Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄՀայերը Հնդկաստանում ապրել են անհիշելի ժամանակներից, իսկ հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս։ Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում։ Հույն պատմիչները վկայում են, որ Հնդկաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնելու համար օտար նվաճողները հայ առևտրականներին էին վարձում՝ որպես թարգմանիչներ։ Առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դարում և ստվարացել են արդեն XVII-XVIII դարերում (շուրջ 20-25 000), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի քաղաքներում՝ Կալկաթա, Ագրա, Մադրաս, Սուրաթ, Բոմբեյ, Սեիդաբադ, Մալաբար, Հայդարաբադ, Դաքա, Լաքոր, Կոչին և այլն։

Հնդկաստանում հայերը բարի անուն ու համբավ են թողել։ Նրանք իրենց աշխատասիրությամբ, խելքով, հյուրասիրությամբ և բարեգործություններով ոչ միայն բարձր են պահել հայ մարդու անունը Հնդկաստանում, այլ նաև իրենց անգնահատելի ավանդն են ներդրել հայ և հնդիկ ժողովուրդների ազգային-քաղաքական, մշակութային ու հասարակական կյանքում։

XIII դարի կեսերին Մադրասի ամենահայտնի հայ վաճառականներից էր Խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը, որն իր սեփական միջոցներով կառուցել է Մադրասի Սուրբ Թոմեի բլուրները քաղաքի հարավային ծայրում գտնվող Մամիլան գյուղին միացնող Սարիար (Ադյար) գետի բազմակամար կամուրջը։ Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն ու հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Առաջինը մադրասահայերն են կազմել համայնքի կանոնադրությունը՝ «Տետրակ, որ կոչի նշավակ…» (1783 թ.), ըստ որի՝ համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր և գործադիր մարմինը՝ երեք կառավարիչներով։ Հնդկաստանի կյանքում առավել նշանակալի դեր են ունեցել հայ վաճառականները, որոնք առևտուր են արել Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Վենետիկի հետ։ 1686 թ. Արևելա-հնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու իրավունք։ Այդ պայմանագրով միաժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը։ Հայ վաճառականները, օգտագործելով հիմնականում նավահանգիստներն ու ծովային ճանապարհները, Հնդկաստանից արտահանել են համեմունքներ, աղ, պարարտանյութ, կտորեղեն ու թանկարժեք քարեր:

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄՀայ զինվորականները հնդկական բանակում կռվել են գաղութարարների դեմ, իսկ հայ զինագործները զենք-զինամթերք են պատրաստել՝ օգնելով հնդիկ ժողովրդին գաղութարարների դեմ պայքարում։ Հնդկահայերի շրջանում շատ էին անվանի զինագործները, որոնցից հայտնի էր Շահ Նազարը։ Նա 1761 թվականին պղնձի ու բրոնզի յուրօրինակ համաձուլվածքով ստեղծում է Զամզամա (բառացի՝ հարվածող, կամ առյուծի մռնչյուն) անունը կրող հրանոթը՝ հատուկ Հնդկաստան արշաված աֆղանցի Ահմադ Շահ Դուրանիի համար։ 1662 թ. Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգալացի նվաճողների դեմ։ Հաղթանակից հետո հնդկական իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակում հայազգի Մարկոսին։ 1760-1764 թթ. Հնդկաստանի Բենգալիայի նահանգում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան)։ Նա ստեղծում է 15 000-անոց հեծելազոր և 25 000-անոց հետևակ, կազմակերպում է հրացանների արտադրություն, որոնք գերազանցում էին նույնիսկ բրիտանական մուշկետներին։ Գորգին խանը հիմնում է հրանոթների ձուլման գործարան, վարժեցնում հրաձիգների մի ջոկատ, որը մեծ պատիվ կբերեր անգամ բրիտանական Արևելահնդկական ընկերությանը։ Բրիտանացիները երկար ժամանակ չէին հավատում, որ հնդիկներին հաջողվել է հրանոթ ձուլել, ինչը բացառապես հայազգի Գորգին Խանի շնորհքն էր։ Անգլիացիներն անգամ փորձում են կաշառել Գորգին Խանին, բայց վերջինս մերժում է առաջարկը և անպատվաբեր համարում ուխտադրուժ լինելը։ Կռիվներում իրենց քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։ Հայերը գործուն մասնակցություն են ունեցել XIX դարի առաջին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապստամբություններին։

Հնդկահայերին առավելապես հուզել է հայրենիքի՝ Հայաստանի ազատագրության խնդիրը։ Այդ նպատակով էլ 1770 թ. Մադրասում հիմնվում է «Մադրասի խմբակը», որի ականավոր դեմքերն էին Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը, Գրիգոր Խոջաջանյանը։ Խմբակի նպատակը պայքարն էր Հայաստանի ազատագրության և հայկական պետականության վերականգնման համար։1772 թվականին Մադրասում հիմնված հայկական տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը, 1773-ին՝ «Որոգայթ փառացը», որը դառնում է ապագա Հայաստանի պետական ծրագիրը։ Այս գրքերն ուղարկվում են Սիմեոն Երևանցի կաթողիկոսին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին և բաժանվում ժողովրդին։ Մադրասի խմբակի նպատակների ու ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հարցի շուրջ Շահամիր Շահամիրյանն աշխույժ նամակագրություն է սկսում Արցախի մելիքների, Սուրբ Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների, վրաց Հերակլ II արքայի հետ։ Շահամիր Շահամիրյանը վրաց Հերակլ II արքային նվիրում է իր ձեռքով պատրաստած՝ ոսկուց և թանկարժեք քարերով զարդարված մի շքանշան, որն արժեր այդ երկրի պետական գանձարանի ուղիղ կեսը։

Հնդկահայերը մեծ ներդրում են ունեցել Հնդկաստանի մշակույթի ու գիտության զարգացման գործում, հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ համարել ազգային մշակույթի զարգացումը։ Հնդկահայ մտավորականությանը մտահոգում էր, որ հնդկահայերը հեռու են հայրենի երկրից ու դատապարտված են ուծացման, եթե չպահպանեն ազգային մշակույթը, լեզուն ու գիրը։ 1821 թվականին հայերի նվիրատվությամբ հավաքված գումարներով Կալկաթայում բացվում է Հայոց մարդասիրական ճեմարանը՝ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով։ 1828 թվականին Հովհաննես Ավդալի ջանքերով Հայոց մարդասիրական ճեմարանին կից բացվում է Արարատյան գրադարանը։ Հայոց մարդասիրական ճեմարանում են դասավանդել ժամանակի նշանավոր մտավորականներ Միքայել Չամչյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Մեսրոպ Սեթյանը և ուրիշներ։ Համեմատության համար նշենք միայն, որ Կալկաթայի համալսարանը հիմնադրվել է 1857 թվականին։ 1846 թ. բացվում է Սանդխտյան աղջկանց դպրոցը, 1922-ին Դավթյան օրիորդաց վարժարանը, որը 1949-ին միավորվում է Հայոց մարդասիրական ճեմարանին։ Գործել են բազմաթիվ մշակութային ընկերություններ՝ Օճանասփյուռ ժողովը (1815), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1945), ՀԲԸՄ Հնդկաստանի մասնաճյուղը (1916), Հայկական գեղարվեստասիրաց միությունը (1930), Մարզական միության ակումբը։

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄՀայապահպանության գործում մեծ դեր ուներ մամուլը։ 1794-1796 թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսնում հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (ընդամենը 18 համար)։ Հանդեսը հնդկահայությանն է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհում կատարվող կարևոր իրադարձությունները, նպաստում հայապահպանությանը ու երիտասարդ սերնդին դաստիարակում հայկական ոգով։ «Ազդարարը» տպագրում է նաև լուրեր հնդկահայ գաղթօջախի մշակութային կյանքից, հրապարակախոսական հոդվածներ, թարգմանական նյութեր։ Հետագայում լույս են տեսնում «Շտեմարանը» (1821-1823), «Ազգասեր» (1845-1848) և «Ազգասեր Արարատյան» (1848-1852) պարբերականները, որոնց խմբագիրը Մեսրոպ Թաղիադյանն էր։ Հետագայում լույս են տեսնում «Արևելյան հնդկաց լրագիր» (1863-1865), «Բանասեր» և, ընդհանուր առմամբ, շուրջ 20 անուն պարբերական։ «Ազգասեր» շաբաթաթերթի առաջին էջին գրված էր. «Ուսումն առնէ զմարդ երջանիկ» (Ուսումը մարդուն երջանիկ է դարձնում)։

Մադրասի հայ գաղթօջախի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Սամվել Մուրադի (Մուրադյան) անունը։ Նա մի պատկառելի գումար է տրամադրում կրթական նպատակների համար՝ ցանկություն ունենալով հայկական դպրոց բացել Եվրոպայի հայաշատ որևէ երկրում։ Նա այդ գաղափարը կյանքի է կոչում իր ազգական Էդվարդ Ռափայելի հետ, որն արդեն մի հայկական դպրոց հիմնել էր Փարիզում։ 1834 թվականին Մխիթարյան միաբանության աջակցությամբ Վենետիկում բացվում է Մուրադ-Ռափայելյան վարժարանը, որը ծառայում է աշխարհասփյուռ հայ երիտասարդների կրթության ու հայապահպանության վեհ գործին։

Կալկաթայի հայ համայնքի ղեկավար մարմինը եկեղեցին էր, որ մշակել էր իր ներքին կանոնադրությունը՝ հիմնված տեղական պայմանների վրա։

Հայտնի է, որ երբ Անգլիա տանելու համար հարկավոր էր պատրաստել հնդկական Բուդդա-Գոյա տաճարի մանրակերտը, անգլիական «Steffe» ոսկերչական ընկերությունը հայ արհեստագործներին է հանձնարարում պատրաստելու այն, քանի որ հայ ոսկերիչները հայտնի էին որպես բարձրակարգ վարպետներ։

Հնդկահայ համայնքում, մասնավորապես Կալկաթայում, մեծ հռչակ էին վայելում հայ իրավաբանները։ Կալկաթայի հայ իրավաբաններից հատկապես մեծ հեղինակություն ուներ Քեմբրիջի համալսարանն ավարտած Գրիգոր Պոլլը, որը բարձր պաշտոններ է վարել Հնդկաստանի բարձրագույն դատարանում։ Նա պաշտպանել է Միքայել Նալբանդյանի՝ Մասեհ Բաբաջանյանի կտակի կապակցությամբ Կալկաթայի դատարանում հարուցված հայցը և շահել է այն։ Մասեհ Բաբաջանյանը մեծ գումար էր կտակել նաև Նոր Նախիջևանի հայկական հաստատություններին։ Այդ կտակի գումարները Նոր Նախիջևան տեղափոխելը մեծ դժվարությունների հետ էր կապված, և Միքայել Նալբանդյանին հաջողվել է մեծ ջանքերի գնով գումարի մի մասը միայն՝ 80000 հնդկական ռուպի փոխադրել։

XIX դարում հնդկահայ գաղթօջախներում հայտնի էին շատ հայեր, որ ծառայում էին հնդկական բանակում: Նրանցից ամենանշանավորը, թերևս, Հակոբ Պետրոսյանն էր, որ հավատարմությամբ ծառայել է և արժանացել գնդապետի աստիճանի։ Նրա հրամանատարության ներքո եղել են 12 հետևակային և 4 հեծելազորային գունդ՝ 150 հրետանիով։ 1843 թվականին անգլիացի գաղութարարների դեմ Հնդկաստանի պայքարում իր ռազմագիտական գիտելիքներով ու զինվորական տաղանդով փայլել է 78-ամյա գնդապետը։ Հայ գնդապետի հրամանատարության ներքո գործել է մի փոքրիկ հայկական ջոկատ։ Նրա մասին պահպանվել է միայն մի տող հայկական արձանագրություններում. «Զինւոր էին ընդ նովաւ այլ բազումք ի հայոց ի նշանաւոր կարգս զօրականին»։ Ամեն անգամ, ի նշան հաղթության, Հնդկաստանի դրոշի հետ մեկտեղ բարձրացվում էր նաև հայկական դրոշը։

Նշանավոր ու պատվելի անուններից է Հայդարաբադի զորքերի գնդապետ Մովսես Մանուկը, որը 1837-1851 թթ. եղել է Հայդարաբադի նիզամիի (Հնդկաստանի Հայդարաբադ պետության միապետ, տիրակալ) ամենից աչքի ընկնող զինվորականներից մեկը։

Ապրելով օտար երկրներում՝ հայերը համախմբվում էին եկեղեցու շուրջ՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու մշակույթը։ Հնդկահայ համայնքի համար մշակութային կենտրոն էր Մադրասը (ներկայումս՝ Չենայ)։ Մադրասի հայ համայնքը կազմավորվում է XVI դարում։ 1547 թ. Մադրասում կառուցվում է Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին։ Հայերը գործուն մասնակցություն են ունենում Մադրասի կառավարմանն ու բարեկարգմանը։

Հայտնի է, որ Աքբար թագավորն այնքան վստահություն է ունեցել հայերի հանդեպ, որ իրեն շրջապատող վերնախավում զգալի տեղ է տվել նրանց։ Եվրոպական աղբյուրները հաղորդում են, որ հատկապես զգալի է եղել պալատում աշխատող հայ դիվանագետ թարգմանիչների թիվը, որոնց մեջ հստակ բարձր դիրք է ունեցել Դոմինիկո Պայրեսը։ Ենթադրվում է, որ այս հայ թարգմանիչն իր անունը ստացել է Գոայում ուսումնառության տարիներին։ Պահպանվել են Աքբար արքայի՝ 1582 թվականին պորտուգալական փոխարքային ուղարկված երկու նամակները, որոնցում նշվում է, որ իր մոտ ուղարկվողներից մեկը «Հայ քրիստոնյա թարգմանիչ Պայրեսն է»։ Ուղիղ տասը տարի անց՝ 1592 թվականին, դարձյալ Աքբար արքայի արքունիքում հանդիպում ենք Գրիմոն անունով մեկ այլ հայ թարգմանչի։ Նրա մասին տեղեկությունը պահպանվել է արքայի նամակներից մեկում՝ «Գրիմոն հայի մասին»։

Հայուհի է եղել Աքբար թագավորի կանանցից մեկը՝ Մարիամ Զամանի Բեգում անունով։ Հիշատակություն կա, որ Մարիամը միշտ կրել է շատ ընտիր ոսկե գոտի՝ զարդարված հայկական արվեստի ոճով, իսկ գլխի շորը հիշեցրել է հայկական տարազ։ Աքբար թագավորի կանանոցի բժշկուհին Մարիամի քույր Հուլիանան է եղել։

Մեծ մոնղոլների (Հնդկաստանի տիրակալների դինաստիա, 1526-1858) արքունիքում իր յուրօրինակ դիրքով աչքի է ընկել Թովմաս Խոջամալյանը՝ հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, որը սերտ կապեր ուներ Բենգալիայի բարձրաստիճան անձանց հետ։ Թովմաս Խոջամալյանը հայտնի է իր «Պատմություն Հնդկաց» աշխատությամբ, որն ընդգրկում է XIV դարի սկզբից մինչև XVIII դարն ընկած ժամանակաշրջանի Հնդկաստանի քաղաքական իրադարձությունների, կրոնի, տնտեսության, հնդկահայ համայնքի, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության ու խաղացած դերի և այլ հարցերի համառոտակի շարադրանքը (շուրջ 455 տարվա պատմություն)։

XVII դարի սկզբին՝ 1614 թվականին, Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստր Հեղինեն ամուսնանում է մոնղոլների թագաժառանգ Խորամի Խանի՝ ապագա Շահ Ջահանի հետ։ Տեղացիները Հեղինեին կոչել են Արջոմանդ Բանո Բեգում։ Շահ Ջահանը շատ է սիրել կնոջը, և նրա անժամանակ մահը շատ է վշտացրել նրան։ Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար Շահ Ջահանը ձեռնամուխ է լինում մի հսկայական կառույցի՝ Թաջ Մահալի ստեղծմանը, որն այսօր իրավամբ համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը։ Թաջ Մահալ նշանակում է արքունի թագ։

Հայտնի է, որ շատ հնդկահայեր իրենց ամբողջ հարստությունը կտակում են Հայաստանին, սակայն հայ գործիչների ջանքերը՝ նրանց ժառանգությունը հայրենիք փոխադրելու և ստանձնելու այդ նվիրական գործը, դժբախտաբար, հաջողությամբ չի պսակվում։

Թեև հնդկահայերը շատ հեռու են եղել իրենց հայրենիքից, բայց նրանք սերնդեսերունդ ավանդել են իրենց զավակներին, որ իրենց պապերը Հայաստան աշխարհից են, և իրենց սրտերում պետք է մշտապես վառ պահեն հայրենիքի սերը և նրա հետ կապեն իրենց երազանքներն ու իղձերը։

Հուսով ենք, որ անկախ հայերի թվաքանակից՝ դեռ երկար կանգուն կլինեն հայկական եկեղեցիները՝ հաստատելով հայ մարդու ներկայությունն ու շունչը Հնդկաստանում։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Հոգևոր-մշակութային


14/12/2023