Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԴԵՆԻ ԴԵՄ



ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ՈՃԻՐ

Օգոստոսի 24-ին Նորվեգիայի դատարանը կհրապարակի 32-ամյա ոճրագործ Անդերս Բրեյվիկի դատավճիռը: Հիշեցնենք, որ նա 2011թ. հուլիսի 22-ին նախ պայթյուն է կազմակերպել Օսլոյի կառավարական թաղամասում, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նույն օրը, դեպքից անմիջապես հետո, Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնացել է Նորվեգիայի մայրաքաղաքից 35կմ հեռու գտնվող Ուտոյա կղզի, որտեղ այդ պահին Նորվեգիայի կառավարող աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի հավաքն էր: Այստեղ Բրեյվիկը գնդակահարել է հավաքի 69 մասնակցի, որոնց մեծ մասը դեռահասներ են եղել: Սպանդն իրականացնելուց հետո 77 մարդու կյանք խլած ոճրագործը հանձնվել է տեղ հասած հակաահաբեկչական «Դելտա» ստորաբաժանման մարտիկներին:

Դատավարության ժամանակ Բրեյվիկը «հիմնավորել» է իր ոճիրը՝ ասելով, որ գնդակահարել է իր «գաղափարական թշնամիներին»՝ սոցիալ-դեմոկրատական երիտասարդությանը: Որ իր արարքն ուղղված է Նորվեգիայի այն հանցավոր կառավարության դեմ, որն առաջնորդվում է «բազմամշակութայնության» գաղափարախոսությամբ և խրախուսում է մահմեդականների ներգաղթը, պաշտպանում աֆրիկացի և ասիացի ներգաղթյալների իրավունքները, հոգում նրանց սոցիալական կարիքները, ինչի հետևանքով արդեն 5-10 տարի հետո նորվեգացիները Նորվեգիայում կդառնան ազգային փոքրամասնություն: Բրեյվիկի խոսքով, սրա դեմ բողոքող մարդիկ զրկված են իրենց տեսակետը արտահայտելու հնարավորությունից, քանի որ Նորվեգիայում իրականում «լիբերալ-մշակութային մարքսիստական բռնապետություն է»:

ՈՃՐԱԳՈՐԾԸ՝ ՄԱՍՈՆ
Դատարանում Բրեյվիկը հայտարարեց, որ հանդես է գալիս որպես տաճարականների օրդենի ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ տաճարականները կամ տամպլիերները (ֆրանսերեն «temple»՝ «տաճար» բառից), որոնց անվանում են նաև «Քրիստոսի և Սողոմոնի տաճարի չքավոր ասպետներ», ներկայացուցիչներն էին հոգևոր-ասպետական կաթոլիկական օրդենի, որը հիմնվել է 1119թ. Երուսաղեմում՝ Խաչակրաց առաջին արշավանքից հետո: Օրդենի հիմնական նպատակը Երուսաղեմ այցելող ուխտավորներին մահմեդականներից պաշտպանելն էր: 12-13-րդ դդ. օրդենը վայելում էր Եկեղեցու և միապետների լիակատար աջակցությունը, օգտվում էր բազմաթիվ արտոնություններից և աստիճանաբար հարստացավ ու ձեռք բերեց մեծ ազդեցություն: Սակայն 1307-1314թթ. Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Չորրորդի նախաձեռնությամբ տաճարականների օրդենի անդամները ձերբակալվում են: Նրանց մեղադրում են կռապաշտության, հերձվածողության, խաչը անարգելու, համասեռամոլությամբ զբաղվելու, սատանայապաշտական ծեսեր կատարելու մեջ: Օրդենի անդամներից շատերը, այդ թվում՝ մեծ մագիստրը (օրդենի ղեկավարը) մահապատժի են ենթարկվում, և 1312թ. Հռոմի Կլիմենտ Հինգերորդ պապը լուծարում է օրդենը: Ըստ ենթադրությունների՝ տաճարականների օրդենը անցնում է ընդհատակ, ընդունում կազմակերպչական այլ ձևեր, մասնավորապես՝ միաձուլվում մասոնական կառույցներին և սկսում պայքարել միապետական իշխանության դեմ: Հետագա դարերում տեղի ունեցած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները համարվում են տաճարականների և մասոնների գաղափարական ու կազմակերպչական աշխատանքի ու համառ պայքարի արդյունքը: Կարծիք կա, որ տաճարականների գաղափարական իդեալը տարբեր կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, մահմեդականության սինթեզից համաշխարհային նոր կրոն ու միասնական մշակույթ, իսկ տարբեր ազգերի միաձուլումից՝ համաշխարհային մեկ ազգ ստեղծելն է: Ըստ այդմ, տաճարականներն ու մասոնները համարվում են լիբերալիզմի (ազատականության) արժեքների ջատագով:

Էլ ավելի հետաքրքիր է, որ Բրեյվիկը, ինչպես պարզվում է նորվեգական ու բրիտանական մամուլի հրապարակումներից, եղել է սուրբ Օլաֆի մասոնական օթյակի բարձրաստիճան անդամ: Այս տեղեկությունը հաստատվում է Բրեյվիկի լուսանկարով, որում նա 3-րդ աստիճանի մասոնական հագուստով է, որ նշանակում է «վարպետ-մասոն»: Նորվեգական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոճիրը կատարելու պահին Բրեյվիկն արդեն ուներ մասոնական ընծայման 7-րդ աստիճան, որ կոչվում է «Արևելքի ասպետ»:

«ՍԵՎ ՆՇԱՆ»
Ուշագրավ է, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով, «բազմամշակութայնության» և լիբերալիզմի գաղափարախոսությունն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է, և այս առումով Բրեյվիկի ասածների մեջ ճշմարտություն կա: «Այսօր խոր ճգնաժամի մեջ է հենց նեոլիբերալ, բազմամշակութային Եվրոպան»,- կարծում է Մոսկվայի հումանիտար համալսարանի Հիմնարար և կիրառական հետազոտությունների ինստիտուտի Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆուրսովը: Ըստ նրա՝ Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում կատարված ահաբեկչությունները վկայում են համաշխարհային իշխանական վերնախավում լիբերալիզմի և հակալիբերալիզմի հետևորդների միջև սուր պայքարի մասին: «Գլոբալ համակարգը բաժանվում է կայսերական կազմավորումների տիպի բլոկների: Կազմավորողները նույնիսկ սկսել են խոսել կայսրությունների վերածնման մասին՝ Գերմանական, Օսմանյան, Բրիտանական»,- ասում է Ա.Ֆուրսովը:

Վերլուծաբանը մեկնաբանում է նաև Բրեյվիկի ոճրագործության ենթատեքստը.

«Բրեյվիկի (և, առնվազն, «կադրից դուրս մնացած» ևս երեք մարդկանց) իրականացրած նորվեգական գնդակոծության և 2011թ. Լոնդոնում տեղի ունեցած ջարդարարությունների մի քանի վարկած և պատճառ նշվեց: Ես ներկայացնում եմ նաև իմը, մի մարդու վարկած, որը պատկերացում ունի դինաստիական սխեմաների և զինանիշագիտության մասին և փորձում է դրանք կապել արդի մեռնող կապիտալիզմի քաղաքատնտեսության հետ:

Այն, որ Բրեյվիկը մենակ չէ, պարզ է: Իրադարձության թաքուն գաղտնագրերը հասկանալու համար հարկավոր է հարց տալ. ո՞վ է կառավարում Նորվեգիան: Սաքսեն-Կոբուրգների արքայատոհմը: Իսկ ո՞վ է կառավարում Մեծ Բրիտանիան: Ի~նչ անսպասելի բան՝ նույնպես Սաքսեն-Կոբուրգները: Միայն թե նրանք Վինձոր են անվանվում. «ազգանունը» փոխել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (որքանո՞վ էր հարմար, որ Մեծ Բրիտանիան, որը կռվում էր գերմանացիների դեմ, կառավարեր գերմանական հնչողություն ունեցող արքայատոհմը):

Իսկ նման ինչ-որ բան տեղի չունեցա՞վ արդյոք 2011թ. ամռանը Մեծ Բրիտանիայում: Այն էլ ինչպե~ս տեղի ունեցավ. ջարդարարությունների ալիք, ըստ էության՝ գունավոր բնակչության փողոցային մարտեր, ինչը տարօրինակ կերպով համընկավ նորվեգական միջադեպի հետ։ Նորվեգական զանգվածային սպանությունը, ինչպես և լուրջ հուզումներն անգլիական քաղաքներում, իմ կարծիքով, համաշխարհային վերնախավի մի մասի ուղերձն են (կամ վերջին նախազգուշացումը, եթե կուզեք՝ «սև նշանը») մյուսին, որը նեոլիբերալ գծի առաջնորդն է: Ուղերձը շատ դաժան է»:

ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ

Թեպետ Բրեյվիկը հանդես է գալիս տաճարականների անունից և ինքն էլ մասոն է, սակայն նրա գաղափարները հակասում են տաճարականների և մասոնների «բազմամշակութայնության» իդեալներին: Ստացվում է հետևյալը. եթե հասարակությունը դատապարտում է Բրեյվիկի արարքը, ապա վարկաբեկվում են տաճարականներն ու մասոնները, որովհետև նրանց ներկայացուցիչը սահմռկեցուցիչ ոճիր է գործել: Իսկ եթե հասարակությունը (մի պահ ենթադրենք) հավանություն է տալիս Բրեյվիկի գաղափարներին, ապա դարձյալ տրամադրվում է տաճարականների ու մասոնների դեմ, քանի որ Բրեյվիկի ծայրահեղ ազգայնական հայացքները հակասում են «բազմամշակութայնությանը»: Փաստորեն, Բրեյվիկի կեցվածքն այնպիսին է, որ նրան թե՛ արդարացնելու և թե՛ մեղադրելու դեպքում հասարակության քննադատության թիրախ են դառնալու տաճարականներն ու մասոնները:

Նորվեգական մասոններն արդեն «գլխներին են տալիս». ֆրանկմասոնների Նորվեգական օրդենի ինտերնետային կայքում հայտնվել է մեծ մագիստր Իվար Սկարի հայտարարությունը. «Ես ցնցված եմ Օսլոյի կառավարական թաղամասում և Ուտոյա կղզում կատարված ահաբեկչությունների հրեշավոր դաժանությամբ: Մենք չափազանց վշտացած ենք և կարեկցում ենք զոհվածների և տուժածների ընտանիքներին: ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ մեղադրյալը ֆրանկմասոնների նորվեգական օրդենի անդամ էր: Նա անհապաղ հեռացվել է օրդենից, ինչը վկայում է, որ մեղադրյալի գործողությունները բացարձակապես անհամատեղելի են օրդենի արժեքների հետ»:

Բայց, թերևս, արդեն շատ ուշ է: Վերջին 20 տարում քարոզչական մեծ աշխատանք էր տարվում՝ տաճարականների վրայից ջնջելու Ֆիլիպ Չորրորդի հարուցած ծանր մեղադրանքների խարանը: BBC-ի նկարահանած ֆիլմերը, ԶԼՄ-ների հոդվածները, հատուկ նպատակով ստեղծված գեղարվեստական երկերը (Ումբերտո Էկոյի «Ֆուկոյի ճոճանակը» (1988թ.), Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» (2003թ.) և այլն) և դրանց հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմերը միաձայն փորձում էին արդարացնել տաճարականներին, նրանց դեմ ներկայացված մեղադրանքները հայտարարել չապացուցված, իսկ համասեռամոլության և օրգիաների մասնակցելու փաստերը նենգափոխելով մեկնաբանել որպես ճիշտ չհասկացված աստվածապաշտական գործողություններ: Եւ ահա Բրեյվիկի ոճրագործությամբ այդ ամբողջ աշխատանքը ջուրն է լցվում…

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ

«Բրեյվիկի գործը» առնչվում է նաև Հայաստանին ու հայերին: Բանն այն է, որ ոճրագործն իր «2083. անկախության եվրոպական հռչակագիր» մանիֆեստում բազմիցս հիշատակում է Հայաստանն ու հայերին՝ հանդես գալով բացառապես… հայանպաստ դիրքերից: Ահա մի հատված այդ մանիֆեստից.

«Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ըստ էության, ազգայնական է, ինչի շնորհիվ, միգուցե, այդ երկիրը միակ ինքնիշխան քրիստոնեական երկիրն է աշխարհում, որը չի վերահսկվում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Հայերի մեծ մասը ցանկանում է Թուրքիայի մահմեդական հանրապետությունից և Ադրբեջանի մահմեդական հանրապետությունից իր տարածքների վերադարձը: Անցյալում հայերը կազմում էին Անատոլիայի բնակչության 20-30%-ը, բայց նրանց մեծ մասը (ավելի քան 75%-ը) ոչնչացվեց սիստեմատիկ ջիհադի հետևանքով, որն իրականացվեց 1453թ. Կոստանդնուպոլսի առումից ինչպես առաջ, այնպես էլ հետո: Փաստորեն, հայերն իսկական և լիիրավ բյուզանդացիներ են և մահմեդական ժողովուրդների (հիմնականում դրանք բռնի մահմեդականություն ընդունած հայերն ու հույներն են, թուրք սելջուկները և քրդերը) կողմից բռնազավթված Անատոլիայի ու Կոստանդնուպոլսի ազատագրման օրվան սպասող երկու օրինական ժառանգորդներից (հույների հետ մեկտեղ) մեկը: Եթե չլինեին բրիտանացիների և օսմանցիների դաշինքի նենգ գործողությունները 1878թ. Բեռլինի կոնգրեսի ժամանակ և գերմանացիների ու օսմանցիների դաշինքի գործողությունները դրանից հետո, այսօր Հայաստանը շատ ավելի մեծ տարածք կունենար, ինչպես նախատեսվում էր Սևրի պայմանագրով»: Բրեյվիկի մանիֆեստի համաձայն՝ Եվրոպական ապագա դաշնության մեջ ոչ եվրոպական երկրներից կարող են մտնել միայն Հայաստանն ու Իսրայելը: «Բոլոր մահմեդականները պետք է տեղահանվեն կենտրոնական Անատոլիայից: Արևելյան Անատոլիան պետք է դարձյալ միավորվի Հայաստանի հետ»,- գրում է ոճրագործը, որը հանդես է գալիս նաև Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից:

Ի՞նչ է ստացվում. հայ ժողովրդի բոլոր նվիրական երազանքներն արտահայտում է… 77 անզեն մարդու կոտորած ոճրագործը: Մի՞թե այդ երազանքները վարկաբեկելու ավելի լավ ձև կա: Մի՞թե այդ երազանքն արտահայտողին այսուհետ չեն փորձի լռեցնել՝ ասելով՝ «Դու այն տականքի համախոհն ես»:

Բացի դրանից, Բրեյվիկն իր մանիֆեստում Հայաստանը ներկայացնում է, Ֆուրսովի եզրաբանությամբ, որպես «հակալիբերալ և հակամահմեդական ճամբարի» ներկայացուցիչ և դրանով իսկ հող նախապատրաստում «լիբերալ ճամբարն» ու մահմեդական աշխարհը Հայաստանին թշնամացնելու համար:

Այսպիսով՝ Բրեյվիկի ոճրագործության պատվիրատուի մասին մեր ենթադրություններին կարող ենք հավելել նաև այն, որ դա սկզբունքորեն հակահայկական ուժ է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ռազմաքաղաքական


22/08/2012