ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Երբ սկսվեց մարտը, որն սկզբում դանդաղ էր ընթանում, Ռուբենն զգաց, որ ինքը չի կարող հենց այնպես կանգնած մնալ, որ անհրաժեշտ է մի բան անել, ինչ-որ կերպ գործել։ Սակայն անօգնական, շփոթմունքից կարծես կաթվածահար, կատաղի ցասումից լարված` չգիտեր, ինչպես թոթափեր լարվածությունը: Եվ սկսեց ամեն ինչի հանդեպ հակակրանք զգալ ու ատել ինքն իրեն` Սոմերսի նման ահռելի անասուն չլինելու համար: Աշխարհում քաղաքակրթություն չկար: Գերազանցությունը տրվում էր ահռելի ու բիրտ ուժին և ոչ թե հիմնված էր գործադրվող մեթոդի վրա:
Սոմերսը շատ հեշտ էր մարմնին համապատասխան ուժեղ ու ծանր հարվածներ հասցնում՝ զգալով իր ուժի ու չափսերի առավելությունը: Մրցակիցը ժամանակ առ ժամանակ զարմացնում էր ճարպիկ ու հաջողված հակահարվածներով, բայց դրանք բավականաչափ զորեղ չէին, որպեսզի լրջորեն անհանգստացնեին այդ հսկայամարմին ջահելին: Իսկ նա ծիծաղում և փնչացնում էր։
-Ես քեզ կյանքիդ ամենալավ ջարդն եմ տալու,- հայտարարեց նա։
-Սպանի՛ր նրան, Ռո՛յ,- առաջարկեց կինը,- մորթի՛ր նրան։
Ռուբեն Փոլը լցվեց անզոր կատաղությամբ։
-Այո՛, այո՛, իհարկե՛։ Այո՛, սա է ռասսաների որակը որոշելու իրենց միջոցը:
-Նա ի՞նչ ասաց,- իրենք իրենց հարց էին տալիս մանչուկները,- Գասպարը պարտվո՞ւմ է։
Եվ ձեռքներն իրար սեղմեցին` չիմանալով, ինչպես օգնել ընկերոջը: Երբ Սոմերսը հարված հասցրեց, ու դրա բարձր ձայնը վկայեց, թե որքան ուժգին էր այն, նրա ընկերներն ասացին.
-Ա՛յ, այդպես, Ռո՛յ: Ցո՛ւյց տուր նրան իր տեղը:
Ռուբենը չէր կարողանում խոսել, վրդովմունքն արտահայտելու բառեր չէր գտնում: Կյանքում առաջին անգամ ողջ էությամբ ուզում էր որոշակի մի բան անել, բացահայտ մի քայլ կատարել, որ միանգամայն անդառնալի կերպով վերջ կդներ այս հրեշավոր անարդարությանը, որն իր համար քաղաքակրթության ժխտումն էր, մարդկության պատմության հերքումը, նույնիսկ` կյանքի մերժումը: Եվ զայրանում էր ինքն իր վրա, որովհետև ցանկությունը կարող էր իրականացնել ոչ այլ կերպ, քան վայրենու պես մահակ թափահարելով և իջնելով կատաղի ու անբան գազանի մակարդակին:
Մանչուկները բարձրաձայն բղավում էին և երբեմն ուժից վեր համարելով ինքնատիրապետումը` համարժեք պատասխան էին տալիս կնոջ հայհոյախառն խոսքին։ Մի անգամ կինը հարձակվեց տղաների խմբի վրա` ցրելու նրանց, իսկ ավելի փոքրերն սկսեցին լաց լինել։
-Մենք թուրքերի պես ձեզ մորթելու ենք,- ասաց կինը,- դուք միայն նայեք: Մենք ձեզ կտոր-կտոր ենք անելու, այնպես, ինչպես թուրքերն արեցին:
Այս խոսքերը մխրճվեցին Գասպարի էության մեջ` կոտրելով սիրտը։ Թուրքերը դեռ ոչի՛նչ էին: Նրանք լավ էին: Նրանք իր հարևաններն ու եղբայրներն էին: Տղան թուրքերին չէր ատում: Նրան նողկանք էր պատճառում կնոջ ձայնի մեջ ինչ-որ տգեղ մի բան, այն գարշանքը, այլանդակությունը, որ այդ կինն առաջացնում էր երկրի երեսին: Եվ Գասպարն զգում էր, որ այդ բոլորը ծեծով նրանցից դուրս հանելն է միակ միջոցը, որը նրանք ընդունում կամ ընկալում էին: Եվ հուսահատվում էր այն մտքից, որ ինքը չափազանց փոքր է և չունի պահանջվող ուժն ու կշիռը` այդ գործը հարկ եղածին պես կատարելու համար:
Սոմերսը նրա վրա հարձակվեց կատաղի հաճույքով։ Գասպարի մի աչքից ու շրթունքներից արյուն էր հոսում, և շփոթ մտքերի մեջ թվում էր, թե ահա տիեզերքում է և հսկայական բարձրությունից ցած է գահավիժում, իսկ երկրագունդը անսահմանության վիհում սպասում է: Մեջը եղած ողջ ուժով մուրճի նման արագ հարված իջեցրեց, և երբ արյունը ֆշշաց հակառակորդի քթից ու շուրթերից, հույսով լցվեց. մե՛կ անգամ, միայն մե՛կ անգամ, Աստվա՛ծ:
Եվ հետո արդեն գահավիժել էր ներքև, անընդհատ իջել ու իջել, հասել մինչև հատակը. մեկ վայրկյանում անթիվ-անհամար անգամներ, նորից ու կրկին` ինքն իրեն ասելով. «Դո՛ւ, հիմարի՛ մեկը, տե՛ս, թե հիմա ի՛նչ ես արել: Դու նրան թույլ ես տվել քեզ գետնին տապալելու: Նրա՛ն»։
Ականջին հասան մանչուկների ձայները, որոնք իրեն հորդորում էին ոտքի կանգնել, տեսավ գլխավերևում կանգնած Սոմերսին` շնչակտուր, արնաշաղախ, պատառոտված վերնաշապիկով, հսկայական բռունցքները ամուր սեղմած սպասելիս։ Տղաները կարծես ասում էին.
-Նա հոգնած է, Գասպա՛ր։ Վե՛ր կաց, վե՛ր կաց։
Չնայած ոչինչ չէր տեսնում, բայց զգում էր` Ռուբենն էլ իր հետ արնահոսում է: Երբ դարձյալ լսեց կնոջ ձայնը, հասկացավ, որ թեպետ քիչ առաջ գետնին ընկած էր, հիմա արդեն ոտքի վրա է և հարվածում ու դիմադրում է հարվածներին, որոնք գնալով ավելի ցավեցնող էին դառնում։
Նորից էր ընկնում, և ականջների ցավն այնքան ուժգին էր, որ թվում էր` հայտնվել է տիեզերական հազարավոր պտույտների հորձանուտում` ծանր ու իրական, որ կարծես ինքը կարող էր ձեռքերով ձև տալ տիեզերքին, ինչպես կավին, եթե բավականաչափ ժամանակ ունենար: Նրա հակառակորդը այժմ կռվում էր ջանք չխնայելով, դժգոհ, որ այն, ինչ զվարճանք էր թվացել, արագ վերաճում էր տագնապալի ներկայացման՝ շնորհիվ այդ փոքր տղայի անսահման համառության։ Մի հարվածից հետո էլ անհասկանալի կերպով գետին ընկավ և անշարժացավ: Կինը բղավում էր թոքերի ողջ ուժով, տղաները հրճվանքի մեջ էին։ Դանդաղ ոտքի կանգնեց և հայհոյեց կնոջը, քանի որ այդ ամենը նրա պատճառով էր սկսվել:
Գասպարին թվում էր, թե կռիվը շատ վաղուց էր սկսվել և երբեք վերջ չի ունենալու: Երբևէ նա այդ կռվից բացի այլ բան չէր իմացել, չնայած փորձում էր իրեն համոզել, որ տասը-տասնհինգ րոպե է տևել: Սակայն դա անհնար էր: Սա ամեն ինչ էր, ամեն ինչ` սկիզբը, վերջը, հավերժությունը: Այնտեղ` ներքևում, զայրույթից բզզում էր թանձր տիեզերքը, իսկ իր գլուխը կապարի նման էր: Իրեն սպասում էր կարծր երկիրը։
Նա շատ անգամներ գետնին տապալվեց, և ամեն անգամ է՛լ ավելի էր բարկանում իր վրա, իսկ նպատակին հասնելու և դրա համար ամեն ինչ անելու ցանկությունն ավելի էր ուժգնանում, բայց առավել թուլանում էր ֆիզիկապես: Ամեն անգամ ոտքի կանգնելիս սեփական արյունն էր զգում, զգում էր ցավից տնքացող ոսկորները, իր իսկ որոտացող կյանքը։ Ասես դա ինքը չէր. «Ես նորից կփորձեմ, ես շարունակ ոտքի եմ կանգնելու»: Սպանվելն ուրախություն կլիներ, խելամիտ ու տեղին վախճան: Նրանք ծիծաղել էին, ծիծաղել էին ատելությամբ, և Արա Ջորջն ու նրա հետ` հին երկիրն էին արտասվել։ Ռուբենն արնահոսում էր նույն արտասովոր արյամբ: Տղաները` խաղողի հին որթատունկի այդ դալար, կանաչ ճյուղերը, նրան աղերսում էին շարունակել մարտը:
Նա նորից վեր կացավ և հուսահատորեն հեկեկալով` փորձեց արմատախիլ անել այդ ատելությունը, բայց ձեռքերը չէին շարժվում: Եթե միայն ինչ-որ տեղից կարողանար մի չնչին ուժ գտնել, եթե ցավից տնքացող միսն ու ոսկորը գոնե մի ակնթարթով ապաքինվեին, եթե միայն… բայց չէր կարող, չէր կարող, պարզապես չէր կարող վերականգնել ուժերը։ Օ՜, Հայաստա՛ն, օ՜, Հայաստա՛ն: Նա խոր հոգոց հանեց:
Սոմերսը ողջունեց կռիվը դադարեցնելու հնարավորությունը։
-Կռահում եմ, որ դու գրեթե ջարդուփշուր ես եղել,- ասաց նա:
Նա չափազանց թույլ և հոգնած էր, որպեսզի կարողանար խոսքերով նախկին չարությունն արտահայտել և հավանաբար այլևս ի զորու էլ չէր որևէ բան զգալ: Նրա ընկերներն այժմ հակված էին մնալ հանգիստ ու անխոս, մանչուկները նույնիսկ չէին լալիս, իսկ կինը, չգիտես ինչու, դողում էր…
Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Հոգևոր-մշակութային