Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՖԵՏՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆԸ` «ՆՈՐ ՍՈՒՖԻԶՄԻ» ՀԻՄՆԱԴԻՐ

Մեր նախորդ հոդվածում («Սուֆիզմը և Թուրքիայի քաղաքականությունը») քննության էինք առել այն հարցը, թե սուֆիզմի փիլիսոփայությունն ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ Թուրքիայի քաղաքականության մեջ` նկատի ունենալով այն, որ Թուրքիայի ներկայիս իշխանական վերնախավի առանցքային դեմքերը սուֆիական Նաքշբանդիյա եղբայրության անդամ են:

Քուրդ գիտնական, «Kurdistan.ru» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Նաբիևի խոսքով, «Թուրքիայի ներկայիս քաղաքականության առանցքը Ֆետուլլահ Գյուլենի ուսմունքն է, որի առավելությունն այն է, որ կարելի է կիրառել ինչպես մի մարդու կյանքում, այնպես էլ աշխարհաքաղաքականության մեջ»: Այդ ուսմունքի միջոցով Թուրքիայի իշխանությունները փորձում են լուծել քրդական հարցը: Նախ տեսնենք, թե ո՞վ է Գյուլենը և ի՞նչ է քարոզում:

Ծնվել է 1938թ. (այլ տվյալներով` 1941թ.) Էրզրումի մոտ գտնվող Քուրուջուկ գյուղում, իմամի ընտանիքում (կարծիք կա, որ Ֆ.Գյուլենը դյոնմե է` մահմեդականություն ընդունած թուրքական հրեա): Առաջին նամազը (աղոթքը) արել է 4 տարեկանում: Թերի միջնակարգ կրթությունը լրացրել է ակտիվ ինքնակրթությամբ: 1962թ.-ից զբաղվում է մահմեդականության քարոզչությամբ` բարձրանալով մահմեդական հոգևորականության աստիճաններով: 1977թ. քարոզ է կարդում Ստամբուլի Սուլթանահմեդ մզկիթում, որտեղ նրա ունկնդիրների թվում էին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը և արտգործնախարար Իխսան Չալանգիլը: 1980թ. կայանում է նրա առաջին հանդիպումը Թուրքիայի ապագա նախագահ, այն ժամանակ` Հայրենիքի կուսակցության առաջնորդ Թուրղութ Օզալի հետ: 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո ենթարկվում է հալածանքի` որպես կրոնական քարոզիչ: 1996-98թթ. հանդես է գալիս որպես միջկրոնական երկխոսության ակտիվ ջատագով: 1999թ. բուժման համար մեկնում է ԱՄՆ և չի վերադառնում: Թուրքիայում նրան մեղադրում են մահմեդական կրոնապետություն հիմնելու փորձերի համար: 2008թ. բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշումով նրա վրայից հանվում են այդ մեղադրանքները:

Ֆ.Գյուլենը 65 գրքի և ավելի քան 7000 հոդվածների հեղինակ է: Լսում է սուֆի և արևմտյան դասական երաժշտություն (որոնք նպաստում են ուշադրությունը, մտքերն ու զգացմունքները կենտրոնացնելուն` մեդիտացիային), գրում է բանաստեղծություններ: Իր ասելով, սկզբունքորեն չի ընդունում բռնությունն ու ահաբեկչությունը, ինչպես նաև իսլամի քաղաքականացումը (կրոնապետության ջատագով լինելու մեղադրանքները): Բազմիցս մերժել է սուֆի եղբայրության անդամ լինելու կամ նոր եղբայրություն ստեղծելու հավակնություն ունենալու մեղադրանքները: Պնդում է գիտության և կրոնական փորձի անքակտելիությունը: Առաջնային է համարում բարոյական դաստիարակությունը` անկախ կրոնական պատկանելությունից: Հասարակությանը ծառայելը («հիսմեթ») համարում է Բարձրյալին երկրպագելու ձև:

Նրա հիմնած «Ֆետուլլահ Գյուլենի շարժումը» իր հետևորդները սահմանում են որպես անդրազգային սոցիալական ցանց, որը ստեղծվել է առաջնորդի գաղափարներն ու սկզբունքներն ընդունող անձանց և կազմակերպությունների նախաձեռնությամբ: Գյուլենի հետևորդները Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում և աշխարհի բոլոր երկրներում (բացի Իրանից, Սաուդյան Արաբիայից) հիմնել են դասավանդման բարձր մակարդակ ապահովող դպրոցներ: Գյուլենիստներն իրենց կազմակերպությունն անվանում են «Նուրջուլար», որ նշանակում է «լույսի հետևորդներ»: Իսլամի որոշ գիտակներ, օրինակ` թուրք հետազոտող Խաքան Յավուզը Գյուլենի շարժումը բնորոշում է որպես «նոր սուֆիզմ»:

Գյուլենի գաղափարները համառոտ կարելի է բնութագրել որպես «փափուկ» կամ «հեշտացված» իսլամ, որի հետևորդները կարիք չունեն օրական 5 անգամ աղոթելու, հաջ (ուխտագնացություն Մեքքա) կատարելու, դրա փոխարեն կարող են ալկոհոլ խմել և ծխել, իսկ հոգին փրկելու համար բավական է չչարանալ և հաճախակի ժպտալ: Հոգևոր ուսուցչին 7-12 տարի հնազանդվելու փոխարեն առաջարկվում է կարդալ Գյուլենի մեկնողական ու ջատագովական գրքերը, որոնց ընթերցանությունը հասարակական գործունեության հետ մեկտեղ համարվում է աստծուն մոտենալու միջոց:

ԿՀՎ-Ի ԳՈՐԾԱԿԱԼԸ

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով, 1980-ականներին Գյուլենի կազմակերպության մեջ էին ընդգրկվել ամբողջական մաֆիաներ, որոնց պարագլուխները Ֆ.Գյուլենի քարոզների ազդեցության տակ էին: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի աշխատակից Ռայիս Սուլեյմանովն ընդգծում է, որ Գյուլենի կազմակերպությունն իր ազդեցությունը ձեռք է բերել նախևառաջ ԱՄՆ-ի աջակցությամբ, թեպետ չի կարելի ուրանալ, որ Գյուլենն օժտված է քարոզչի, կազմակերպչի և ղեկավարի ունակություններով: Մի շարք թուրք վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ համագործակցելու շնորհիվ է, որ Գյուլենի կազմակերպությունը առաջադիմեց: Ռ.Սուլեյմանովը պատահական չի համարում, որ Գյուլենի կազմակերպության կենտրոնական գրասենյակը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում է: Թուրք պաշտոնաթող հետախույզ Օսման Նուրի Գյունդեշն իր «Անարխիայի և հեղափոխության վկան» գրքում գրում է, որ դեռ 1990-ական թթ. Գյուլենի կազմակերպությունը Միջին Ասիայում ակտիվորեն համագործակցում էր ԿՀՎ-ի հետ:

2002թ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա նախագահ Նիկոլայ Պատրուշևը զգուշացնում է, որ Գյուլենի ֆիրմաներն ու հիմնադրամները որպես ծածկ են օգտագործվում ԿՀՎ-ի գործունության համար և քարոզում են պանթյուրքիզմ: Որոշ հետազոտողներ հենց Գյուլենի և ԿՀՎ-ի համագործակցությամբ են բացատրում Ռեջեփ Էրդողանի իշխանության գալն ու Անկարայի ներկայիս նոր օսմանական քաղաքականությունը: Գյուլենի կազմակերպությունն ունի նաև ռազմական թև, որի կազմում են թուրքական, ինչպես նաև Ադրբեջանի և միջինասիական հանրապետությունների ոստիկանության և հատուկ ծառայությունների գործող և պաշտոնաթող անդամներ: WikiLeaks կայքի հրապարակած տվյալների համաձայն` ամերիկյան դիվանագետները համարում են, որ Ֆ.Գյուլենի կազմակերպությունը Թուրքիայի ամենահզոր մահմեդական խմբավորումն է, որը վերահսկում է խոշոր բիզնեսը, առևտուրը, հրատարակչական գործը և խորությամբ թափանցել է այդ երկրի քաղաքական վերնախավ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՂԱՆԴ

Գերմանացի թուրքագետ Մաքսիմիլիան Պոպը 2012թ. զրուցել է Գյուլենի նախկին հետևորդների հետ, որոնք պատմել են աղանդի ներքին կյանքի մասին: Վերլուծելով այդ պատմությունները` գերմանացի հետազոտողը Գյուլենի կազմակերպությանը տվել է հետևյալ բնորոշումը. «Գաղտնի կազմակերպություն, աղանդ, որը նման է սայենթոլոգիայի եկեղեցուն»: Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Չահատայի կարծիքով, Գյուլենի կազմակերպության վերահսկողության տակ է թուրքական ոստիկանության անձնակազմի 70%-ը:

Գյուլենը չի թաքցնում, որ կողմնակից է կրոնի և պետության միջև այնպիսի կապի վերականգնմանը, որպիսին գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում: Քարոզներից մեկում Ֆ.Գյուլենն իր հետևորդներին կոչ է արել թափանցել իշխանության պետական մարմիններ` հարմար պահի իշխանությունը բռնազավթելու համար:

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի միջավայրում Գյուլենի աղանդի գործունեության վերլուծությունը ցույց է տվել, որ այդ գաղափարախոսության «ուսուցիչները» իրենց հետևորդներին ներշնչել են պանթյուրքական պետություն ստեղծելու անհրաժեշտության միտքը: Պետություն, որը պետք է ներառի Թուրքիան, Ադրբեջանը, Միջին Ասիայի հանրապետությունները, Ռուսաստանի մահմեդական շրջանները: Գյուլենիստները Մեծ Թուրանի կազմում են տեսնում նաև «Արևելյան Թաթարստանը»` նավթով հարուստ Տյումենի մարզը` որպես «բնիկ հյուսիսային թուրքերի (նրանք այդպես են անվանում թաթարներին) հող», որը «սիբիրի թաթարներից խլել են ռուս զավթիչները»: Բնիկ թուրքական հողերի մեջ պետք է ներառվեն նաև Դաղստանը, Ղրիմը և Գագաուզիան, ինչպես նաև Բելառուսը և Լիտվան, որոնք համարվում են «լեհ-լիտվական թաթարների հողեր»:

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 10.04.2008թ. որոշմամբ՝ «Նուրջուլար» միջազգային կրոնական կազմակերպությունը ճանաչվել է որպես ծայրահեղական և արգելվել Ռուսաստանի տարածքում:

Շարունակելի

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ռազմաքաղաքական


13/06/2013