Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՈՒ



ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՈՒԾանուցագրում նշված օրը և ժամին զինակոչիկները ներկայացել են տարածքային ստորաբաժանում։ Բանակ զորակոչվելու իրենց ժամանակն է։

– Շատ հպարտ եմ, որ գնում եմ հայրենիքիս ծառայելու,- ասում է զինակոչիկ Խաչիկ Խաչատրյանը:

– Եթե առողջ տղամարդ ես, ուրեմն պիտի ծառայես, պարտքդ կատարես: Մանավանդ հիմա հայրենիքը առավել քան մեր կարիքն ունի,- ասում է զինակոչիկ Գրիգոր Հարությունյանը:

Ահա այսպես, տղամարդավարի ու հայրենասիրությամբ տոգորված են մեր տղաները մեկնում ծառայության: Նրանց խոսքը ոգևորող է, հուսադրող, ինչից հոգիդ թունդ է լինում, քեզ ավելի հպարտ և ուժեղ ես զգում:

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՈՒԶորակոչային ընթացակարգը նույնն է։ Նախ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն ու սպաները ևս մեկ անգամ ստուգում են տղաների անձնական գործերը։ Պատկերն ամբողջացնում են հավելյալ ճշգրտող հարցերը՝ զինակոչիկների առողջական գանգատների կամ այլ խնդիրների վերաբերյալ, որից հետո անձնական գործը ավարտուն տեսքով հանձնվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարին: Այսքանը՝ ներսում։ Բակում բոլորին ծանոթ զորակոչային տրամադրությունն է տիրում, իսկական եռուզեռ: Հուզմունք, հպարտություն, գրկախառնություն, փոքր-ինչ թաց աչքերով ժպիտներ, այս ու այն կողմից զինակոչիկների հարազատներից և ընկերներից լսվող խորհուրդներ և հորդորներ ։

– Իմ որդուն այնպես եմ դաստիարակել, որ հայրենիքին պիտանի զինվոր լինի և ամենակարևոր խորհուրդս՝ լսի վերադասին, կատարի հրամանատարների բոլոր հրամանները,- ասում է Խաչիկի հայրը՝ Սարգիս Խաչատրյանը:

– Իմ ամենակարևոր խորհուրդն էլ՝ ոչ մի բանից չվախենան, լինեն վստահ իրենց ուժերի հանդեպ,- ասում է զինակոչիկի ծնող Գեղամ Հարությունյանը:

Զորակոչային օրվա յուրաքանչյուր ակնթարթ իր մեջ ամփոփում է բոլորի շուրթերից հնչող մաղթանքը՝ խաղաղության ու տունդարձի սպասումով և այն գիտակցումը, որ հայրենիքն էլ մեր մեծ ընտանիքն է, որը պետք է պաշտպանել ու զորացնել։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՈՒ– Տղայի կյանքում ծառայությունը մի կարևոր փուլ է, որ նա պարտադիր պետք է անցնի: Թող մեր հայրենիքը հզոր լինի և խաղաղ, մենք էլ այսպես հպարտ մեր որդիներին ճանապարհենք բանակ և այդպես էլ դիմավորենք,- ասում է զինակոչիկի մայր Մարիամ Ֆենդյանը:

– Մեր երկրին պետք են առողջ, խիզախ և ուժեղ զինվորներ: Ամենակարևորը խաղաղություն լինի և մեր երեխաներն էլ առողջ վերադառնան,- շարունակում է Աիդա Գալստյանը:

-Շատ լավ են ծառայելու, չեմ էլ կասկածում: Միայն խաղաղություն եմ մաղթում: Աստված իրենց հետ,- մյուս զինակոչիկի ծնողն է՝ Աննա Աբելյանը:

-Ես էլ շատ հպարտ եմ, որ որդիս գնում է մեր հայրենիքին ծառայելու,- անթաքույց հուզմունքով ասում է Մհեր Մանուկյանի մայրը՝ Հասմիկ Բարսեղյանն ու ամուր փաթաթվում որդուն՝ փորձելով թաքցնել արցունքները:

Զորակոչվողների շարքում քիչ չեն նաև եզդի համայնքի ներկայացուցիչները, որոնք նույնպես պատրաստ են անմնացորդ նվիրումով պաշտպանելու այն երկիրը որտեղ ծնվել, հասակ են առել:

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԾԱՌԱՅԵԼՈՒ-Սաղս էլ պետքա ծառայենք: Ես դեռ փոքրուց եմ տրամադրվել, որ հենց տարիքս լրանա, գնամ ծառայեմ: Այստեղ ծնվել, այստեղ մեծացել եմ, այստեղ էլ պիտի ծառայեմ: Տրամադրված եմ մարտական,- վստահեցնում է զինակոչիկ Քյարամ Շարոյանը:

– Ես ուղղակի հպարտ եմ, որ այսպիսի տղա ունեմ: Քաջ, բնավորությամբ ուժեղ, կայուն, խոսքի տեր… Իսկական տղեն պիտի ծառայի: Առողջ գնան, առողջ վերադառնան: Սա է իմ մայրական մաղթանքը,- հավելում է մայրը՝ Իրինա Շարոյանը:

Օրվա խորհուրդն ու բարեմաղթանքներն էլ ամփոփում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Զորակոչիկները ստանում են օրհնված աղոթագրքերը և փոքրիկ ծանրոցներ, որին էլ հաջորդում է հրաժեշտի պահը։ Անուն-ազգանունները լսելուն պես տղաները ներկայանում են և բարձրանում ավտոբուս։ Հաջորդ կանգառը կլինի կենտրոնական հավաքակայանում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/07/2023