Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ…



…Եւ Վահրամը երկնքի տակ լաց եղավ…

Ֆիդայիների փոքրաթիվ ջոկատն անցնում էր տափաստանով: Թշնամու հետքն անգամ չկար. նահանջ չէր, այլ փախուստ` անկանոն, անկարգ: Եվ չնայած հոգնությանը` ֆիդայիները հետապնդում էին թշնամուն:

Տափաստանում ծանր լռություն էր, որը երբեմն խախտվում էր լեշակեր թռչունների ձայնից, որոնք իրենց կռնչյուններով մահվան սաստկացող սպառնալիքն էին ցանում-տարածում այդ ամայի տափարակի վրա:

Ամեն ինչ լուռ էր` մեռնելու աստիճան:

Բոլորի մտքերը սառել էին, ավելի ճիշտ` չորացել: Միայն քայլելով էին զգում ապրելու տենչը…

Հասնելով փոքրիկ մի բարձունքի`տղաները փորձեցին այն շրջանցել, իսկ Վահրամը բռնեց վերելքի ուղին` բարձունքին կողմնորոշվելու, ճշգրտելու իրենց անցնելիք հետագա ճանապարհը…

Բարձրանում էր լուռ, քայլ առ քայլ մոտենում գագաթին: Օշինդրի բույրն էլ ավելի էր սաստկացնում ծանր լռությունը:

Վերջին քայլը դեռ չգցած`Վահրամը բարձրացրեց հայացքն ու քարացավ բարձունքի գագաթին բացված տեսարանից:

Ուղիղ իր դիմաց, թիկունքը հենած մի քարի`իրեն էր նայում անմարդկային գեղեցկության տեր մի էակ…

Գլուխը թեքվել, ընկել էր ուսին: Երկար վարսերը թեթև քամուց մերթ ծածկում էին դեմքը, մերթ բացում…

Գեղեցկությունը մոռացնել էր տվել թշնամանքը, ազգությունը, կռիվը:

Մոլոր մի գնդակից խոցված` սառած հայացքը բարձունքից տափաստանին` աշխարհին էր հառել գեղեցկուհին:

Աչքերը մեծ էին, սև, զարմանքից թարթիչները կպել էին հոնքերին` ավելի ընդգծելով թախծոտ հայացքի անհատակ խորությունը:

Վահրամը խենթացած նայում էր, չէր մտածում:

Քարացած տեսածից` զգում էր, որ սարսուռը քիչ-քիչ բարձրանում-տարածվում էր մարմնով մեկ: Ինչ-որ գերբնական մի ուժ Վահրամին վերցրեց իր մեջ ու տարավ: Էլ չկար երկիր, չկար գոյ ու գոյություն: Միայն գեղեցկուհու աչքերն էին` խոշոր, հակինթի նման սև, որոնք իրենց խորքն առան իրեն…

Տարօրինակ սարսուռը սաստկացավ, և մարմնով մեկ տարածված ջերմությունից Վահրամին թվաց, թե երկրին կապող իր ծնունդը լուծվեց ուժի մեջ ու վերացավ…

Նորից աչքերը` այս խոսուն, խոհուն աչքերը, որոնցից երբ մի պահ թեքում էր հայացքը, ոչինչ չկար` ունայնություն էր…

Ու ցավը, ափսոսանքը հորդեցին նրա երակներով, հորդեցին կյանքի տեսքով` անխոս ու անբառ…

Սերը հենց այս է, որ կա. երբեք այսպես չէր սիրել կյանքը:

Կարծես այս աչքերը, հայացքը ճանաչել է շատ վաղուց: Ճանաչել է, տեսել ոչ այստեղ՝ այս ամայի տափաստանի ծայրին վեր խոյացող բարձունքին, այլ մի ուրիշ անսահման ազատության մեջ…

Ու բարձունքին Վահրամը չէր կարողանում հայացքը կտրել նրանից…

…Հետո ականջին խուլ ձայներ հասան, ներքևից լսեց իր անունն ու մի պահ վերադարձավ դասավորված, կարգավորված երկիր, որտեղ ամեն ինչ մեռնում կամ սպանվում է անժամանակ:

Սպանվում է անգամ Սերը, Գեղեցկությունը, որի մեջ Աստծո սիրտն է բաբախում:

Վահրամը զգաց, որ բարձունքն իր կյանքի սիրո դամբարանը դարձավ, որ իր սերն առ կյանք, առ անմահություն ընդհատվեց, էլ չկա…

Բարձունք հասած ընկերները զարմացած նայում էին իրենց ֆիդայի ընկերոջը` աշխարհից վերացած այս հողածնին, ով միակն էր մարդկության մեջ, որ նախ տեսել էր գեղեցկության վեհությունը տիեզերքում, ապա նույնը գտել էր այստեղ` երկրի վրա` հեռավոր տափաստանի մոռացված մի բարձունքին:

Գտել էր տառապած, կոխկռտված, արյունոտ հողից մի բուռ չանգռած իր նուրբ մատներով…

…Եվ փռվելով հողին`Վահրամը լաց եղավ…

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Հոգևոր-մշակութային


21/11/2012