ԲԱՔՎԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մկրտիչ Աղամալյանի գլխավորած խումբը փայլուն է կատարում Դումանի մարտական առաջադրանքը: Նրանք դեպքի վայր են հասնում ճիշտ այն պահին, երբ թուրք ամբոխը շրջապատել ու հրդեհում էր հայերի տները: Գիշերվա մթության մեջ, անսպասելիորեն կրակ բացելով, խումբը խուճապի եւ փախուստի է մատնում թուրք ամբոխին ու կարողանում թաղամասի հայերին փրկել ստույգ կործանումից:
Հանձնարարությունը կատարելու ընթացքում, պահի եւ հանգամանքների թելադրանքով, մարտախումբն այլ կերպ է կատարում Դումանի հրահանգները: Երբ թուրքական թաղամասում հայ մարտիկները սկսում են դիպուկ համազարկեր տեղալ, թուրք զինյալ ամբոխը անակնկալի է գալիս եւ խուճապի մատնվելով՝ դիմում է փախուստի: Մկրտիչ Աղամալյանի գլխավորած մարտախումբը, համաձայն Դումանի հրահանգի, պետք է օգտվեր այդ խառնաշփոթ եւ նպաստավոր իրավիճակից, արագորեն դուրս բերեր հայերին վտանգված շրջանից ու անմիջապես հետ դառնար, սակայն թուրքերին մի լավ ջարդ տալու եւ վրեժխնդրության ծարավը ինչ-որ չափով հագեցնելու գայթակղությամբ բռնկված, հայ մարտիկները զանցառում են Դումանի հրահանգը եւ հետեւելով հատկապես Համո Ջանփոլադյանի օրինակին՝ շարունակում են «հունձը»:
Դումանի համար չափազանց ծանր է եղել վտանգավոր եւ, թվում էր, անհավանական՝ հանձնարարություն կատարելու ուղարկված խմբի վերադարձին սպասելը: Լսելով թաղամասերից լսվող կրակոցների ձայները՝ նա վերցրել է իր տրամադրության տակ եղած վերջին միակ հրացանը ու վճռել է գնալ տղաներին օգնության, երբ վերադառնում է խումբը: Ոգևորված Դումանը, այնուամենայնիվ, հետաքրքրվում է կռվի մանրամասներով եւ, իհարկե, ուշացման պատճառներով: Շտաբում հավաքվածները երկյուղով սպասել են, որ նա ուշացման պատճառով խիստ կհանդիմանի խմբի անդամներին: Խմբի հրամանատար Մկրտիչ Աղամալյանը, պատասխանելով Դումանի հարցումներին, զեկուցում է. «…«մեղաւորը» Համօն է, որ իր հրահանգին չլսեց, որ խումբն էլ նրան սկսեց լսել, եւ ինքը հարկադրւած էր ենթարկւել եւ այլն: Նիկոլը քարացած դեմքով լսում էր…
Համօն լուռ կանգնած սպասում էր դատաստանի. «Այնպէս որ՝ հրահանգը ճշտութեամբ կատարել չկարողացայ» վրայ բերեց Մուկուչը: «Եւ լաւ եղաւ, որ չկարողացար կատարել» անսպասելիօրէն ասաց Նիկոլը՝ անկարող ժպիտը զսպել: Մարտիրոսն ու Համօն սկսեցին կատակով քաշքշել Մուկուչին եւ առաջին անգամ լինելով, Մարտիրոսը հանգուցեալ Մուկուչին անւանեց «Էօքիւզ-խան», որը ձեւականօրէն մնաց նրա վրայ»:
Ու թեեւ Նիկոլի խմբի մրրկային հակահարվածը զգաստացրեց ու ոգեշնչեց հայերին, բայց վտանգը դեռեւս չէր անցել, ամեն րոպե կարող էին հետեւել թուրքերի նոր հարձակումները: Անհրաժեշտ էր խորացնել, կայունացնել ինքնապաշտպանությունը, իսկ դրա համար, նախ եւ առաջ, պետք էր զենք ձեռք բերել: Դումանին հաջողվում է կանխիկ դրամով, իսկ երբեմն էլ մահվան սպառնալիքով, համապատասխան խանութներից ձեռք բերել որոշ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչը դեռեւս բավարար չէր:
Ստեղծված իրավիճակը հրամայաբար պահանջում էր, որ յուրաքանչյուր հայ ինքը հոգար իր ռազմական կարիքները, Բաքվի ինքնապաշտպանության կոմիտեն չուներ անհրաժեշտ քանակի դրամ եւ զենք, որպեսզի հոգար ինքնապաշտպանության հոգսերը: Մարտական ջոկատներ ստեղծելու եւ զինելու համար Դումանը ստիպված դիմում է ամենախստագույն միջոցների, մինչեւ որ կարողանում է հաշվված ժամերի ընթացքում հայության ինքնապաշտպանությունը հասցնել պատշաճ բարձրության: Բացի դրանից, Դումանն ընդհարումների հենց առաջին օրը, հայության գլխին ծառացած վտանգը կանխելու նպատակով, մահապատժի սպառնալիքներ է ուղարկում Բաքվի հրահրիչներին՝ նահանգապետին եւ մյուս աստիճանավորներին: Եվ պետք է նկատել, որ այդ սպառնալիքները իրագործվեցին: Վրեժխնդրության տենչով համակված հայ քաջորդիները փետրվարյան արյունալի դեպքերին հաջորդող երկու ամիսների ընթացքում ահաբեկչության են ենթարկում ցարական որոշ աստիճանավորների: Մայիսի 11-ին Դրոն (Դ. Կանայան) ռումբի հարվածով գետին է տապալում Բաքվի հայության ջարդերի անմիջական կազմակերպիչ՝ նահանգապետ Նակաշիձեին: Դումանը երբեք դատարկ սպառնալիքներ չէր արձակում:
Փետրվարի 8-ին քաղաքում անդորր էր տիրում: Դումանն օգտագործում է ստեղծված նպաստավոր պահը եւ մեծ դժվարությամբ հայթայթված զենքը հասցնում հայկական թաղերում կազմակերպվող մարտական խմբերին:
Թուրքերի հերթական հարձակումն այլեւս անակնկալի չի բերում հայերին. Դումանին հաջողվել էր կայուն ինքնապաշտպանական ճակատ ստեղծել, եւ ամենուրեք մարտական խմբերը հաջողությամբ հետ էին շպրտում ջարդարար ամբոխի հարձակումները:
Հայ-թաթարական ընդհարումների շրջանում Դումանն իր բացառիկ կազմակերպչական կարողությունների, վճռականության ու խիզախության շնորհիվ, մարտական զինակիցների հետ ձեռք ձեռքի տված, կարճ ժամանակահատվածում Բաքվում հասավ փայլուն նվաճումների.
1. Կանխվեց հայության ֆիզիկական գոյությանն սպառնացող իրական վտանգը:
2. Ժողովուրդը ոգեշնչվեց՝ հավատ ձեռք բերելով իր սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ:
3. Հայ մարտիկների կործանիչ հարվածները սասանեցին հայերի նկատմամբ ցանկացած բռնություն գործադրելու եւ անպատիժ մնալու մահմեդականության շրջանում մինչ այդ արմատավորված համոզմունքը: Հայերի հակահարվածը, փողոցներում փռված թուրք հարյուրավոր սպանվածները, ստիպեցին թուրք պարագլուխներին մտածել զինադադարի ու հաշտության մասին:
Դումանին իր վեց քաջազուն մարտիկներով հաջողվեց անել աներեւակայելին. ինքնապաշտպանության վերջին օրը ոտքի կանգնեցին բազմաթիվ հայդուկներ, որոնց ոգի ու կորով էին ներշնչել նրա ջոկատի քաջագործությունները:
Մի քանի օր ընթացող կռիվներում հայերի ինքնապաշտպանական ջոկատները՝ Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, ոչ միայն կարողացան հետ մղել մահմեդական ստվար զանգվածի հարձակումները, այլեւ կարողացան թափանցել թուրքական թաղամասեր:
«Թուրք խուժանը,- նշում է կռիվների մասնակից Թադե Պետրոսյանը,- հակառակ որ փառաւորապէս զինուած էր եւ վայելում էր ռուս պաշտօնէութեան հովանաւորութիւնը, թողեց հայկական թաղերը եւ կենտրոնացաւ Ղուբայ Մէյդանի եւ Շամախինկայի մէջ: Դումանի կռիւները կրցան թուրքերին քշել իրենց անառիկ համարուած շրջաններէն, մտան թրքաշատ թաղերը, ազատեցին Դաշնակցութեան զինապահեստը եւ, նոր ուժեր զինելով եւ գրոհներ տալով, շշմեցրին՝ ոչ միայն թուրքերին, այլեւ ռուս զինուորական եւ քաղաքացիական պաշտօնէութիւնը: Եւ երբ, Նիկոլ Դումանի հրահանգով հրապարակ պիտի հանէինք նաեւ մեր ձեռնառումբերը, մեր առաջ ելան թաթար ղեկաւարները ճերմակ դրօշակներով եւ «բարըշլը՜ղ, բարըշլը՜ղ» (հաշտություն, հաշտություն) պոռալով, խնդրեցին վերջ տալ արիւնահեղութեան»:
Հայ մարտական ուժերի հերոսական դիմադրությունը, ապա նաև հարձակողական գործողությունները ստիպեցին թուրք վերնախավին պարզելու սպիտակ դրոշ և գնալու հաշտության բանակցությունների:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր