Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍ



Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ուսանողական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի գլխավորությամբ ու կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին ուղեւորվեցին Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկը:

Հ. Թադեւոսյանը նշեց, որ այցելության վայրը պատահական չեն ընտրել` ուսանողները գիտակցում են մարտական ծառայություն իրականացնող զորամասի առաքելությունը. «Մեր այցելությունը մի քանի նպատակ է հետապնդում. ուսանողները իրենց ուժերով անշահախնդիր մշակութային միջոցառում են կազմակերպում զինվորականների համար, փոխելով նրանց օրվա ընթացքը, ինչը բարձրացնում է զինվորների տրամադրությունը և ուրախության զգացում է առաջացնում: Այցելությունը նաեւ ճանաչողական է. զինվորական մանկավարժություն եւ հոգեբանություն ուսումնասիրող ուսանողները առաջնագծում կանգնած զինվորի առօրյան ու հոգեվիճակը հասկանալու համար ավելի լավ տարբերակ չեն կարող ունենալ, քան զորամասում անցկացրած մեկ օրը: Նրանց հնարավորություն է ընձեռվում մոտիկից ծանոթանալու զինվորին, հասկանալու և ապրումակցելու նրան: Այցելությունը ամրապնդում է բանակ-հասարակություն կապը` դառնալով բարոյական եւ ռազմահայրենասիրական մղումների ձեւավորման խթան»:

Ուսանողներին տեղափոխող ավտոբուսը ուղղություն է վերցնում Տավուշի մարզի հյուսիսարևելյան կողմում տեղակայված զորամասերից մեկը: Ճանապարհին մեզ է միանում զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Սարգսյանը: Ճանապարհը անցնում է սահմանամերձ գյուղերով: Ա. Սարգսյանը նշում է, որ այն մի քանի տարի առաջ է կառուցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարների շնորհիվ եւ ռազմավարական նշանակություն ունի: Ահա եւ Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակին մեծ շուքով բացված Ջողազի ջրամբարը, որը կառուցված է հայ-ադրբեջանական սահմանին, եւ որի ջրերով ժամանակին ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի շրջանների եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: Ջրամբարի աջ ափին է գտնվում Բերքաբեր գյուղը: 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ արհեստական լիճը այսօր չեզոք գոտի է, որի ադրբեջանական ափից գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, փոքր գյուղը այս տարվա ընթացքում երեք վիրավոր է ունեցել: Լճի մյուս ափին Մազամ գյուղն է, որ Ադրբեջանի կառավարությունից «Հերոս գյուղ» կոչում է ստացել: «Թշնամու հետ քիթ քթի ենք ապրում»,-նկատում են ուսանողները: Հակառակորդի եւ մեր միջեւ ընկած տարածությունը գնալով կրճատվում է, նույնիսկ անզեն աչքով նկատելի են ադրբեջանական կողմի մարտական հենակետերը, որոնք մեր նկատմամբ դիրքային առավելություն ունեն: Ուսանողների ուշադրությունը կենտրոնանում է մետր առ մետր փորված հայկական խրամատների վրա: Ա. Սարգսյանը ասում է. «Գնահատեք մեր զինվորների աշխատանքը` կիլոմետրերով խրամատներ են փորել, ես սա անվանում եմ ԿՅԱՆՔԻ խրամատ: Տեղանքը այստեղ քարքարոտ է, եւ տղաները մուրճով են փորում, որ մենք անվտանգ ապրենք»:

Զորամասի մշտական տեղակայման վայրում ենք, եւ մեզ դիմավորում է զորամասի հրամանատար գնդապետ Վ. Ասատրյանը: Թեեւ երիտասարդ է, բայց փորձառու զինվորականի կեցվածք ունի, եւ սա պատահական չէ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ավարտել է ՌԴ զինվորական ակադեմիան: Վահագն Ասատրյանի նշանակումը համընկել էր հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետ: Ինչպես նշեց Ա. Սարգսյանը, նորանշանակ հրամանատարը մարտական իրավիճակում արագ կողմնորոշվեց, եւ զորամասը իր մեկ զոհի եւ վիրավորի դիմաց քառապատիկ վնաս հասցրեց հակառակորդին:

«Պետք է նշեմ, որ զորամասն ընդունել եմ լավագույն վիճակում` թե՛ բնակկենցաղային, թե՛ մարտական պատրաստության առումներով: Մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի ավելի բարելավենք վիճակը: Շուտով կսկսվեն ամփոփիչ քննությունները, վստահ եմ` գնահատականները բարձր են լինելու: Ինձ այդպիսի վստահություն են ներշնչում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, սպայական կազմի համախմբվածությունը, նվիրվածությունը գործին, զինվոր-սպա հաստատված ամուր փոխհարաբերությունները, բարձր մարտական ցուցանիշները, մարտական պատրաստության որակը»: Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության հյուսիսարևելյան սահման այցի շրջանակներում եղել է նաեւ այս զորամասում, տեղում ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին. «Նախարարը եղավ առաջնագծում եւ բարձր գնահատեց ինժեներական աշխատանքները, նաեւ այցելեց զորամասի ավտոհավաքակայան, շտաբ, ծանոթացավ առկա խնդիրներին, տեղում հրամաններ տվեց:

Հյուրերը զորամասի տարածքում շրջայց են կատարում. ահա զորանոցը, ննջարանը, որի մի անկյունում մարզական վարժասարքեր են, ժամանցի սենյակը, գրադարանը եւ զորամասի ձեռքբերումը` վերանորոգված բուժկետը. «Նման պայմանների մասին կերազեին անգամ շատ ու շատ մայրաքաղաքային հոսպիտալներ»,-արձանագրում են ուսանողները: Շրջայցից հետո ուսանողները շարահրապարակում կազմակերպեցին մշակութային միջոցառում, որի ժամանակ հանդես եկան հայրենասիրական, սիրային թեմատիկ կատարումներով: Զինվորները ուս ուսի տված պարում էին, նրանց էին միացել նաեւ զորամաս այցելած աղջիկներն ու տղաները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/11/2012