Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԽՈՏՈՐՋՈՒՐՑԻՆԵՐ



Այստեղ հառնում են Հայաստանի ամենաբարձր լեռները. Քաջքարը մեր երկրի քարե տանիքն է, որտեղ դարեր առաջ Հայկը հաղթել է Բելին։ Ու դա առասպել չէ՝ ճակատամարտից առաջ մեր նահապետը ելել է այս նույն լեռներն ու ընդերքից հորդացող պաղպաջուն գետի մեջ սուզել երեքթեւյան նետերը։ Յոթ օր, յոթ գիշեր հետո, երբ հանել, ջրդեղել է բարկ արեւի տակ ու արձակել լայնալիճ աղեղով, նետերը օձի նման շաչել, որձաքարերին դիպչելով` շանթեր են արձակել… Հենց այդ գետն է, որ լեռներից հովիտ գահավիժելով` կտրուկ խոտորվում, թեքվում է Ճորոխ։ Դրա համար էլ Խոտորջուր է կոչվում։ Առաջ գետի ափին նույն անունով միայն մի փոքրիկ գյուղ կար, որը Մամիկոնյանների տոհմական ամառանոցն էր, հետո աստիճանաբար թաղերը մեծացան, թաղերը բաժանվեցին, Ճիճապպղ, Կարմրիք, Միջնթաղ, Խանդաձոր, Մոխորկուտ անուններով գյուղեր կազմեցին։ Քարտեզի վրա իզուր մի փնտրեք, չեք գտնի, չկան այլեւս այդ շեն ու շենշող բնակավայրերը։ Մինչեւ վերջերս կար միայն խոտորջուրցի Վահան Հուլունյանը, որը սահմանամերձ Արաքս կայարանի իր տան տանիքին հեռադիտակ էր հարմարեցրել, հեռվից գոնե բնօրրանն էր տեսնել ուզում, չէր կարողանում։ Վերջը չհամբերեց, այսպիսի նամակ գրեց թուրքական Հունուտ գյուղի Ալի բեկին, որն իրենց Միջնթաղի տանը շատ էր հաց կիսել, հոր հետ մի քանի անգամ Ռուսաստան էր գնացել-եկել։

«Ալի բեկ, քո աստծու սիրուն, քո զավակների սիրուն, մի գիր ուղարկիր իմանամ՝ մեր տունը, այգին ի՞նչ եղան, վանքի գմբեթը հո չի՞ խոնարհվել, հանգստարանի խաչքարերը կանգո՞ւն են։ Թե նեղություն չի, նամակիդ մեջ մի պտղունց հող դիր, որ երբ մեռնեմ, աչքերիս ցանեն, նոր թաղեն»։

Ալի բեկը ողջ չէր, նամակին այսպես պատասխանեցին նրա որդիները, թոռները։ Գեղովի.

«Տո անամոթ հայեր, դեռ երես ունեք ձեր տունն ու այգին ե՞ք հիշում։ Ձեզ ի՞նչ էր եղել, որ մեզ էսպես փերուշան թողեցիք, գնացիք։ Թրքանայիք, մնայիք էլի։ Հեչ չմտածեցի՞ք, թե ով պիտի բանեցնի ձեր ջաղացները, մեր երեխաների համար չիր ու պաստեղ ո՞վ պիտի չորացնի։ Որ էդպես է, էդպես, էլ ձեր գյուղերի անունները չտաք, չհիշեք։ Մի պտղունց հո՞ղ, իսկի փուշ չենք ուղարկի, որ աչքներդ մտցնեք»։

Խոտորջուրցի կանայք, որոնք բոլորն էլ Հայկ նահապետի զարմից էին սերում, տղամարդու պես լայնաթիկունք, հաղթանդամ ու հաղթահասակ էին, կանխազգում էին, որ իրենց բնօրրանն էլ չեն տեսնելու։ 1915 թվականի հունիսի 11-ին, երբ նորածիններին փայտե օրորոցները դրին ու շալակներն առած տարագրության ճամփան ընկան, հենց Խոտորջուրը սուզվեց ամպերի, սարերի մշուշում, չդիմացան՝ այդ տղամարդ-կանայք փլվեցին, փղձկացին, մի ձայնի երգեցին.

– Մնաս բարով, սիրուն Խոտորջուր,

Մնացեք բարով, սարեր ու ձորեր,

Ժամեր, մատուռներ,

Տուն ու թոնիրներ…

Քաջքարը լսում ու չէ՛, չէր ճաքում, Ճորոխ գետի վարարած ջրերը չէին ցամաքում։

Ուղեկցող զինվոր-ոստիկանները միայն հրամայեցին օրորոցները կռնակներից իջեցնել ու ասացին.

– Որ էդպես սրտալի երգում եք, հիմա էլ հանվեք, պորտապարով մնաս բարով արեք ձեր շեներին։

Կարդացո՛ղ, կարող է զարմանաս՝ բա էդքանի մեջ մի հայ տղամարդ չկա՞ր, որ քար վերցներ, գոնե քարով պաշտպաներ իր ազգի կանանց պատիվը։ Չէ՛, չկար, համարյա չկար։ Խոտորջուրի ուստրերը հենց 13-ը բոլորում, Ռուսաստան էին պանդխտում, Թիֆլիսի, Ռոստովի, Դոնբասի, Խարկովի փռերը բանեցնում։ Նրանց թխած հացը նմանը չուներ, համով, հոտով, անգամ տեսքով հիացնում էր։ Խեղճերը ամբողջ օրը, ընդ որում՝ նաեւ գիշերը, բարկ քուրաների առաջ խանձվում ու հենց մի քանի կոպեկ հետ էին գցում, կարոտած գյուղ էին շտապում։ Այդպես Խոտորջուրի փողոցներում մերթընդմերթ տղամարդիկ էին հայտնվում՝ իրենց հետ բերելով ռուսական երկարաճիտ կոշիկներ, ինքնաեռներ եւ այլն։

Նրանք, երբ տեղահանության լուրն առան, չսպասեցին անգամ, որ տաշտերի խմորը թթվի, Փոթի շտապեցին՝ գլուխները էս քարին, էն քարին խփեցին, Սեւ ծովը կտրել չհասցրին։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվել էր, սահմանով իսկի ծիտ չէր կարողանում անցնել. ո՞վ էր հային բանի տեղ դնում։ Լաց եղան նրանք տղամարդու ծանր լացով, վհատ, հուսաբեկ հետ դարձան։

Ու չիմացան, թե ինչպես խոտորջուրցի կանանց քարավանն ուղեկցող, ավելի ճիշտ՝ տանջամահ անող զինվոր-ոստիկանները ողջ-ողջ թաղեցին 13-ամյա՝ Տիրամոր նման գեղեցիկ Մագթաղինե Սանոյանին, քանի որ աղբյուրների մոտ անգամ արգելում էին ջուր վերցնել, մայրերը երեխաների մեզը թիթեղյա ամանների մեջ հավաքեցին, խմեցին, Եփրատի կամուրջն անցնելիս, պատիվներն անարատ պահելու համար նրանք նախ դեռատի դստրերին գետը հրեցին, հետո իրենք խաչ հանեցին, հետեւներից նետվեցին։

Այս ամենն ի՞նչ էին, սակայն, այն արհավիրքի համեմատությամբ, որ պատմեց զինադադարից հետո արաբ բեդվինի տարազով Թիֆլիս հասած Կառլոս Չախալյանը։

Ուրֆայի մոտերքում էր, բարկ ավազից անտեսանելի կրակ, բոց էր բարձրանում։ Ինչպես Սինայի անապատում անկեզ այրվում էին մորենիները։ Խոտորջուրի առնական կանայք, սմքել, սեւացել, կծկվել էին կողք կողքի։ Փրկության ոչ մի հույս չէր մնացել։ Քարավանի ամենածեր կինը՝ Մարուզ մամիկն անգամ, որ իրենց զովասուն լեռներից մինչեւ այդ անջրդի հովիտները բոլորին գոտեպնդել, հղիներին տատմերություն էր արել, հիվանդներին խոտերով ու բույսերով բուժել, լաչակը քաշել էր գլխին, պապակ շուրթերով աղոթում էր։ Ինչո՞ւ Աստված չէր առնում հոգին, որ չտեսներ, թե ինչպես է վերանում, անապատի ավազներին խառնվելով անէանում Խոտորջուրը։ Հանկարծ նրան թվաց, թե ընդերքը դողաց։ Դժվարությամբ հետ տարավ լաչակը, չհավատաց աչքերին։ Վերջալույսի արնագույն բոցերի միջից, թիկնազորով շրջապատված, մի հրեղեն ձիավոր էր մոտենում։

-Ղանջըղնե՛ր,- իրար անցան, խզակոթերով կանանց հրհրեցին, ոտքի հանեցին զինվոր-ոստիկանները,- գլուխ տվեք, երկրպագեցեք, Ջեմալ փաշան՝ մեր ծովային նախարարն ու Հարավային ճակատի գերագույն հրամանատարն է անցնում։

Թիկնազորը կանգ առավ։ Ջեմալը հեծել էր արաբական ճերմակ երիվարն ու ստեպ-ստեպ զնգացնում էր արծաթե ասպանդակները։ Նայեց, նայեց նրան Մարուզ մայրիկն ու մեկ էլ գլխի ընկավ՝ սա է հենց այն պահը, որ պիտի որոշի Խոտորջուրի լինել-չլինելը։ Լաչակը քանդեց, ճերմակ մազերը ոսկրացած այտերն ի վար թափեց, չոքեչոք Ջեմալին մոտեցավ.

-Փաշա՛,- ասաց,- քո ոտն ենք ընկել, գութն ենք աղերսում, թույլ տուր դառնանք մեր տները։ Մենք կինարմատ ենք, որ տեղով կրակ էլ կտրենք, ի՞նչ կարող ենք անել։ Խղճա…

Ջեմալը վերից վար չափեց մոր տարիքի կնոջը, խոհերի մեջ ընկավ։ Հետո ոսկեհյուս մտրակով քորեց ականջի հետեւն ու ժպտաց անհասկանալի, անբացատրելի ժպիտով։

– Քավթառ ջադու,- հանկարծակի մտրակը ծեր մամիկի դեմքին շաչեցրեց նա,- կարծում ես` միտքդ չե՞մ հասկանում, չգիտե՞մ, որ ձեր ամուսինները կռվում են Անդրանիկի բանակում։ Ուզում եք ողջ մնաք, տուն գնաք, որ էլի հայ լակոտնե՞ր ցնկնեք։ Օձի էգն ու արուն չի լինում, հայ կանայք մեզ համար նույնքան վտանգավոր են։

Նա մտրակը բարձրացրեց, որ մի անգամ էլ խփի, բայց նկատեց ձիու սմբակների տակ լճացող արյունն ու Դեր-Զորի ճամփան ցույց տվեց.

– Տարեք, բոլորին տարեք…

Զինվոր-ոստիկաններն իրենց Դեր-Զոր հասնելու նեղություն էլ չտվին, հենց Ջեմալ փաշան հեռացավ, վրա հասան, անզոր, անպաշտպան կանանց մորթոտեցին, խաչեցին, ցիցը հանեցին։ Ոչ ոք չփրկվեց…

Համբերիր, ընթերցո՛ղ, այս ամենն այսպես չվերջացավ, եւ ոչ էլ Ջեմալ փաշայի արածն իրեն մնաց։

Շարունակելի

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
2005, թիվ 9

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ճակատագրեր


04/10/2013