Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ



Հուլիսի 3-ի հեղաշրջման արդյունքում՝ զինվորականները Եգիպտոսում իրենց ձեռքը վերցրին երկրի իշխանությունը` ձերբակալելով նախագահ Մուրսիին: Նրան մեղադրեցին «Մուսուլման եղբայրներին» գործողությունների չափազանց մեծ ազատություն տալու և հիվանդ տնտեսության համար կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումները տապալելու համար: Մի քանի շաբաթ անց սկսվեցին «Մուսուլման եղբայրների» պատասխան գործողությունները` հատկապես բեկումնային եղան օգոստոսի 14-ի դեպքերը, երբ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Մուրսիի կողմնակիցներին ցրելու արդյունքում Կահիրեում և այլ քաղաքներում սպանվեց, ավելի քան 600 մարդ, վիրավորվեց ավելի քան 4200-ը, իսկ իսլամիստները նշանավորեցին իրենց մտադրությունները՝ ուղղափառ ղպտիական եկեղեցիները ավերելով և հրկիզելով:

Այդ օրերին Եգիպտոսում տեղի ունեցածի վառ պատկերները, որոնցով ուղղակի հեղեղված էին աշխարհի ԶԼՄ-ները, եւ որոնք հիշեցնում էին 2011թ. «հեղափոխության» առավել սուր պահերը: Այն ժամանակ բոլոր տեղական և համաշխարհային հեռուստաալիքները լի էին այժմյան իրադարձությունների ընթացքը կրկնող տեսանյութերով՝ կատաղած, ալեկոծվող ամբոխ, շփոթված ոստիկաններ, կենտրոնացած-լարված հայացքներով տեղեկություն հաղորդող արևմտյան թղթակիցներ… Այնպես պատահեց, որ տողերիս հեղինակը այդ օրերին Եգիպտոսում էր: Եվ հարկ է ասել, որ փողոցներում շարված հին «Կալաշնիկովներով» զինված բազմաթիվ զինվորականները, որոնց տեսքը այնքան էլ չէր համընկնում «զինվորականների դիկտատուրայի» մասին հնչող խոսքերին…

Դեռ այն օրերին շատերն էին հասկանում, որ Եգիպտոսի կառավարվող քաոսացման գործընթացը գործի է դրվել Վաշինգտոնից: Եգիպտոսում տեղի ունեցողի հիմքում ընկած են ոչ թե «ֆլեշմոբները», այլ հենց հիմնավոր պատճառները: Եվ այդ պատճառները շատ հաճախ հարկավոր է փնտրել Եգիպտոսի սահմաններից դուրս: Առաջին փուլում Մուբարաքի ամերիկամետ և իսրայելամետ ռեժիմը տապալվեց «դեմոկրատների» կողմից՝ Օբամայի գլխավորությամբ: Այս մարդիկ հույսը դրել էին տարածաշրջանում աշխարհիկ ռեժիմների վերացման և ռադիկալ-իսլամիստներին առաջ մղելու վրա: Փոխվում էր ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Մերձավոր Արևելքը պահելու ռազմավարությունը:

Բազմաքայլ գործողության երկրորդ փուլը նշանավորվեց ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալմամբ՝ հատուցելով Գազայի հատվածի վերաբերյալ Իսրայելի համար անցանկալի դիրքորոշման, ԱՄՀ-ի բռնապետությանը չենթարկվելու, Թուրքիայի հովանու ներքո հակաիրանական առանցքին չմիանալու, եգիպտական զինվորականներին իր վերահսկողության տակ դնելու փորձի համար: Մուրսիին հեռացնելուց հետո երկրի ճակատագիրը կախվածության մեջ հայտնվեց մի կողմից իշխանության եկած հենց նույն զինվորականների` Եգիպտոսի ազգային շահերը պաշտպանելու պատրաստությունից, մյուս կողմից մերձավորարևելյան գործերի մեջ ներգրավված հիմնական տերությունների /ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Թուրքիա/ ռազմավարական հեռահար ծրագրերից:

Երրորդ փուլն սկսվեց խորհրդանշական ձևով. Ռոբերտ Ֆորդ անունով մեկը նշանակվեց Եգիպոսում ԱՄՆ դեսպան, ինչը նշանակում էր, որ Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Նեղոսի հովտի երկրի կառավարվող քաոսացման ակտիվ փուլին: «Սուսիկ-փուսիկ» ամերիկացի Ռոբերտ Ֆորդը, որը կարեւոր դերակատարում էր ունեցել Իրաքի վերջնական ավերման և Սիրիայի շարունակական ապակայունացման գործում, մարմնավորում է Բուշի և Օբամայի վարչակազմերի մերձավորարևելյան քաղաքականության հաջորդականությունը, որն ուղղորդված է ամեն գնով ԱՄՆ-ի հեգեմոնությունը Մերձավոր Արևելքում պահելուն:

Մի կողմից ԱՄՆ-ը և Իսրայելը հավանությամբ են արձագանքում նոր եգիպտական ռազմական ռեժիմի՝ Գազայի հատվածի շրջափակմանը, ՀԱՄԱՍ-ին չընդունելու և Թուրքիան, Կատարն ու Եգիպտոսը ներառող հակաիրանական առանցքի ամրապնդմանն ուղղված քայլերին, մյուս կողմից նման վերաբերմունքը կարող է կտրուկ փոխվել: Վաշինգտոնի և Թել Ավիվի տեսակետից զինվորականների «ոչ կառուցողական» դիրքորոշումը պաղեստինյան, ինչպես նաև եգիպտացի զինվորականների` Սիրիայի գործերին միջամտելու հարցերում ԱՄՆ վարչակազմի համար ոչ ձեռնտու չեզոքությունը /«Մուսուլման եղբայրները» հակառակ դիրքորոշում են զբաղեցնում` սիրիական ռեժիմի դեմ ջիհադի կոչ են անում/ կարող են վերջնականապես ցրիվ տալ ԱՄՆ բռնապետությունը քողարկող «մերձավորարևելյան խաղաղ կարգավորման» պատրանքը: Դրա հետ մեկտեղ՝ տարածաշրջանը ազատել ամերիկյան աներես միջնորդությունից` ուժեղացնելով Ծոցի նավթային միապետությունների դերը: Եվ հենց այս հարցում որոշակիություն մտցնելուց է կախված եգիպտական զինվորական իշխանությունների հետագա ճակատագիրը:

Բանն այն է, որ Եգիպտոսի զինված ուժերը այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի ծնունդն են: Անցած 40 տարիների ընթացքում եգիպտական ԶՈՒ ողջ հրամանատարական կազմը պատրաստվում էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանակային քոլեջներում: Մանավանդ հատկանշական է, որ օգոստոսի 14-ի դեպքերից հետո Եգիպտոսի իշխանությունները Բարաք Օբամային մեղադրեցին ծայրահեղականությունը խրախուսող հայտարարություններ անելու համար: Իսկ Օբաման նույնիսկ ծպտուն չհանեց Եգիպտոսին հատկացվող տարեկան 1,3 միլիարդի ռազմական օգնությունը կրճատելու հնարավորության մասին: Չնայած այսօր այս երկրում կատարվողը շատ հարմար առիթ է Վաշինգտոնի համար Եգիպտոսը լրավճարների ցուցակից հանելու համար՝ դնելով դրանք, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի վրա, ինչի կոչ են արդեն անում Մարկ Լինչի նման որոշ նյուսմեյքերներ Foreign Policy-ում տպված հոդվածում: «Սա ամենահարմար ժամանակն է, որպեսզի Վաշինգտոնը դադարի ձևանալ: Նրա` եգիպտացի զինվորականներին աջակցելու միջոցով ճգնաժամը կանխելու և նոր ժողովրդավարական քաղաքական գործընթացի հիմքեր ստեղծելու ջանքերը ակնհայտ անհաջողության են մատնվել: Եգիպտոսի նոր ռազմական ռեժիմը և երկրի բնակչության զգալի մասը շատ պարզ ցույց տվեցին իրենց ուզածը: Այս անգամ Վաշինգտոնը պետք է բավարարի նրանց ցանկությունը: Քանի դեռ պաշտոնական Եգիպտոսն այս դիրքորոշումն ունի, Օբամայի վարչակարգը պետք է ձեռնպահ մնա Կահիրեում դեսպանատան բացումից ու ռազմական ռեժիմը որպես օրինական կառավարություն դիտարկելուց»:

Քաղաքականորեն իսլամիստներին աջակցող Թուրքիայի կառավարությունը ներկայումս «Մուսուլման եղբայրների» ամենահետևողական կողմնակիցն է: Անկարան համոզում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Արաբական պետությունների լիգային միջամտել: Եգիպտական իսլամիզմի թուրքական կողմնակիցների հեռահար նպատակն է` թուլացնել Մերձավոր և Միջին Արևելքում իրենց վաղեմի մրցակիցների` սաուդյան վահաբականների դերը /«իսլամիզմ» ասելով հասկանում ենք ոչ թե ավանդական իսլամ, այլ նրա արմատական գաղափարախոսական թեւը՝ ստեղծված բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ մուսուլմանական աշխարհի ազգային շարժումներում ճեղքվածք առաջացնելու և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով/:

Զինվորականներին աջակցող Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխերը, որոնք չեն թաքցնում իրենց հակակրանքը Մուրսիի կառավարության և «Մուսուլման եղբայրների» նկատմամբ, տնտեսապես ամրապնդում են ռազմական ռեժիմը Կահիրեում: Այնպես որ, իսրայելական մեկնաբանների խոսքերով, «արաբական նավթային հսկաներին հաջողվեց մթագնել Իրանի` տարածաշրջանի իշխող ուժի հավակնությունները» ընդամենը հուլիսյան մեկ օրվա ընթացքում՝ 8 մլրդ տրանշի օգնությամբ, որն ուղարկվեց «Եգիպտոսի բանակային տիրակալների գանձարանը, կանխիկ դրամի, դրամաշնորհների, անտոկոս վարկերի և գազային լրավճարների տեսքով»: Սաուդցիները մահու չափ վախենում են, որ եգիպտական «Եղբայրները» կարող են իրենց զրկել արաբական աշխարհում առաջնության դափնիներից:

***

Այսօր սաուդցիները ոչ անհիմն անհանգստանում են, քանի որ եգիպտական զինվորականներին իսլամիստներով փոխարինելը կարող է ժամանակը հետ շրջել. մի բան, ինչը որպես հաղթաթուղթ կարող է ծառայել թուրքերի համար իսլամական աշխարհում թուրքերին, իսկ արաբական աշխարհում` Եգիպտոսը: Եվ այդ ժամանակ Վաշինգտոնի կողմից ուղղորդվող Եգիպտոսը «սոցիալական արդարության» համար մարտնչող իսլամիստների ղեկավարությամբ «արաբական գարուն» կբերի Պարսից ծոցի երկրներ, որոնք չափազանց «օտարել» են բարեկեցության և ԱՄՆ նկատմամբ ինքնուրույնություն ձեռք բերելու իմաստով: Դառնալով «Մուսուլման եղբայրների» ավարը՝ Եգիպտոսը անկախ նրանից, թե իսլամիստները երկրում իշխանությունը կվերցնեն «ժողովրդավարական», թե երկիրը կտանեն լիբիական ուղիով, Եգիպտոսը, մեկ է, կձգտի դրան: Թե՛ մեկը, թե՛ մյուսը լիովին հարմար են ԱՄՆ այն ուժերին, որոնք ձգտում են կառուցել Pax Americana գլոբալ բուրգը իբր ղեկավարվող քաոսի երերուն հիմքի վրա:

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԼԻՇԵՎՍԿԻ, fondsk.ru
Թարգմանությունը`
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Տարածաշրջան


05/09/2013