Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2. ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՏԵՆՉԱՆՔ

Թուրքական (օսմանյան) կայսրությունը վերստեղծելու, դրա սահմանները մահմեդաբնակ բոլոր տարածքների հաշվին ընդլայնելու պանթյուրքական աշխարհաքաղաքական ծրագիրն իր հավակնոտությամբ զարմացնում է. չէ՞ որ այդ նպատակին հասնելու համար պետք է քայքայել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն: Մի՞թե ֆանտաստիկ երազանք չէ: Այնինչ պարզվում է, որ սուֆիզմի մեջ հատուկ նշանակություն ունի ցանկության անիրագործելիությունը. ինչքան անհասանելի է բաղձանքի առարկան, այնքան ավելի ուժեղ է ձգտումը, այնքան ավելի մեծ է սերը և սիրո տառապանքը, որը ծնվում է հոգևոր աղքատությունից` ֆաքրից: Ֆաքր առաջացնելու միջոցը ցանկության առարկայի անմատչելիությունն է և, միաժամանակ, անհագորեն այդ առարկան տենչալը: Եթե կյանքում անհատ մարդը (որին անվանում են ֆաքիր կամ դերվիշ) տենչում է կատարելության, ապա աշխարհաքաղաքականության մեջ Թուրքիայի` որպես ֆաքր ունեցող պետության տենչանքի առարկան կարող է լինել մահմեդականների աշխարհակալությունը:

ԳԱՂՏՆԻ ՈՒՍՄՈՒՆՔ

Թուրքիայի` սուֆիզմի հետևորդ առաջնորդների վարած քաղաքականությունը հիմքում ռասիստական է, ինչը բխում է սուֆիզմի հետևյալ դրույթից. Բացարձակ Իրականության ճանաչումը հասու է միայն կատարյալ մարդուն, մինչդեռ անկատարը կույր է ճանաչողության հարցում: Սուֆին համարում է, որ սովորական, «նորմալ» մարդու համար անկատար լինելը հիվանդություն է, որն էլ հանգեցնում է մոլորության: Եվ ուրեմն` ճշմարտությունը հասու է միայն ընտրյալներին, որոնք կատարելության են կոչված ի ծնե:

Սուֆիզմին բնորոշ է ընտրյալների համար նախատեսված գաղտնի ուսմունքը: Սուֆիներին թույլատրվում է նաև կեղծել և թաքցնել իրենց իսկական համոզմունքներն ու դավանանքը: Ավանդության (հադիս) համաձայն` ինքը` Մուհամեդ մարգարեն է պնդել, որ Ղուրանի իմաստությունն ունի երկակի` բացահայտ և ծածուկ բնույթ: «Դրանցից մեկը ես սովորեցնում եմ մարդկանց, բայց, եթե նրանց բացահայտեի երկրորդ իմաստը, նրանք կկտրեին իմ կոկորդը»,- ըստ ավանդույթի` ասել է Մուհամեդը: Հոլանդացի իսլամագետ, սոցիալական պատմության Ամստերդամի ինստիտուտի տնօրեն Էրիկ Յան Ցյուրհերը համարում է, որ Թուրքիայի տիրապետող գաղափախոսության` Ֆ.Գյուլենի շարժման (դրան կանդրադառնանք մեր մյուս հոդվածում) համար բնութագրական է այսպես կոչված «թաքիյան»: Սկզբունք, որի համաձայն` ընդունելի է հարկ եղած դեպքում սեփական համոզմունքներն ու իրական հայացքները թաքցնելը, կեղծելը և ստելը: Աշխարհաքաղաքականության մեջ նման սկզբունքի գործադրումը նշանակում է մտքին ունենալ մի բան, ասել և անել` մեկ այլ բան: Անշուշտ, սա բնորոշ է քաղաքական գործիչների մեծ մասին, եթե ոչ բոլորին: Այդուհանդերձ, Թուրքիայի պարագայում տվյալ սկզբունքն առանձնահատուկ կարևորություն է ստանում, եթե նկատի առնենք Թուրքիայի` քաղաքակիրթ ու ժողովրդավար երևալու «ձգտումը»: Այլ հարց է, թե ինչքանով է նա անկեղծ: Սուֆիզմը հուշում է` Թուրքիային հավատալ չի կարելի:

ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար Թուրքիան կատարում է քայլեր, որոնք երբեմն ասես հայերի քայլերի հայելային արտապատկերում լինեն: Օրինակ` Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերին կոտորելու և կամ Խոջալուում ադրբեջանցիներին ցեղասպանության ենթարկելու մեղադրանքները, որ անհիմն ներկայացվում են հայերին: Չի բացառվում, որ սա սուֆիական «նմանը նմանով են բուժում» սկզբունքի հետևողական գործադրումն է քաղաքականության ասպարեզում:

Սուֆիզմի հոգևոր պրակտիկան ներառում է մոգությունը, այսինքն` որոշակի խորհրդապաշտական գործողություններն ու վերբալ բանաձևերը (զիքր): Մոգության մեջ բացառիկ կարևորություն է տրվում արյանը (որի խորհրդանիշներից մեկը սուֆի պոեզիայում մշտապես հիշատակվող գինին է): Հաշվի առնելով, որ սուֆիզմին բնորոշ է նաև գաղտնի ուսմունքը, որը հասու է միայն ընտրյալներին, հիմքից զուրկ չէ ենթադրությունը, որ սուֆիզմի որոշակի աստիճաններում կարող են կիրառվել մարդկանց ծիսական զոհաբերություններ, ինչը, սակայն, սուֆիզմի շարքային հետևորդներից գաղտնի է պահվում: Աշխարհաքաղաքականության մեջ մոգությունը նույնպես կարող է կիրառվել, թերևս, ավելի մեծ մասշտաբով: Մասնավորապես, առնվազն ուշադրության է արժանի վարկածը, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը քրիստոնյա ժողովրդի ծիսական սպանություն էր (զոհաբերություն, օրինակ` հանուն Իսրայել պետության ստեղծման): Այս ենթադրությունը չի կարելի բացառել թեկուզ այն պատճառով, որ ցեղասպանության կազմակերպիչների մեջ կային մասոններ և սիոնիստներ` մարդիկ, որոնք քաղաքականության մեջ նույնպես առաջնորդվում են կրոնամիստիկական համոզմունքներով և սկզբունքներով:

Թուրքիան այսօր էլ պատրաստ է ցեղասպանության ենթարկելու հայերին, եթե հնարավորություն ունենա: «lragir.am» կայքի լրագրող Մ.Ղահրիյանի հալեպահայ ծանոթներից մեկը վերջերս Հայաստանում էր: Նա ուշագրավ մանրամասներ է պատմել հալեպահայերի այսօրվա պատերազմական կյանքից, որոնք ապրիլի 23-ին հրապարակվել են կայքում: Նա, մասնավորապես, պատմել է. «Հալեպում հայերը բնակվում են հիմնականում 3-4 թաղամասերում: Հալեպահայության գրեթե 80 %-ը կենտրոնացած է Նոր Գյուղում, իսկ մնացածը` Սուլեյմանիեում` արաբ քրիստոնյաների հարևանությամբ, Վիլաներում եւ Շեյխ Տահայում, որտեղ խառը բնակվում են քրիստոնյաներն ու մահմեդականները: Ջեյշ հառը (ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը) ցանկանում է մտնել հայերի թաղամասեր, բայց հայ տղերքը, բանակը (կառավարական զորքը) պահում են: Մի անգամ կարողացան 2-3 օրով մտնել, բայց դուրս մղվեցին: Թաղամասը (Նոր Գյուղը) հաճախ կրակի տակ է, երբեմն հրթիռակոծվում է, քանի որ այնտեղ են կառավարական զորքերի զինվորները: Դրա հետևանքով տուժում են մարդիկ, հայկական եկեղեցիները, դպրոցները, շենքերը: Հայերը վախենում են, որ իշխանության կարող են գալ իսլամիստները, ինչպես Եգիպտոսում, եւ հայ համայնքն ու հայկական մշակութային կառույցները կարող են խիստ տուժել: Այս ամենին մասնակից է նաեւ Թուրքիան, որը ցանկանում է երկրորդ ցեղասպանությունը կազմակերպել Հալեպում:

Մի անգամ մի հայ տղայի հետ գնացինք Հալեպից դուրս` մթերք, վառելիք բերելու, և մեզ զգուշացրին, որ Հալեպից դուրս գանք արաբ քրիստոնյայի կամ մահմեդականի անձը հաստատող փաստաթղթով: Կարողացանք գտնել ինձ մի քիչ նման արաբ քրիստոնյայի ու նրա փաստաթղթով շարժվեցինք: Հալեպի հարեւան գյուղերից մեկն ուղեւորվելիս ապստամբները ավտոմեքենան մի քանի անգամ կանգնեցրին ու ստուգեցին` հարցնելով. «Մեքենայում բանակային, զինծառայող կա՞, հայ կա՞»: Բնականաբար, ասում էինք` ո՛չ: Երբ սա մի քանի անգամ կրկնվեց, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են բոլոր տեղերում նույն հարցը տալիս: Ապստամբներից մեկը պատասխանեց, որ Թուրքիայից իրենց խոստացել են Սիրիայի բանակի յուրաքանչյուր սպանված զինվորի համար վճարել 1000 դոլար, իսկ յուրաքանչյուր սպանված հայի համար` 5000 դոլար»:

Հարց է ծագում` Թուրքիայի ինչի՞ն է պետք հայերին սպանելը: Սկզբունքորեն թուրքերը կարող էին ակնկալել, որ հայերի շրջանում զոհերը շատանալու դեպքում հայկական համայնքը կարող է դեմ դուրս գալ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: Բայց, եթե սպանողները ապստամբներն են, դա բացառվում է: Ընդհակառակը, Բ.Ասադի զորքերն են հայերին պաշտպանողը: Այսինքն` զուտ մարտավարական տեսանկյունից ոչ մի պատճառ չկա` հայերի համար Ասադի կողմնակիցներից 5 անգամ ավելի մեծ գլխագին նշանակելու: Եվ ուրեմն` նպատակը հենց միայն հայ սպանելն է, ինչը և պարզորոշ շեշտում է հալեպահայը: Թուրքիան այսօր էլ առաջին իսկ հարմար առիթն օգտագործում է հայերին ցեղասպանության ենթարկելու:

Թեմայի շարունակությունը` մեր հաջորդ` «Սուֆիզմը և քրդական հարցը» հոդվածում:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


30/05/2013