Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



1905 թվական

Անդրկովկասում բռնկվում են հայ-թուրքական ընդհարումները, և հայությանը դարձյալ սպասում էին ծանր փորձություններ. այս անգամ արդեն ցարիզմի նենգավոր քաղաքականությամբ թեւավորված Կովկասյան թաթարների կողմից: Կովկասում ցարական իշխանությունները օգտագործեցին ազգային, տնտեսական ու կրոնական հակասությունները եւ այն հասցրին ընդհուպ ազգամիջյան ջարդերի:

Երկու ազգերի (հայ եւ թուրք) հարաբերություններում առկա հակամարտությունն ակնհայտ էր, ապա ընդհարումներ կազմակերպելու համար պատրվակ էր հարկավոր: Ընդհարումներն առաջին հերթին բռնկվում են Բաքվում և տարածվում գրեթե ողջ Անդրկովկասում:

Գոտեպնդված ռուսական իշխանությունների քաջալերանքով եւ թողտվությամբ, ինչպես նաեւ հայերի անպատրաստ վիճակից, մահմեդական հրոսակախմբերը փետրվարի 6-ին Բաքվում դիմում են ամենավայրագ միջոցների, ամենուրեք կատարում են սպանություններ, թալան եւ հայերին պատկանող բնակարանների ու ձեռնարկությունների հրկիզումներ:

Բաքվում դեպքերը զարգանում էին այնպիսի ուժգնությամբ, որ տեղի հայությունը, մասնավորապես՝ Հ.Յ. Դաշնակցության կենտրոնական կոմիտեն, խուճապի էին մատնվել: Հայ ազգային կուսակցությունները եւ գործիչները, իրենց հիմնական ուշադրությունը բեւեռելով Արեւմտահայաստանի ազատագրության խնդիրների վրա, ընդհարումների առաջին օրերին նույնպես, անպատրաստ գտնվեցին արժանի հակահարված տալու թշնամու վայրագություններին:

Հայերի դիմումը նահանգապետին՝ ինքնապաշտպանության համար զենք տրամադրելու կամ կոտորածը կանխելու նպատակով, մերժվում է, պատճառաբանելով՝ իբր քաղաքում զինվորական բավարար ուժեր չկան: Իրականում, քաղաքում կային 6000 զինվորներ:

Այդ օրերին Նիկոլ Դումանը գտնվում էր Բաքվի շրջաններից մեկում. Արշակ Ղուկասյանի նավթահանքերի կառավարիչն էր: Փետրվարի 6-ին, Բաքվի Հ.Յ. Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Աբրահամ Գյուլխանդանյանից ստանալով մի տագնապալի հեռագիր, որով հայտնում են թուրքերի կողմից հայերին կոտորելու ցնցող լուրը, քաջարի հայդուկապետը թողնում է կառավարչի պաշտոնը եւ անհապաղ մեկնում Բաքու՝ ստանձնելով հայության պաշտպանության ղեկը:

Դումանը Բաքվի հայության ինքնապաշտպանության կազմակերպման գործը սկսում է քաղաքում հանրահայտ Իսահակ Մելիքյանի լուսանկարչատնից, որը դառնում է նրա մարտական շտաբը: Մինչև վճռական գործողությունների դիմելը, անհրաժեշտ էր ինչ-որ ձևով մեղմել իրավիճակը, սթափեցնել իշխանության ներկայացուցիչներին:

Բաքվի կենտրոնական կոմիտեն, Դումանի համաձայնությամբ, նույն օրը դիմելով նահանգապետին, պահանջում է դադարեցնել ջարդերը, միաժամանակ զգուշացնելով, որ, հակառակ պարագայում, ընդհարումների ողջ պատասխանատվությունը ծանրանալով իր վրա՝ կդատապարտվի մահվան: Բաքվի նահանգապետ գեներալ Նակաշիձեն, արհամարհելով հայերի պահանջն ու սպառնալիքը, հեծյալ թիկնազորի պաշտպանությամբ, շրջում է քաղաքի թաղամասերով եւ հիացմունքով ականատեսը լինում ջարդերի տեսարանների:

Կռվի առաջին օրն ընդամենը վեց մարտիկներից բաղկացած փոքրաթիվ խմբով (Մկրտիչ Աղամալյանը (Սարհադ), Մարտիրոս Չարուխչյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Համբարձում Բալայանը (Համբի), Փոքրիկ Ղազարը (Ղազո) եւ Շամխեցի Իվանը): Դումանը պետք է իրականացներ Բաքվի հայության պաշտպանության առաքելությունը: Նա շատ լավ գիտակցում էր, որ ստեղծված չափազանց ծանր իրավիճակում հայության փրկությունը կախված է միմիայն պայքարի վճռականությունից ու արագ գործելուց: Հարկավոր էր կտրուկ, վճռական ընթացքով խրախուսել, մարտական ոգի ներշնչել հոռետեսության գիրկն ընկած հայությանը, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ կազմակերպելու կայուն ինքնապաշտպանական ճակատ: Առաջին հերթին՝ անհրաժեշտ էր զենք: Բաքվում գտնվելու հենց առաջին օրը Դումանը փոքրաթիվ խումբ է ուղարկում թուրքական հեռավոր թաղամասերում գտնվող զենքի գաղտնի պահեստից զենք բերելու: Թեպետ հանձնարարությունը շատ դժվար էր եւ վտանգավոր, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է աննկատ անցնել թուրքերի թաղամասերով եւ բերել զենքերի առաջին խմբաքանակը` տասը հրացան, նույնքան տասնոցներ և փամփուշտ:

Փետրվարի 7-ին թուրք ամբոխը, ճանապարհին կոտորելով պատահած հայերին, հարձակվում է հայկական թաղամասերի վրա: Այդ օրը Դումանը՝ իր մի քանի մարտական զինակիցներով, գտնվում էր քաղաքում հայտնի Իսահակ Մելիքյանի լուսանկարչատանը, որը դարձել էր նրա յուրօրինակ ռազմական շտաբը: Հապաղելը հավասարազոր էր մահվան, թուրքերը, դիմադրության չհանդիպելով, արագորեն կարող էին ներխուժել Հայոց թաղամասերը եւ, կտրելով հաղորդակցության ուղիները, անխնա կոտորել հայերին: Դումանը, հրաշալիորեն ըմբռնելով վերահաս վտանգը, առանց վարանելու, վճռում է վեց զինակիցներով դիմավորել թուրք ամբոխին:

Բաքվի կենտրոնական կոմիտեի անդամներ Աբ. Գյուլխանդանյանը եւ մյուսները փորձում են հետ կանգնեցնել նրան՝ չդիմելու նման հանդուգն ու անհուսալի թվացող քայլի, բայց Դումանի վճիռը անխախտ էր: Նա ընդամենը վեց մարտիկներով, թուրքերի համար անսպասելի, դուրս է գալիս ամբոխին ընդառաջ և դիպուկ հարվածներ տեղում գազազած ամբոխի վրա: Դումանն իր փոքրաթիվ ջոկատով Բաքվի փողոցներում հրաշքներ է գործում: Գազազած ամբոխին կանգնեցնելու նպատակով, հրացանները ձեռքներին, վազքով անցնում են փողոցից փողոց, թաղամասից թաղամաս՝ ամենուրեք մահացու հարվածներ տեղալով թշնամու գլխին:

Այդ օրը՝ մինչեւ կեսօր, հայ մարտիկներին հաջողվում է արագ տեղաշարժերի եւ անսպասելի հարվածների շնորհիվ կանխել հայկական թաղամասեր ներխուժելու՝ մահմեդականների ձեռնարկած փորձերը:

Դումանը՝ ճիշտ կանխագուշակելով հարձակումների առավել հնարավոր եւ վտանգավոր ուղղություններն ու հաշվի առնելով փողոցների դասավորվածության յուրահատկությունները, հայ մարտիկներին դիրքավորում է փողոցների ամենակարեւոր ու պատասխանատու կետերում: Թուրքերը անտեղյակ լինելով Դումանի ձեռնարկած համապատասխան քայլերին, շարունակում են հարձակումը:

Հայ մարտիկների անկոտրում դիմադրությունը, դիպուկ հարվածները եւ փողոցներում փռված գնդակահար թուրքերի դիակները սարսափելի ազդեցություն են գործում անակնկալի եկած ամբոխի վրա: Հարվածն այնքան անսպասելի էր, որ թուրքերը սարսափահար փախչում են հայկական թաղամասերից՝ չսպասելով հայերի կողմից նման հանդգնության:

Հաջողության առաջին կարևոր քայլը կատարված էր, մնում էր այն շատ արագ զարգացնել:

Ոգեւորված մի բուռ քաջերի անօրինակ սխրանքներով, մարտնչելու վճռականությամբ տոգորված բազմաթիվ հայ երիտասարդներ հավաքվում են Դումանի դրոշի ներքո: Նույն օրն եւեթ Բաքու են հասնում եւ Դումանի ջոկատը համալրում փորձառու ֆիդայիներ Առյուծ Ավագը, Մոկացի Գրիգորը, Ղաչաղ Ասլանն ու Չոփուռ Արսենը, ինչպես նաեւ երիտասարդ մարտիկներ Դրոն (Դրաստամատ Կանայան) ու Թադեւոս Պետրոսյանը (Թադե) եւ այլք:

Այս հանգամանքը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում համալրելու իր ջոկատը եւ մեկը մյուսի հետեւից մաքրելու հայկական թաղամասերը: Գազազած թուրքերը պարտություն կրելով, իրենց ողջ կատաղությունը թափում են հայկական թաղամասի սահմաններից դուրս ապրող փոքրաթիվ հայերի վրա: Հարկավոր էր թուրքական թաղամասերից դուրս բերել հայերին, փրկել նրանց անխուսափելի կործանումից: Դումանն անհնարին թվացող պայմաններում կարողանում է իրականացնել այդ դժվարին գործը եւ դուրս բերել հայերի մեծ մասին թուրքական թաղամասերից:

Հայ-թուրքական կռիվներում Դումանի թողած ավանդը նրա ողջ հերոսական գործունեության գագաթնակետն է: Այդ կռիվների մեջ ավելի ցայտուն դրսեւորվեցին նրա ռազմական տաղանդը, անձնական խիզախությունը եւ ինքնապաշտպանական ճակատ կազմելու անզուգական վարպետությունը:

Այդ պահին նրա հրամանատարության ներքո գտնվել են ընդամենը 12 մարտիկներ: Վտանգված շրջանից հայերին դուրս բերելու նպատակով օգտագործելով իր հրամանատարության տակ գտնվող միակ մարտական խումբը՝ Դումանը տալիս է իր խիստ հրամանը. «Խմբի ղեկավարութիւնը յանձնում եմ Մուկուչին (Մկրտիչ Աղամալյան): Ձեր նպատակն է հասնել բոլորովին կրակի տակ, յանկարծական երկու-երեք համազարկերով ամբոխի մէջ ստեղծել խուճապ եւ որքան կարելի է շուտ տներից դուրս բերել հայերին ու բերել այստեղ…»։

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Պատմության էջերից


27/06/2013