռնել՝ ամեն ինչից զրկվելուց հետո ինչո՞ւ էին իրենք ապրում, չէին հասկանում։

Վերջապես հասկացան։

Շատ ժամանակ չանցավ, ու Քաբուլից Մոսկվայի վրայով տուն վերադառնալիս Ջեմալ փաշան որոշեց մի քանի օր Թիֆլիսում մնալ։ Նա շատ էր լսել վրաց գեղեցկուհիների, Կախեթի գինու, գուսանների հուզաթաթավ երգի մասին։ Աշխարհն ո՜ւմ էր մնացել, որ իրեն մնար՝ փաշայի սիրտը քեֆ, ուրախություն էր ուզում։ Այդ մասին առաջինը Օգոս Սչանյանն իմացավ ու առավոտ շուտ Պողոս Պողոսյանի փուռը խուժելով, սովորական բարեւ-բարի լույսի փոխարեն, վրա տվեց.

– Հայրենակիցնե՛ր, ավետի՛ս։

Հացթուխները գլուխներն անգամ չբարձրացրին։ Ի՞նչ լուր պիտի լիներ, որ իրենց տրամադրությունը փոխեր։

– Հասկացե՛ք,- Օգոսի ձայնը միանգամից ցածրացավ, խորհրդավոր դարձավ,- որսը երկու ոտքով թակարդն է ընկել։ Ջեմալ փաշան Թիֆլիսում է։

– Ոնց թե,-փռապանները ցնցվեցին, նայեցին իրար, չհավատացին։

– Հաստատ եմ ասում, ու եթե բան է, ձեռքներիցս պրծացնենք, պիտի լաչակ կապենք, Քուռն ընկնենք։

– Ուրեմն՝ խոհեմ վարվենք,- Գեւորգը, որ տարիքով ամենից մեծն էր, արագ փակեց դուռը,- բոլորս էլ վրեժ ունենք, գիշերը ժողովի նստենք, ինչ որ անելու ենք, միասին անենք։

– Ինչի ժողովի նստենք, սնդավենք վերջանա,- Խոտորջուրի բարբառով կարճ կտրեց Արտաշես Գեւորգյանն ու կապտելու աստիճան սեղմեց բռունցքները։

– Սնդավենք,- արձագանքեցին բոլորն ու կապտելու աստիճան սեղմեցին բռունցքները։

Կեսգիշերին տասներեք հոգի լուռ, աննկատ, Սերոբ Դուրլարյանի փուռը մտան։ Բոլորն էլ ճերմակած մազեր, խորշոմած այտեր ունեին, բայց տարիքով մեծ չէին։ Խոտորջուրցի հացթուխները միանգամից այդպես ծերացան, երբ հասկացան, թե ինչ են կորցրել աշխարհում։ Բովտան մարմրող լույսերի ներքո նրանք իրենց ուխտը վավերացրին, հանձնարարականներ ստացան, պարտականություններ ստանձնեցին ու համբուրվելով՝ աներեւութացան խավարում։

Այսինքն` ոչ միայն նրանք, եթե Անդրանիկի կամավորական բանակի բոլոր խոտորջուրցիներն էլ հավաքվեին, ի՜նչ պիտի անեին։ Ճիշտ է, Ջեմալ փաշան նույնիսկ մտքով չէր անցկացնում, որ աշխարհում ողջ խոտորջուրցի է մնացել, բայց վերջերս մի անբացատրելի վեհերոտություն էր ծվատում հոգին։ Ինքն իրեն չէր խոստովանում, բայց սկսում էր վախենալ եւ այն էլ ումի՞ց՝ հայերի ուրվականներից, որոնց հարավային ռազմաճակատում ընդունել, ստույգ մահվան էր ուղարկել։ Անխտիր բոլորին էր ուղարկել, դրա համար չէր հասկանում, թե ինչպե՞ս են հարություն առնում, երկրե երկիր իրենց հետեւում, Թալեաթ փաշային պատուհասում Բեռլինում, Սայիդ Հալիմ փաշային՝ Հռոմում, Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին□Մեկ տարվա ընթացքում յոթ վրիժառություն։ Բա դա կոտորված ազգի արարմո՞ւնք էր։ Հետո ի՞նչ, որ Իթթիհատի այդ նույն պարագլուխներին մահապատժի էր դատապարտել Թուրքիայի ռազմական գերագույն ատյանը։ Հայերը չէի՞ն հասկանում, որ գերագույն ատյանի որոշումներն էլ են ձեւական։ Չէ՛, Ջեմալ փաշան այդքան միամիտ չէր։ Նա համարյա չէր իջնում կառքից, թիկնապահից՝ մեղա՜, մեղա՜, արտաքնոցում անգամ չէր բաժանվում եւ նույնիսկ անձնական քարտուղարին տվյալ օրվա ծրագրերը նախօրոք չէր տեղեկացնում։ Խե՜ղճ խոտորջուրցիներ, տասներեք հոգով փուռերը անտեր, հաճախորդներին անհաց թողած, ամբողջ օրը հեւիհեւ հետապնդում էին ճիվաղին, գիշերները հուսախաբ անկողին մտնում։ Էլի մեջների ճարպիկը Կառլոս Չախալյանի եղբայրն էր՝ Գրիգորը։ Նա Թիֆլիսում քեմալական Թուրքիայի հյուպատոսական կցորդ Նուրէդդին բեյի հետ նույն՝ Վելիամինովսկայա փողոցի թիվ 22 տանը, կից սենյակում էր ապրում ու ամեն գիշեր ականջը դռանը կպցնում, հարբած դիվանագետների բաժակաճառերն էր լսում։ Այդպիսի մի շատախոսության ժամանակ իմացավ, որ փաշան ցանկություն է հայտնել հրաժեշտի երեկոն ճոպանուղու բարձրադիր ռեստորանում անցկացնել…

Արտաշես Գեւորգյանն ու Պետրոս Տեր-Պողոսյանը վերջին անգամ Համբարձում Պալճյանի բերած «Նագան», «Կոլտ», «Պարաբելում» ատրճանակները փորձարկում, «Մաուզերներն» են ընտրում։ Օրը, հուլիսի 21-ը՝ ուրբաթ, թուրքերի կիրակին էր։ Երկու խոտորջուրցի նույն ռեստորանում սեղան վարձեցին, ձեւացրին, թե ուտում-խմում են, բայց հայացքները ոչ մի ակնթարթ Ջեմալից չհեռացրին։ Մյուսները դիրք էին մտել ճոպանուղուց թուրքական հյուպատոսարան ձգվող ոլորանի բոլոր շրջադարձերում։ Բայց որտե՞ղ սնդավեին անմեղ հայ կանանց, մանուկների դահճին՝ հենց ռեստորանո՞ւմ, ճոպանուղու վերջին կայանո՞ւմ, թե՞ Դանովսկայա փակուղում։ Ամենահարմարը՝ ոչ բանուկը, իհարկե, թուրքական հյուպատոսարան տանող Պետրոս Մեծ փողոցն էր, բայց այնտեղ էլ ցցված էր չեկայի շենքը, որի շրջակայքում միշտ տեսանելի ու անտեսանելի գործակալներ էին վխտում։

Ջեմալի տրամադրությունը բարձր էր։ Ողջերթի խնջույքը վաղուց ավարտվել էր, բայց նա որոշում է ճոպանուղու բարձունքից վերջին անգամ դիտել գիշերային Թիֆլիսը, նորից կոնյակ է պատվիրում։ Ու հասկանալի է՝ շաղակրատում է Քաբուլում վարած բանակցությունների հաջողության, մահմեդական երկրների մոտակա միավորման, թուրանական խալիֆայության ստեղծման մասին, որտեղ իրեն սուլթանի, առնվազն վեզիրի պատմուճանով է պատկերացնում։ Ի վերջո անձնական քարտուղարին կարգադրում է հաշիվը փակել ու հաճույքի համար ճոպանուղի է նստում։ Դիրքապահներն իսկույն վարձում են քաղաքային կայանի բոլոր կառքերը, որպեսզի Ջեմալը ոտքով հասնի հյուպատոսարան։ Ճոպանուղուց երեք հոգով են դուրս գալիս։ Առջեւից, անընդհատ շուրջը նայելով, քայլում է թիկնապահը, ետեւից, քարտուղարի հետ թեւանցուկ զրուցելով՝ Ջեմալը։ Անցնում են Պուշկինյան պուրակը։ Ալեքսանդր Նեւսկու տաճարը։ Երմոլովյան վերելքը։ Հենց մտնում են Պետրոս Մեծ՝ ոչ բանուկ փողոցը, Արտաշեսն ու Գեւորգը հանդիպակաց մայթից արագ-արագ առաջանում, անցումը կտրում, ընդառաջ են ելնում։ Ջեմալը հարբածությունն իսկույն թոթափում, ձեռքը գրպանն է տանում։

– Մի՛ շտապիր, փաշա՛,- հանգիստ ասում են խոտորջուրցի վրիժառուները,- հիշիր Ուրֆան, Ռաքքան, Դեր-Զորը։ Չե՞ս ուզում հիշել։ Հիմա կհիշես…

Չեկայի շենքի առջեւ էլ որոտում են ատրճանակները։ Ջեմալն ընկնում է, ու նրա դեմքին ուրվագծվում է այն ժպիտը, որ ուրվագծվել էր Ուրֆայում, երբ Մարուզ մայրիկը ծնկաչոք խնդրել էր խնայել իրենց կյանքը։ Հենց այդ ժպիտն է մնում փաշայի դեմքին, սառչում։ Ու մինչ չեկայի գործակալները փողոց կնետվեն, վրիժառուները խավարը ճեղքում, խառնվում են Երեւանյան հրապարակի խուճապահար բազմությանը, տարակուսանքով հարցնում.

– Այս ի՞նչ իրարանցում է, ի՞նչ է պատահել…

Հետո տարբեր ճանապարհներով տուն են գնում, նշում «իրադարձությունը»։

♦♦♦

Չեկայի պատասխանատու աշխատակից Վանյա Գեւորգովը տարիներ անց պիտի խոստովաներ.

– Ես ում ասես կկասկածեի, բայց որ խոնարհ ու անշառ խոտորջուրցի հացթուխները նման չբացահայտվող ահաբեկչություն կձեռնարկեն, մտքովս էլ չէի անցկացնի…

Բռնարարքից հետո նա, իհարկե, խորհրդային նոր ձեւավորվող Միության, Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները չսրելու, ամենազոր ու ամենատես չեկայի համբավը չարատավորելու համար անխնա ձերբակալում, հարցաքննում էր ազգայնականի համարում ունեցող հայերին, անգամ նրանց կանանց, դպրոցահասակ երեխաներին։ Երբ Մետեխին անմեղ հայերով է լցվում, Արտաշես Գեւորգյանի խիղճը տանջում է, ինքնակամ ներկայանում է Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյանին։

-Ընկեր Մյասնիկյան,- խոստովանում է նա,- Աստծուց թաքցնեմ, ձեզնից ի՞նչ թաքցնեմ, իմ պատճառով անտեղյակ մարդիկ են բանտ ընկնում, խորհուրդ տվեք, ինչպե՞ս վարվեմ։

Մյասնիկյանը վեր է կենում, ներսից կողպում է առանձնասենյակի դուռը։ Հետո մոտենում, ձեռքը դնում է Արտաշեսի ուսին, շշնջում.

-Նորություն մի՛ ասա, գնա՛ Ռուսաստան, մի քանի տարի մի երեւա։ Բանտարկվածների մասին չմտածես, շատ չենք պահի։ Թուրքիայի աչքին թոզ պիտի փչե՞նք, թե չէ…

Ցավոք, ցեղասպանությունը դրանով էլ չավարտվեց, այն, ինչ թուրքերը չհասցրին անել, արեց Ստալինը։ Նախ ինքնաթիռի աղետ սադրեց, վերացրեց Մյասնիկյանին, հետո բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Ջեմալի վրիժառությանը, գնդակահարեց, մյուս խոտորջուրցիներին, անկախ այն բանից, Թիֆլիսում էին ապրում, Դոնբասում, թե Երեւանում, ամենաքիչը տասնհինգ տարով Սիբիր աքսորեց։ Արտաշես Գեւորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, մյուսները, չնայած հետմահու արդարացվեցին, բայց գերեզման չունեցան։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ իմ, քո նահատակ ու վերապրող հայերի երախտիքն եմ ուզում արտահայտել, ընթերցո՛ղ, ծաղիկներով Ծիծեռնակաբերդ եմ բարձրանում, հուշահամալիրի խոնարհման պատին, որն ինձ թվում է` հենց այդ նպատակի համար է դատարկ թողնված, նրանց անուններն եմ փնտրում։

Փնտրում ու չեմ գտնում։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

2005, թիվ 9

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Պատմության էջերից


10/10/2013