Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ



Մեր ժողովուրդն իր բնօրրանում հարկադրված է եղել դիմակայելու տարբեր ասպատակողների և ստիպված է եղել նաև լավ զինվոր լինել: Ցավոք, այսօր էլ մեր հարևանները չեն հրաժարվել ուրիշի տունը քանդելու, երկիրը խլելու մոլուցքից: Եվ հենց այդ իրողության գիտակցումով էլ մեր դպրոցներում, հումանիտար ու բնագիտական առարկաներից բացի, խիստ կարևոր է ռազմագիտությունն առարկայի դասավանդումը, քանի որ այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, նա է պաշտպանելու հող հայրենին: Այս առումով կարևոր է, որ հանրակրթական դպրոցներում լավ հիմքի վրա դրվի ռազմագիտությունը, աշակերտները ծանոթանան զենքին, կարողանան օգտագործել այն, պահպանեն անվտանգության կանոնները: Ինչքան էլ ռազմագիտության ուսուցիչը տեսականորեն այս կամ այն զինատեսակի կիրառական հնարավորությունները բացատրի, միևնույն է, ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան բազում անգամ լսել: Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին այսուհետ հնարավորություն կընձեռվի տիրապետելու ռազմարվեստի գիտելիքներին՝ շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի, որի ջանքերով վերջերս դպրոցի 3 սենյակներ կահավորվեցին դիդակտիկ նյութերով, պաստառներով և ամենակարևորը՝ «Նշանակետ-ՄՄ» վարժասարքային համալիրով: Հոկտեմբերի 22-24-ին գեներալը և գնդապետ Վաչագան Աստանյանը Բերձորում էին և դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանի, ռազմագիտության ուսուցիչ Սամվել Պապիկյանի հետ ձևավորեցին դասասենյակներն ու երկրորդ հարկի միջանցքը: Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը տեղեկացրեց, որ ուսումնական նյութերը և վարժասարքը, որն առաջինն է Արցախի դպրոցներում, տրամադրել են ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունները: Այսօր արդեն աշակերտները վարժասարքի միջոցով կարողանում են տիրապետել «Կալաշնիկով» ինքնաձիգին, դիպուկ կրակել, զգալ նրա ծանրությունը, որպեսզի վաղը, հարկ եղած դեպքում, կիրառեն թշնամու դեմ: Դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտության անունից տնօրեն Անահիտ Քոսակյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության և կրթության գերատեսչություններին և հատկապես գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին՝ դպրոցին ցուցաբերած անգնահատելի օժանդակության համար:

ԱՅՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍ

Դպրոցականների, հատկապես վաղվա զինվոր տղաների համար կարևոր է ծանոթ լինել զինվորական առօրյային, զորամասի պայմաններին, շփվել զինվորների, սպաների հետ: Ուստի եւ հոկտեմբերի վերջերին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան այցելելու Վազգեն Սարգսյանի անվան զորամաս: Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանի և դասղեկ Լաուրա Թորոսյանի ուղեկցությամբ աշակերտները ծանոթացան զորամասի, զինվորների առօրյային, շրջեցին զորանոցներում, տեսան ԼՂՀ ազգային հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկոր) մահճակալը, որը նույնությամբ աչքի լույսի պես պահպանվում է: Այնուհետև աշակերտների համար անցկացվեց արիության դաս: Այցը կայացավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի միջնորդությամբ և Բերձորի քաղաքապետարանի, շրջանի կրթության բաժնի և ԱԺԿ խորհրդի օժանդակությամբ:

ՆՐԱՆՑ ԱՆՏԵՍ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Արցախյան հերոսական գոյամարտը հազարավորների ոտքի հանեց: Հենց միասնության շնորհիվ այս անգամ տարանք ոչ միայն բարոյական հաղթանակ. այլեւ ազատագրեցինք Արցախը՝ մեր պատմական հայրենիքի մի հատվածը: Թանկ վճարեցինք՝ կերտելով այս հաղթանակը: Հարյուրավորներն ընկան ռազմի դաշտում, շատերը դարձան հաշմանդամ: Նվիրական անունների շարքում խնկարկելի է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) և Թաթուլ Կրպեյանի հիշատակը, որոնց էլ նվիրված էր բաց դասը: Բեմում 9-րդ դասարանի աշակերտներն էին:

Դասղեկ Լաուրա Թորոսյանը տեղեկացրեց, որ բաց դասի նպատակն է իմանալ՝ ինչքան կարևոր է միասնությունը, որ առայժմ մեր հայրենիքի մեծ մասը դեռևս գերության մեջ է, և նոր սերնդի վրա է դրված այն ազատագրելու առաքելությունը: Առաջինը աշակերտները ներկայացրին Թաթուլ Կրպեյանի կենսագրությունը և հերոսական մարտիրոսությունը: Հերոսի մասին պատմեց նաև ազատամարտիկ, գետաշենցի Մամիկ Սարաջյանը, որ 1990-91թթ. հանդիպել է Թաթուլին: Պատմեց, որ նա գիշերները դիրքերում էր, իսկ ցերեկները դպրոցում պատմություն էր դասավանդում: Նկարագրեց «Օղակ» տխրահռչակ գործողության այն դրվագը, որի ընթացքում՝ 1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային բանակի ու ադրբեջանցի օմօնականների հրոսակները հայաթափ արեցին Հյուսիսային Արցախը, և որի ընթացքում հերոսաբար նահատակվեց Թաթուլը՝ իր մահով փրկելով բազում երիտասարդների: Վերջում հնչեց ռազմահայրենասիրական երգ՝ նվիրված Թաթուլին(հեղինակ՝ աշուղ Գևորգ): Հաջորդ ելույթը նվիրված էր Աշոտ Ղուլյան հերոսին՝ Բեկորին, որ դեռևս խորհրդային տարիներին էր ծրագրում ազատագրել Արցախը, եւ Արցախյան շարժման առաջին օրերին զբաղված էր զենք հայթայթելով ու փորձարկելով: Աշակերտները հերոսի անցած ուղուց բազում մարտական դրվագներ ներկայացրին (Կրկժան, Ասկերան, Խոջալու, Հադրութ, Շահումյան, Օմար, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ և այլն): Այն, որ նրա գումարտակն առաջինը մտավ Շուշի: Ցուցադրվեց Ս. Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» շարքից Բեկորին նվիրված ֆիլմը, որը իսկապես հերոսին բնութագրող երևույթ էր աշակերտների համար, որի միջոցով նրանք ճանաչեցին Աշոտ Ղուլյան արժանավոր հային՝ ծանոթացան նրա անձնուրաց կյանքի պատմությանը: Արիության դասն ավարտվեց՝ Թաթուլին ու Բեկորին նվիրված ռազմահայրենասիրական երգերի կատարումով:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Բանակ և հասարակություն


21/11/2012