Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



Հրթիռների զանգվածային արձակումները հնարավոր է կանխել

Սկիզբը` նախորդ համարում

Փաստն այն է, որ, բացի մեկ դեպքից, իրաքյան հրթիռները ոչ մի լուրջ ավերածություն չեն հասցրել հակառակորդ կողմին, որը նշանակում է երկու բան. կա՛մ ամերիկյան ԶՀՀ-ներն արդյունավետ էին գործում, կա՛մ իրաքյան հրթիռներն անհուսալի էին, և հաճախ դրանք խոցելու համար հրթիռներ չէին արձակվում: Ամեն դեպքում՝ խոսել ամերիկյան համալիրի ցածր արդյունավետության մասին՝ անհիմն է:

Այնուամենայնիվ, առաջին հրթիռային մենամարտը համալիրի մեջ միեւնույն ժամանակ ե՛ւ որոշակի թերություններ ի հայտ բերեց, ե՛ւ շատ հետաքրքիր առանձնահատկություններ: Դրանցից մեկն էլ այն էր, որ մեծ արագությունների պայմաններում նույնիսկ 90 կգ-անոց մարտական մասի պայթյունը կարող է լուրջ վնաս չպատճառել մյուս հրթիռին:

Խոցված համարվող շատ հրթիռներ իրականում շեղվում էին, սակայն տեղ էին հասնում: Հենց այս ժամանակ եղավ դեպք, երբ խոցված համարվող, սակայն իրականում ընդամենը ուղեգիծը փոխած, «Scud-B»-ը ընկավ զորանոցի մեջ, և բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Նման փորձ արդեն կար 1970-80-ականներին նաև ամերիկյան և խորհրդային արագաթիռ ինքնաթիռների վրա կրակելիս: Այսինքն` համալիրը չէր կարող միաժամանակ լինել լավ միջոց սովորական թռչող սարքերի (ԹՍ) դեմ և հաջողությամբ պայքարել բալիստիկ կամ այլ` մեծ արագություն ունեցող նշանակետերի դեմ: Սա ապացուցվում է և՛ փորձնականում, ինչպես նշեցինք, և՛ տեսական հաշվարկներով: Պատահական չէր ԽՍՀՄ-ում երկու տեսակի «C-300»-երի ստեղծումը, իսկ Ծոցի պատերազմից հետո կատարելագործված «Patriot» համալիրները ներկայումս կրում են երկու տեսակի հրթիռներ:

Այդ պատճառով ամերիկյան մասնագետները ԶՀՀ-ները կատարելագործելիս և նորերն ստեղծելիս հրթիռները խոցելու համար գնացին ավելի դժվար ճանապարհով, որը, սակայն, ավելի հուսալի է: Բանն այն է, որ կա՛մ պետք էր շատ մեծացնել, հրթիռների մարտական մասերը` մինչև 150-200 կգ և ավելի, կա՛մ ստեղծել կինետիկ հարվածող մարտական փոքր մասեր: Առաջին տարբերակը նրանց համար անընդունելի էր, քանի որ ամերիկյան զենիթային հրթիռները՝ շնորհիվ արդիական տեխնոլոգիաների, ստեղծվում էին բավականին փոքր չափերի և զանգվածի: Օրինակ՝ «ERINT» հրթիռների ընդհանուր քաշը հազիվ է հասնում 320 կգ, իսկ «THAAD»-ի հրթիռը չի կազմում անգամ 1000 կգ, այն ժամանակ, երբ ռուսական համանման հրթիռները ունեն մինչև 5-6 տոննա քաշ: Այդ պատճառով նրանք ներկայումս հիմնականում հրթիռներին օդում խոցում են ուղիղ հարվածով, որը, իհարկե, տեխնիկապես դժվար է, սակայն ավելի հուսալի է ոչնչացնում նշանակետը: Միաժամանակ, քանի որ «Patriot PAC 3»-ը մնում է ՀՕՊ-ի հիմնական համալիրը, շարքում մնում են նաև «MIM-104» դասի հրթիռները` իրենց ոչ կոնտակտային մարտական մասերով, որոնք լավ միջոցներ են սովորական ինքնաթիռների դեմ: Նույն իրավիճակն է նաև ծովային համալիրների դեպքում: Նավային «SM-2»-«SM-3», կամ «SM-3»-«SM-6» համադրության դեպքում մնում են «RIM-156A», «RIM-161B» և «RIM-174» հրթիռները` համապատասխան հակաօդային և հակահրթիռային հնարավորություններով, ոչ կոնտակտային հարվածային մասով և կինետիկ հարվածող մարտական մասով: Այս խնդիրը ռուսական համալիրներում դեռ վերջնական լուծում չի ստացել: Ճիշտ է, այս դեպքում ևս կա երկհրթիռ կոմբինացիան, մի կողմից «48H6E3»-«9M96E2» համադրությունը, մյուս կողմից` «9M82M»-«9M83M» համադրությունը, սակայն դրանցից ոչ մեկը չունի կինետիկ հարվածող մարտագլխիկ, դրանք հիմնականում ունեն բավականին մեծ մարտական մաս: Մասնագետներից շատերը կասկածի տակ են առնում այն հանգամանքը, որ անգամ 200 կգ մարտական մասը կարող է խոցել 4-6 կմ/վ արագությամբ ընթացող մարտական մասը:

Այսպիսով, առաջին մենամարտից հետո տեղի ունեցան որոշակի շտկումներ, իրականացված աշխատանքների արդյունքում ներկայումս վերը նշված ամերիկյան բոլոր համալիրներն էլ փորձարկումների ժամանակ տարբեր հեռավորությունների և բարձրությունների վրա հստակորեն խոցում են մինչև 6-8 կմ/վ արագություն ունեցող նշանակետեր: Սակայն այդ խոցումները հիմնականում մասսայական չեն, դրանք իրականացվում են մեկ-երկու արձակված հրթիռների վրա:

Առաջին կիրառությունից հետո հակահրթիռային ամենամեծ փորձը ունի Իսրայելը: Ընդհանրապես, այս երկիրը ամենահագեցած հակահրթիռային պաշտպանությունն ունեցող պետությունն է աշխարհում: Դեռ 1988թ. այս երկրում սկսվել են հակահրթիռային համալիրների ստեղծման աշխատանքները: «Arrow» ամերիկա-իսրայելական ԶՀՀ-ը, որը ներկայումս պաշտպանում է Իսրայելը մինչև 3000 կմ հեռահարություն ունեցող հրթիռներից, լավագույններից է աշխարհում: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, հարկավոր են ավելի փոքր համալիրներ: 2006թ. պատերազմից հետո իսրայելական ընկերությունները ամերիկյան մասնագետների և միջոցների օգնությամբ ստեղծեցին իր տեսակի մեջ եզակի «Iron Dome»-ը և դեռ աշխատում են «David’s Sling» հակահրթիռային ԶՀՀ-ների ստեղծման ուղղությամբ: Առաջինը արդեն լայնորեն կիրառվել է, կարելի է ասել, ամենակիրառվածն է իր տեսակի մեջ: Համալիրի «Tamir» հրթիռը ունի մինչև 90 կգ քաշ և կարողանում է խոցել 155 մմ-ոց հրետանային արկերից մինչև 70 կմ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ: Տարբեր գնահատականներով, 2011թ. մինչ օրս այն արդեն խոցել է մոտ 550-600 տարատեսակ հրթիռներ, արձակվածների ընդհանուր քանակը եղել է մոտ 1500-2000: Ընդ որում, 2012թ. նոյեմբերյան մարտական գործողությունների փուլում այդ արձակումները և խոցումները եղել են բավականին ինտենսիվ, ինչը բացառիկ երևույթ է: Մինչ այժմ համարվում էր, որ ՀՀՊ-ը ի զորու չէ զանգվածային խոցումներ իրականացնել: Այնինչ, դրանցով երբեմն եղել է օրական մինչև 70-80 խոցում, շատ խոցումներ իրականացվել են հենց մեկ հակահրթիռով: Նախկինում խոցման համար արձակվում էին երկուսը: Սակայն ընդհանուր արձակվածներից մնացածը ոչ թե հաղթահարել են պաշտպանությունը, այլ ուղղակի շատ են շեղվել և տեղ չեն հասել:

Համալիրը կանխավ հաշվարկում է, թե թռիչքի հետագծով որ մեկն է առավել վտանգավոր, և հետո միայն իրականացնում է խոցումը: Դա կատարվում է ավելորդ հրթիռներ չարձակելու համար, չէ՞ որ չղեկավարվող հրթիռները շատ ցածր արդյունավետություն ունեն: Խոցվածների մեջ եղել են ինչպես 122 մմ-ոց հին խորհրդային, այնպես էլ 333 մմ-ոց իրանական «Fajr-5» ցամաք-ցամաք դասի հրթիռներ: Արաբական հրթիռները, ավերելով մի քանի շինություններ, սպանել են մոտ երկու տասնյակ խաղաղ բնակիչների: Զուտ ֆինանսական առումով, իհարկե, 2000 արձակված հրթիռները կարժենան 5 մլն դոլարից էլ քիչ, իսկ 600 հակահրթիռները` ավելի քան 20 մլն: Սակայն տվյալ դեպքում հարցի ֆինանսական կողմը չէ էականը, այլ այն, որ առաջինները տեխնիկապես անարդյունավետ են, իսկ երկրորդները խոցել են իրենց հիմնական թիրախները: Բացի դրանից, կա նաև մարդկանց կյանքի գինը, որ ամենաթանկն է: Այս ամենը գալիս է հավաստելու, որ լիովին հնարավոր է իրականացնել զանգվածային խոցումներ, և դրանք ժամանակի հետ ավելի արդյունավետ կարող են լինել:

Ներկայումս ռուսական ռազմավարական հրթիռների ամբողջ քանակը կազմում է մոտ 400 միավոր, ոչ մեծ քանակություն էլ գտնվում է ժամանակավոր պահպանման տակ, և արագ մարտական վիճակի բերել հնարավոր չէ: Առավելագույնը 200 հրթիռ էլ կարող են արձակել ռազմավարական սուզանավերը: Չինական նմանատիպ հրթիռների քանակը 3-4 անգամ պակաս է: Դրանց քանակի մեծացումը բավականին դժվար գործ է, և շեշտակի իրականացնել գրեթե հնարավոր չէ: Այսինքն` անգամ առանց կանխարգելիչ հարվածի ամերիկյան ՀՀՊ-ի թիրախները կազմում են մոտ 1000 միավոր բալիստիկ հրթիռներ: Եթե հաշվի առնենք, որ խոցումների զգալի մասը կարող է իրականացվել հրթիռների վեր բարձրանալու շրջանում, ինչի համար կան բոլոր նախադրյալները, ապա մարտագլխիկների քանակը այստեղ մեծ հարց չի լուծում: Բացի դրանից, «GBI» հրթիռը կարող է ունենալ մի քանի խոցող մասնիկներ` առանձին մարտագլխիկներին հարվածելու համար: Ահա այն նախադրյալները, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ հակահրթիռային պաշտպանությունը ի վիճակի կլինի կանխելու զանգվածային արձակումները:

Ի դեպ, վերջերս ռուսական մամուլում ավելի հաճախ է խոսվում նորագույն «A-235/ РТЦ-18М/ОКР Самолет-М», «С-500 Прометей» և այլ հակահրթիռային համալիրների, ինչպես նաև կինետիկ հարվածող մարտագլխիկների ստեղծման և փորձարկումների մասին:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմաքաղաքական


05/09/2013