Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

 

Այն աճում էր դանդաղ, տարածական շարժումներով մեկուսի կուտակվելով, առաջ մղվելով այն կետից, որտեղ մի ժամանակ ցած էր ընկել խուճապով։ Ցուցադրվում էր: Ամբողջ մարմնով: Զգում էր, որ արդեն իսկ բավական է իր ներկայությունը այնտեղ` ոռնացող դպրոցական տղաների շարքում: Ուղղակի չափից դուրս կլիներ նրանց նման գոռալ, իրեն ազատություն տալ, քանի որ հստակ գիտեր. հնարավոր չէր, որ նման որևէ արարք իր համար նշանակություն ունենար։ Նրանք վազում էին, իրար ոտք գցում, գոտեմարտում, հարվածում, խփում իրար դեմքի: Ինքն ամաչում էր: Վերջին օրերին նրանք կորցրել էին ամոթը: Նրանք հարվածում էին և ծիծաղում:

Բայց այն աճում էր, և ինքն սկսեց նախանձել: Ինչո՞ւ։ Ինչո՞ւ չվազվզել նրանց հետ: Ինչո՞ւ ձայնը գլուխը չգցել։ Ինչո՞ւ չմասնակցել անասնական զվարճությանը: Ինչո՞ւ: Դա մի մեծ բան չէր, իհարկե, բայց ինքը չէր կարող մշտապես հեռու մնալ` դիտելով կողքից, չէր կարող դարձյալ ներքուստ սպասել: Նրանք` շարժման մեջ գտնվող այդ տղաները, սկիզբն էին իրեն օտար, շփոթեցնող մի գաղափարի, իրենից դուրս ժայթքելու պատրաստ մի ծրագրի։ Դա իրական ֆիզիկական շարժում էր:

Նրանք հայհոյում, ծաղրում, անուն էին կպցնում` անճարակի մեկը` նկատի ունենալով վախեցածի, ամաչկոտի մեկը: Բայց ինքը վախեցած չէր: Ինքն ամաչում էր նրանց բռնած ուղուց, որովհետև չէին գիտակցում իրենց ապրած տարիները, անտեղյակ էին, որ կյանքի ողջ պատմությունն է ամփոփված իրենց մեջ։ Գոնե դա հասկանային ի սեր սեփական շահի: Այնպես, որ կարողանային մարդ լինել:

Բեյսբոլ ու ֆուտբոլ նա ստիպված էր խաղում: Հեշտ բան չէր, քանի որ չէր բացահայտել, թե որն է գնդակն օդում բռնելու իմաստը: Եվ չնայած իրեն ստիպում էր անել իր հնարավորություններից ավելին, սոսկ պատահմամբ էր երբեմն հաջողության հասնում: Դա իրեն այնքան էր զարմանալի թվում, որ գնդակն ուղիղ մյուս խաղացողին նետելու փոխարեն վայրենաբար շպրտում էր չափազանց բարձր կամ ցածր և բարկանում ու չարանում էր իր այդ հարվածի անճշտությունից։ Մականով հարվածելիս նրան մտահոգում էր ոչ թե վախը, թե գնդակը կարող էր ուժեղ, սաստիկ ցավոտ, հանկարծակի ցնցող հարված հասցնել իրեն, ինչպես հաճախ էր պատահում, այլ` որ ցանկություն ուներ այն հեռու-հեռու ուղարկել հաշվարկված, հզոր ու վարպետ հարվածով։ Այդ  պատճառով  վրիպում էր, իսկ մյուսները ծաղրում ու ծիծաղում էին: Ծնկները ծալվում էին, կրճտացնում էր ատամները` փորձելով հոգով ու մարմնով կենտրոնանալ: Բայց անօգուտ էր. ամեն անգամ վրիպում էր: Եվ եթե հաջողվում էր իրոք դիպչել գնդակին, դա լինում էր ակնթարթային հպում, այսինքն՝ խաղի կանոնների խախտում, որը շեշտակի փոխում էր հաշիվը։ Մի խոսքով, ուժերն էր իզուր վատնում:

Ոչ մի խումբ չէր ուզում նրան թիմի մեջ առնել. անգործունյա էր, լարված, անհուսալի, թիմակիցների վրա էլ վատ ազդեցություն էր թողնում:

Ֆուտբոլ խաղալիս քիչ էր շարժվում, կանգնում-մնում էր դաշտի մեջտեղում` շփոթված, նախանձելով մյուսների ճշգրիտ շարժումները: Իսկ եթե անգամ գնդակն արագ հայտնվում էր հենց ոտքերի առջև, նրա հարվածը, միևնույն է, արդյունք չէր տալիս` կա՛մ ոտքն էր գնդակից շատ հեռու մնում, կա՛մ թիմակիցների կատաղի գոռում-գոչյունից պարզվում էր, որ այն սխալ ուղղությամբ էր ուղարկել: Այդքան դանդաղաշարժ մեկ այլ տղայի ծաղրածուի տեղ կդնեին ու ծիծաղի առարկա կդարձնեին։ Միայն ո՛չ նրան: Ոչ ոք չէր կարող նրա վրա ծիծաղել. տեսքը շատ էր հանդիսավոր, շատ էր լուրջ: Իսկ այն աճում էր: Մենակ մնալիս ինքը հարվածում էր երևակայության մեջ` գիշերը կամ դպրոցական նստարանին նիրհելիս։ «Ես կհարվածեմ,- ասում էր ինքն իրեն,- ես կնետեմ»: Նա գաղափարն էր արհամարհում, իսկ գործելու հարկադրանքը տառապանք էր բերում: Տղաների դեմ ոչինչ չուներ, չնայած որ նրանք բավական անտանելի էին: Միայն տհաճություն էր զգում այդ մտքից, կշեռքին դրված արժեքներից, լավ ու վատի խեղաթյուրումից։ Եվ հանկարծ միանգամայն միտումնավոր ձեռնամարտի բռնվեց դպրոցի ամենակռվարար տղայի հետ, որի հետ ոչ ոք չէր ուզում գործ ունենալ: Դա ստուգում էր, փորձ: Ու թեպետ կարելի էր հեշտությամբ խուսափել, նա կռվի մեջ մտավ` վախեցնելով բոլորին: Ինքը չէր վախենում: Ոչ ոք նրան չէր վախեցնում: Սարսափելի չէին ո՛չ արյունոտ քիթը, ո՛չ աչքատակի կապույտ լապտերիկը։ Կռվում էր առանց հաշվարկի: Հարվածների մեծ մասը կատաղի էին, բայց առավել վատ էր, որ այն ժամանակ, երբ  հնարավոր եղավ բռունցքով ուժգին հարվածել, ինքը խույս տվեց, հրաժարվեց նոր հարված հասցնել հակառակորդի դեմքին: Իհարկե, ծեծ կերավ, բայց այդ գործում որոշակի օգուտը կար. սկիզբը դրված էր: Կարևոր չէր, որ դա բացարձակապես անիմաստ և անօգուտ էր: Անտարակույս, այդպես էլ կար, բայց սկսածը շարունակեց: Նա վազում էր մյուս տղաների հետ, բղավում, դեսուդեն ընկնում, գոտեմարտում, միանում նրանց խմբերին:

Գաղափարը շարունակ շարժման մեջ լինելն էր: Վերջը էական չէր: Շարժվել: Մշտապես: Ամեն վայրկյան և առանց դադար առնելու: Մի տեղից մյուսը, անդադար: Ո՛չ մի մտորում կամ խորհրդածություն: Անցյալի ո՛չ մի վերլուծություն: Ո՛չ մի հիմնավորում:

Նա անցավ այդ ամենի միջով և տասնյոթ տարեկանում դարձավ միջնակարգ դպրոցի ֆուտբոլի թիմի անդամ: Չնայած փոքրամարմին լինելուն` շատ ճկուն էր և կարող էր բաց դաշտում գնդակը երկար ժամանակ վարել: Խաղը սիրում էր, սակայն լուրջ չէր ընդունում, չէր պայքարում: Դա ընդամենը խաղ էր, սպորտ: Երկրպագուները մեկ-երկու տարի անց հանգիստ կնստեին իրենց տներում կամ գրասենյակներում: Եթե ինքն իրեն լարում էր որևէ նպատակի հասնելու համար, ապա հասկանում էր, որ իր ձգտման ուժգնությունը ձախողում էր իր իսկ նպատակը: Այնքան էր խճճվում, որ այլևս չէր կարողանում ուրախանալ և չէր հաջողվում զսպել ատելությունը հակառակորդ թիմի հանդեպ։ Եվ դա, իհարկե, հիմարություն էր։

Հարևան մանչուկների համար հեղինակություն էր, և իրեն դուր էր գալիս այդ տղաներին բռնցքամարտ ու գոտեմարտ սովորեցնելը: Երբ որևէ մեկի պահվածքում լրջություն կամ զայրույթ էր նկատում, կռիվը դադարեցնում էր.

-Հիմա լսի՛ր,- ասում էր նա,- դու չպետք է նրան ատես: Սա սպորտ է: Դու քեզ պետք է ճիշտ պահես:

Նա հավատում էր, որ եթե հաջողվեր տղաներին բռնցքամարտ սովորեցնել՝ առանց դաժան դարձնելու, ապա նրանք ավելի հեշտ կապրեին: Համոզված էր, որ հենց անձնական վերաբերմունքն էր պատճառը, որ ինքն ընկավ մի շարք ապուշ պատմությունների մեջ: Եվ հետևանքը զանազան  վայրագությունները եղան:

Մի երեկո, երբ նա և Ռուբեն Փոլը իրենց տան շքամուտքին նստած զրուցում էին, վազելով և աղմուկ-աղաղակով նրանց մոտեցավ տղաների յոթ-ութ հոգանոց մի խումբ: Տղաներին նվաստացրել էին. Ռոյ Սոմերսը, որը բռնցքամարտել էր Ամերիկյան Լեգեոնի ռինգում, վիրավորել էր նրանց:

– Նա մեզ կեղտոտ հայեր անվանեց,- ասաց Արա Ջորջը` ութ տարեկան մի մանչուկ և սկսեց դողալ ու լաց լինել։

– Զռռոցիդ վե՛րջ տուր,- սաստեց տարիքով ավելի մեծ մի ուրիշ տղա,- Գասպարը նրան ցույց կտա: Գասպարը նրան կստիպի խոսքերը հետ վերցնել։

-Այո՛,- ասաց մյուսը,- դու չպետք է լաց լինես: Ռուբեն Փոլի կարծիքով՝ այդ ամենը զվարճալի էր։

-Հենց այդպես էլ ասա՞ց: Մենք կեղտո՞տ ենք, իսկապե՞ս։ Լավ: Դուք նրան ասացի՞ք, որ նույնքան մաքուր եք, որքան ինքը։ Ասացի՞ք, որ շաբաթը մեկ դուք նույնպես լողանում եք, ինչպես ինքը:

-Հարցն այդ չէ,- ասաց մեկ ուրիշ տղա` փորձելով արդարացնել իրենց նվաստացումը:

Գասպարը չծիծաղեց Ռուբենի դատողությունների վրա: Հարկավ, զվարճալի ու անհեթեթ կլիներ բանի տեղ դնել այնպիսի մի գռեհիկ ու հիմար տղայի ասածները, ինչպիսին Ռոյ Սոմերսն է, բայց Արա Ջորջի ողբը խորապես խոցում էր նրա սիրտը: Թեև տղան չէր կարողանում խոսել սեփական լեզվով, ներսում գլուխ էր բարձրացնում հին վիշտը` միանալով ստոր ատելությունից ծնված վիրավորանքին:

-Որտե՞ղ է Սոմերսը,- հարցրեց նա:

Ռուբենն անհամբեր նկատեց.

-Մենք գիտենք, որ մեզ ատում են, հետո՞ ինչ:

Տղաներն ասացին, որ Սոմերսը Գասպարին սպասում է փողոցի մյուս կողմում` «Կալիֆորնիա» խաղադաշտից քիչ հեռու գտնվող մի լքված շինությունում: Նրանք ավելացրին, որ երկու երիտասարդ և մի կին նրա հետ լուռ ու հանդիսավոր կանգնած սպասում են` տեսնելու, թե արդյոք Գասպարը կգա՞ տղաների հետ։

Երբ նրանք սկսեցին Սան Բենիթո պողոտայով բարձրանալ դեպի խաղադաշտ, Արա Ջորջը, շարունակելով հեկեկալ, գնաց տուն: Նա սարսափած էր և չէր ուզում տեսնել, թե ինչ է լինելու։

-Մի խումբ հուզված երեխաների պատճառով դու հերթական հիմար գլխացավանքի մեջ ես ընկնելու,- պնդեց Ռուբենը: – Հաստա՛տ,- ասաց Գասպարը,- և համոզված եմ` լավ ծեծ եմ ուտելու։

Երբ հասան դատարկ շինությանը, Սոմերսը, նրա ընկերներն ու կինը խմում էին` շշերը բերաններին: Կինը անվայել մի բան ասաց, և մանչուկները բացականչեցին.

-Տեսար, չէ՞, Գասպա՛ր։

Ռուբենը տղաներին խնդրեց մնալ դրսում և անուններ չկպցնել: Երբ տեսավ, թե նրանք ինչպես են ենթարկվում, որքան վիրավորված են, այդ հնազանդությունը մեջը զզվանք առաջացրեց, և նա գլուխը կորցրեց, քանի որ անհնար էր նման իրավիճակում որևէ խելամիտ բան անել: Նա բռնեց Գասպարի թևը և պնդեց, որ նրա փոխարեն ինքը կռվի։

-Դու սրանից հեռու մնա,- ասաց նա (Գասպարը)։

Ռուբենը կյանքում երբևէ չէր կռվել, լեզվակռվում նա կարող էր հաջողություն ունենալ, բայց բռնցքամարտում` ոչ:

-Դու հուզված ես,- ասաց Գասպարը,- դու նրան ատում ես:

Սոմերսը զարմանք կտրած նայում էր հակառակորդին և անհամբեր սպասում, թե ինչ հիասքանչ տպավորություն է գործելու իր ընկերուհու վրա։

-Հապա նայիր, թե ում են բերել, որ ինձ ծեծի,- ասաց նա՝ զվարճացնելով ընկերներին, որոնք փռթկացին և քթների տակ ծիծաղեցին։ Հետո նա պարծեցավ, թե կկռվի միայն աջ ձեռքով, քանի որ դիմացինը անկարևոր մարդ է, և մյուս ձեռքն օգտագործելու կարիք չի զգացվի։ Բայց հակառակորդը  հանդարտորեն մերժեց նման առավելություն ունենալու հնարավորությունը, և հուրախություն մյուս կողմի` բաճկոնները հանվեցին ու վերնաշապիկների թևքերը վեր քշտվեցին։

Շարունակելի

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Հոգևոր-մշակութային


04/09/2023