Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԻԱՑԱԾ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ»



Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը հայրենիքում երկրորդ անգամ է: Նա Չիլիի ռազմածովային ուժերի հիմնադիրներից է, 44 տարի է` ծառայում է, որից 10-ը որպես ծովակալ: Թեև հայրենիքում չի ապրում և հայերեն չի խոսում, սակայն զգում է, որ իր հողի վրա է և իր երակներում հոսում է հայի արյուն.

«Ես չէի կարող ինչ-որ միջակություն լինել. հայերը միշտ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն՝ առավելագույն արդյունքներ արձանագրելու համար: Ես նաեւ Չիլիի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար եմ եղել: Վերադառնալով Չիլի՝ անպայման կպատմեմ, թե ինչպես է զարգացել մեր հայրենիքը, ինչպիսի հաջողությունների է հասել հատկապես ռազմական ոլորտում: Այն, ինչ տեսա, ցույց է տալիս, որ Հայոց բանակը երիտասարդ է, բայց արդեն իսկ նշանակալի պատմությամբ, կենդանի հերոսներով: Շատ կարեւոր է, որ հայ երիտասարդությունը կարող է տեսնել իր հերոսներին, հպարտանալ իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած զինվորներով: Շատերն այսօր նման պատմություն չունեն, օրինակ՝ Չիլիի ազգային հերոսների սխրանքներից ավելի քան մեկ դար է անցել: Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում եւ ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտում. փոփոխությունները ամենուր են` հասարակության ներսում, հաղորդակցության ոլորտում, արժեքների, սովորույթների մեջ: Մենք «ռմբակոծվում ենք» քարոզչական բոլոր տեսակի հնարքներով, ինչը սեփական ինքնության եւ արժեհամակարգի կորստի վտանգ է ստեղծում, մենք պետք է պաշտպանենք մեր երիտասարդներին, որպեսզի պահպանենք մեր ինքնությունը: Ես 70 տարեկան եմ, 20-30 տարի հետո հավանաբար չեմ լինի, բայց Հայաստանը պետք է շարունակի ապրել եւ բարգավաճել: Պետք է երկարաժամկետ ծրագրեր մշակել հայի ինքնությունը պահպանելու և հայոց ոգին սերնդեսերունդ փոխանցելու համար: Հիացած եմ հայկական զինված ուժերի պատրաստվածությամբ եւ հնարավորություններով, միայն մի բան կցանկանայի, որ Հայաստանը, որքան հնարավոր է շատ շուտ ելք ունենա դեպի ծով»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարը` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


31/01/2013