Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ



«Զինադադարի հաստատման գործում մեծ էր խորհրդային բանակում երկար ու պատվաբեր ուղի անցած հրետանավորների դերը. գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամով, գեներալ-մայոր Գեորգի Գասպարյան, գնդապետներ Երվանդ Հասրաթյան, Ռայմոնդ Մագաուզյան, Բաբկեն Աբրահամյան, Ներսես Մուրադյան, Առնո Տատինցյան, Լեւոն Միքայելյան, Ալբերտ Դավթյան, Ռազմիկ Գարեգինյան, Արամայիս Բաղդասարյան, Ալբերտ Մկրտչյան…»։
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-մայոր

1992 թվականից՝ հայկական բանակի ստեղծման առաջին իսկ օրից, պահեստազորի գնդապետ Երվանդ Հասրաթյանն ընդգրկվել է նրա շարքերում, 1993-2000թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրետանու վարչությունում։
-Երբ հայրս մեկնեց ռազմաճակատ, ես 13 տարեկան էի։ Հայրենական պատերազմն ինձնից ու իմ սերնդակիցներից խլեց մեր մանկության գունեղ երազները, բոլորս միանգամից մեծացանք ու հասունացանք։ Այդ ժամանակ էլ հենց որոշեցի զինվորական դառնալ՝ գիտակցելով, որ ուժեղինն է աշխարհն ու իրավունքը։ Որտեղ էլ որ ծառայել եմ, հայի պատիվը միշտ բարձր եմ պահել,- հպարտորեն խոստովանում է 81-ամյա գնդապետը, ով այսօր էլ ձիգ զինվորական կեցվածք ունի, նրա արտաքինը պատկառանք է ներշնչում։
ԽՍՀՄ ԶՈՒ-ից զորացրվելուց հետո որպես զինղեկ աշխատանքի էր անցել N 96 դպրոցում, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ 1991 թվականին Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ եւ Երվանդ Հասրաթյանի ու Բախշի Պետրոսյանի ջանքերով ստեղծվեց «Սպաների միությունը»՝ պաշտոնաթող զինվորականների ներուժն օգտագործելու համար։ Ե. Հասրաթյանը նաեւ կամավորների հետ էր պարապում, ծանոթացնում հրետանու «այբուբենին»։
-Սկսվեց «Օղակ» գործողությունը, մեկնեցինք Տավուշ (թե ինչ դժվարություններ էին ծառացած նոր կազմավորվող հայկական բանակի առաջ, դժվար է նկարագրել)։ Մի քանի գյուղում հրանոթ կար։ Բացատրում էինք, որ դրանց համատեղ տեղակայումը կմեծացնի կրակի արդյունավետությունը, բայց գյուղի մարդկանց համար դրանք «մեր գյուղի պուշկեքն էին»։ Վերջապես Վազգեն Սարգսյանի ուղարկած երեք հրանոթները տեղ հասան, եւ Ղազախին հասցված հրետանային զսպիչ հարվածից թշնամին սսկվեց։ Միայն մի քարտեզ ունեի եւ աշակերտական քանոն։ Ես՝ զինվորական գործի գիտակս, այդժամ հասկացա, որ ամենահզոր զենքն անգամ չի հաղթի, եթե նվիրում չկա, սեր ու հավատ չկա, ցավ չկա, որ հանկարծ այս մեր մի բուռ հողն էլ թշնամուն բաժին չդառնա։ Կարգին զենք չունեինք, համազգեստ, ոտնաման չունեինք, բայց հաղթեցինք։ Էս կռիվը իր հող ու ջուրը սիրող ու պաշտպանող մարդու կռիվ էր, նվիրյալների կռիվ։
Ե. Հասրաթյանը մասնակցել է Տավուշի, Շահումյանի, Օմարի, Լաչինի միջանցքի համար մղվող մարտերին։ Օգնում էր զորամասերի ձեւավորմանը, հրետանու մարտական կիրառման իր փորձն ու գիտելիքները փոխանցում։
-Շահումյանում ԲՄ-21՝ «Գրադ» կայանք էի հավաքում։ Ամենապարզ գործիքներն էլ չունեինք. մետաղալարը կրակի վրա տաքացնում էինք եւ դրանով զոդում։ Պակասող մասերն էլ Երեւանից ուղղաթիռով էին ուղարկում։ «Գրադը» նորոգվեց, բայց չկրակեց,- ափսոսանքով հիշում է գնդապետը,- թշնամու ուղղաթիռներից արձակված հրթիռը ծակել էր կայանքի փողերը, վնասել կարեւոր հանգույցները։
Գնդապետի քիչ առաջ մռայլված դեմքը մեկեն բացվում է. «Բախշի Պետրոսյանի հետ գնացինք Կոթի, հաուբիցը դիրքավորեցինք։ Երկու ժամում Վարդան Ղազարյանն ամեն ինչ յուրացրեց։ Մեր գնալուց հետո ադրբեջանցիները տարել էին գյուղի նախիրը։ Վարդանը մեր պատրաստած տվյալներով դիպուկ կրակ էր բացել, ու ադրբեջանցի կանայք ողջ նախիրն արագ հետ էին բերել»։
Հայ-ադրբեջանական բախումների շրջանում Երվանդ Հասրաթյանը քիչ ավանդ չի ներդրել նաեւ հայրենի՝ սահմանագլուխ Բարեկամավանի պաշտպանական դիրքերի ամրապնդման գործում։ Բազմաթիվ անգամներ եղել է դիրքերում, ոգեւորել, քաջալերել, խորհուրդներ տվել զինվորներին։
-Ինձ ոչ ոք չի ասել՝ գնա՛, կամավոր եմ գնացել՝ հասկանալով, որ պետք եմ հայրենիքիս, ժողովրդիս։ Հիմա էլ, Աստված չանի, եթե կռիվ լինի, առանց վարանելու կգնամ մարտադաշտ։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել իմ բոլոր-բոլոր հրետանավոր հրաշալի ընկերներին, նրանց քաջառողջություն եմ մաղթում, երջանկություն, մեր թանկ հողին էլ՝ խաղաղություն,- ասում է Ե. Հասրաթյանը։
Գնդապետ Երվանդ Հասրաթյանն այսօր էլ աշխատում է. Երեւանի ինստիտուտներից մեկում տնօրենի խորհրդատու է։ Աշխատում է նույն անմնացորդ նվիրումով, նույն եռանդով։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Ճակատագրեր


24/01/2011