Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՄՈՎԱՐ» ԳԱՐԻԿԸ



Հիմա պահեստազորի ավագ լեյտենանտ է ու այլեւս զինվորական համազգեստ չի հագնում։ Չի հագնում, այո՛, բայց իբրեւ սուրբ մասունք, խնամքով, մի առանձին գուրգուրանքով պահում է զգեստապահարանում։ Ու երբ պատեհ առիթներով նայում, ձեռքը ակամայից կպցնում է տակավին նոր թվացող բաճկոնին, վերնազգեստի մաքուր օձիքին կամ գլխարկին, մանկան նման հաճելիորեն ժպտում, հազար ու մի դեպք է հիշում, ուրախ եւ տխուր անցքեր, եղելություններ, իրադարձություններ։ Եվ, իհարկե, նախկին մարտական ընկերներին է մտաբերում, ականանետային դիվիզիոնի կտրիճ տղաներին, Մամիկոն Միրզաբեկյանին, Լյոնա Միրզաբեկյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կիմ Հարությունյանին, Ռոմա Դանիելյանին, Յուրա Ավանեսյանին, Լորիկ Թեւանյանին, էլի շատերի։ Քաջ ու կորովի այն բոլոր ռազմիկներին, որոնց հետ մարտական երկար ուղի է անցել, զրկանքներով, դժվարություններով, տրտմության եւ ուրախության պահերով լի, անմոռաց ուղի՝ Կրկժան, Ջանհասան, Լիսագոր, Շուշի, Բերդաձոր, Լաչին, Նախիջեւանիկ, Կարմիր Շուկա, Դրմբոն, Չլդրան, Կուսապատ, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու…

-Մեր ականանետային դիվիզիոնը զոհեր համեմատաբար քիչ է տվել,- ասում է նա ու հավելում.- 127-ից՝ 11-ը։ Մեկը մյուսից քաջ ու անվեհեր, մեկը մյուսից անահ, արիասիրտ տղաներ, հայրենիքի խիզախ պաշտպաններ:

Գարիկը վերհիշում է դեպքեր, պատմում դիվիզիոնի կյանքից, պատերազմական օրերից։

-Մեր շտաբը,- ասում է նա,- գտնվում էր Մամիկոնանց տան ներքնահարկում, ավտոտնակում։ Այնտեղ էինք մենք պահում մեր զենք-զինամթերքը, այնտեղ էինք ուշ ժամերին հավաքվում, քննարկում մեր անելիքները։ Դիվիզիոնը ստեղծվել էր հենց նրա՝ Սանյայի հորդորով ու խորհրդով։ Օրեր, շաբաթներ անց այն համալրվեց նոր անդամներով. Վաչագան Ստեփանյան, Սամվել Ասծատրյան, Արթուր Իսրայելյան, Իգոր Շեւչենկո, Ռուբիկ Քարամյան, Վալերա Պետրոսյան, Կարո Հարությունյան, Արարատ Ստեփանյան, Արամայիս Մեհրաբյան, Արթուր Առաքելյան եւ ուրիշներ, որոնց հետ մառախլապատ մի օր բարձրացել ենք Կրկժանի բարձունքը, որն այն ժամանակ պայմանականորեն 26-րդ դիրք էր կոչվում։ Դա եղել է 92-ի մարտի 8-ին։ Ստույգ հիշում եմ։ Բնական է, մենք գործում էինք Սանյայի հրամանատարության ներքո ու այդ օրերին արդեն 82 մմ ականանետ ունեինք, բավականին զենք-զինամթերք, որ ձեռք էինք բերել միայն մեզ հայտնի ճանապարհով։

-Ե՞րբ եւ որտե՞ղ է եղել ամենակատաղի մարտը,- հարցնում եմ։

-Կռիվը ամեն տեղ էլ ահավոր է եղել, սարսափելի։ Մարտակերտի շրջանում՝ առավել։ Ուզում եմ շեշտել, որ եթե մենք ամուր դիրքավորված չլինեինք Վանք, Առաջաձոր եւ Կիչան գյուղերում, հավանական է, դեպքերը, մարտական գործողությունները այլ ընթացք կունենային։ Շուրջ հինգ տասնյակ գյուղեր այդ ժամանակ հակառակորդի վերահսկողության տակ էին, ու հերթը հասել էր մնացած յոթ գյուղերին։ Թշնամին մեծ թվով զինուժ, զինտեխնիկա էր կուտակել՝ Մարտակերտը լրիվ ոչնչացնելու, վերացնելու համար։ Բայց այդ բոլոր ծրագրերը հօդս ցնդեցին։

Այլ, ճակատագրական օրեր, ճակատագրական շատ պահեր են եղել Մարտակերտի տարածքում, մինչեւ անցել ենք հակահարձակման։ Ասեմ, որ մարտական իմ առաջին մկրտությունն ստացել եմ Մալիբեյլի գյուղի մոտերքում։ Ադրբեջանցիներն սպանել էին Մեհթիշենի նախագահին, ու մենք որոշել էինք վրեժխնդիր լինել։ Վերցնելով մեզ ամրացված զենքը՝ ես եւ Մամիկոնը գիշերը գնացել էինք Մալիբեյլի գյուղին հարող ապահով մի տարածք, ուր տեղաբաշխված էին օմօնականները։ Ադրբեջանցիները մեզ երկար սպասել չտվեցին։ Վաղ առավոտյան, երբ սովորականի պես դուրս եկան թաքստոցներից, հարմար մի պահի երկուսին այն աշխարհը ուղարկեցինք ու դրանով մեր վրեժը լուծեցինք։

Հանգիստ, անվրդով, մեկ-մեկ էլ՝ մի փոքր հուզմունքով պատմում, առաջ է տանում իր միտքը նախկին զինվորականը, ու ես, առանց զարմանքս, հիացմունքս թաքցնելու, լսում, ունկնդրում էի նրան՝ նրա հետ «հայտնվելով» մերթ Շուշիում, մերթ՝ Լաչինում, մերթ՝ Օմարի լեռնանցքում։

-Ե՞րբ, որտե՞ղ եք լսել զինադադարի մասին լուրը, հաղորդագրությունը։

Մի պահ լռում, ժպտում է մեղմ։

-Ֆիզուլիի մոտակայքում,- ասում է։- Օրը, ճիշտն ասած, չեմ հիշում։ Հիշում եմ, սակայն, թե ոնց էինք ուրախությունից մանկան նման թռչկոտում, ողջագուրվում, իրար շնորհավորում։ Եթե կռիվը մի ամիս էլ շարունակվեր, ասկյարի «վա՜յ, դադա, վայը» Կիրովաբադում, Օրդուբադում պիտի լսվեր։ Փառք տանք Տիրոջը, որ մեր քաղաքներում ու գյուղերում, մեր հանդ ու դաշտում այլեւս արյուն չթափվի, եւ թնդանոթները չորոտան։

Այսպես է դատում, այսպես է մտածում պատերազմի բովով անցած, ահեր ու մահ տեսած Գարիկ Ավանեսյանը, սովորական մի հայ մարդ, որ այն օրերին պահել-պաշտպանել է մեր հողն ու ջուրը, մեր դաշտն ու այգին, մեր ուրախությունն ու արժանապատվությունը։

Գարիկ Ավանեսյանն ապրում է Ստեփանակերտում, մեր կողքին, մեր քաղաքում։ Ու՝ ամենակարեւորը, տակավին առույգ է, ավյունով, եռանդով լի։ Համերաշխ ընտանիք ունի, խելոք զավակներ։ Կինը՝ Ագնեսան. աշխատում է կադաստրում, մեծ տղան պայմանագրային հիմունքներով ծառայում է ՊԲ-ում, երկու սիրունիկ դուստրերի հայր է։

Ահա ով է Գարիկ Ավանեսյանը։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ճակատագրեր


12/09/2012